Ամբողջատիրական պետություն

17 Նոյեմբերի 2015

Ժամանակակից իրավաքաղաքական փիլիսոփայության ոլորտը և՛ մեզանում, և՛ արևմտյան երկրներում գերհագեցած է ամբողջատիրական պետության տեսության ու պրակտիկայի վերլուծությամբ և դրա քննադատությամբ, ինչը  սակայն իրականացվում է «սառը պատերազմի» հոգեբանությամբ և բուրժուական  անբարեխիղճ քարոզչությամբ։

Քննարկվող հարցին մակերեսային և քարոզչական բնույթի մեկնաբանություն է տալիս նաև 1997 թ․ Մոսկվայում հրատարակված «Փիլիսոփայական հանրագիտարանային բառարանը»։ Ըստ այդ բառարանի․ «Ամբողջատիրական բնույթ են կրում աբսոլյուտիստական (անսահմանափակ), բոնապարտիստական, ֆաշիստական, սոցիալիստական վարչակարգերը։ Նրանց յուրահատուկ է բոլոր լեգալ կազմակերպությունների պետականացումը, իշխանությունների լիազորությունների անսահմանափակությունը, ժողովրդավարական ինստիտուտների արգելակումը, մարդկանց իրավունքների և ազատությունների վերացումը, իբրև կանոն՝ միակուսակցական համակարգերի առկայությունը, տնտեսության ռազմականացումը, բռնություններն ընդդիմության և այլախոհների նկատմամբ» (Философский энциклопедический словарь, Москва, 1997, ст. 458 ,,Томалитаризм,,)։

Բառարանում թվարկած հատկանիշներն ամենևին չեն վերաբերում սոցիալիստական վարչակարգերին, դրանց հասցեատերը, իրավամբ, գերմանական նացիոնալ-սոցիալիզմն է՝ իր ռասսայական, գերմանական ազգի բացառիկության, աշխարհում նրա գերիշխանության հաստատման ցնորաբանական հայացքներով։ Ի գիտություն այս կարգի փիլիսոփաների ու քաղաքագետների, ԽՍՀՄ 1936 թ․ և 1977 թ․ սահմանադրությունները շատ ավելի ժողովրդավարական էին, շատ ավելի մեծ ազատություններ և իրավունքներ էին շնորհում երկրի ժողովուրդներին, քան այսօրվա հետխորհրդային տարածքի երկրների սահմանադրությունները։

Ինչ վերաբերում է բոնապարտիզմին, ապա ըստ տվյալ բառի մեկնաբանության, բոնապարտիզմը Ֆրանսիայի պետական իշխանության հատկանիշներն էին և մեթոդները Նապոլեոն Բոնապարտի և Լուի Բոնապարտի ժամանակաշրջանում։ Սակայն ինչպե՞ս կարող էր Նապոլեոն Բոնապարտի իշխանությունը լինել ամբողջատիրական, երբ աշխարհի լավագույն օրենսգրքերը (քաղաքացիական, առևտրային, քրեական, քրեական-դատաիրավական) ընդունվեցին հենց այդ ժամանակաշրջանի Ֆրանսիայում և դարձան լավագույն նմուշօրինակ՝ Եվրոպայի և աշխարհի շատ երկրների համար։ Ինչ վերաբերում է «տնտեսության ռազմականացմանը», ապա դա ամենից շատ վերաբերում է ԱՄՆ-ին, նրա ստեղծած ՆԱՏՕ-ին և նրանց զավթողական գործողություններին ողջ աշխարհում (Աֆղանստան, Իրաք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր և Միջին Արևելք, Հարավսլավիա, Լատինական Ամերիկա և այլն)։

Միակուսակցականությունը ևս բնորոշ չէ սոցիալիստական երկրներին։ 1917 թ․ սոցիալիստական հեղափոխությունից հետո Ռուսաստանում, կոմունիստները սերտորեն համագործակցում էին ձախ էսեռների հետ, բայց բոլշևիկների մեղքը չէր, որ նրանք դավեցին կոմունիստներին, իսկ նրանց ղեկավար մարմնի ներկայացուցիչ Կապլանը 1918 թ․ երկու թունավոր գնդակ արձակեց հեղափոխության առաջնորդ Վ․Լենինի վրա։ Դրան հետևեց ձախ էսեռների խռովությունը Մոսկվայում, ինչն անհնարին դարձրեց հետագա համագործակցությունը նրանց հետ։ Սոցիալիստական բլոկի մեջ մտնող Եվրոպայի և Ասիայի սոցիալիստական երկրների վերաբերյալ պետք է ասել, որ դրանք բոլորն էլ բազմակուսակցական էին։

Ինչ վերաբերում է այլախոհների նկատմամբ բռնություններին, ապա կյանքը հետագայում ցույց տվեց, որ դրանք չնչին բացառությամբ, ամերիկյան հետախուզությունից սնվող ու հովանավորվող հայրենադավերն էին, որոնք էլ արագացրին ԽՍՀՄ-ի փլուզումը։

Հապա ո՞ւր մնաց սոցիալիստական երկրների ամբողջատիրությունը։ ԽՍՀՄ-ում ամբողջատիրական ռեժիմը գոյություն է ունեցել միմիայն 20-րդ դարի 30-40-ական թվականներին՝ կապված Ի․Ստալինի անձի պաշտամունքի և ստալինյան բռնությունների հետ, որի ժամանակաշրջանում ստալինյան կամայականության զոհ դարձան նրա բոլոր քաղաքական հակառակորդները, կուսակցության «Լենինյան գվարդիայի» գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև բազմաթիվ մտավորականներ, գիտության, արվեստի, գրականության խոշոր ներկայացուցիչներ, ռազմական և տնտեսական անվանի գործիչներ։ Ի․ Ստալինի անձի պաշտամունքից առաջ և հետո ԽՍՀՄ-ը չի եղել ամբողջատիրական պետություն։ Դա «սառը պատերազմի», ամերիկյան քարոզչության հնարքն է, որը մեր օրերում ստորաքարշորեն կրկնում են կաիտալիստական հովերով տարված շատ գիտնականներ, մակերեսորեն դատող մտավորականներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Ամբողջատիրական» պետության հայեցակարգը սովորաբար վերագրվում է Գերմանիայում ծնված, հետագայում ԱՄՆ տեղափոխված փիլիսոփա և քաղաքագետ Հաննա Արենդտին։

Իրականում այդ գաղափարն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել իտալական ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինին՝ իր «Ֆաշիզմի վարդապետությունը» աշխատությամբ։ Նշենք, որ Մուսոլինին մինչ Առաջին համաշխարհային պատերազմը սոցիալիստ էր, սակայն վտարվել էր այդ կուսակցության շարքերից՝ իր ծայրահեղ ձախ հայացքների պատճառով։ 1919 թ․ նա հիմնեց իր ֆաշիստական կուսակցությունը, իսկ 1922 թ․ իրականացրեց պետական հեղաշրջում և երկրում հաստատեց ֆաշիստական դիկտատուրա։ 1933 թ․ ֆաշիստական ավելի դաժան դիկտատուրա հաստատվեց Գերմանիայում, և Մուսոլինին գոհունակությամբ գերմանական ֆաշիզմի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ պայմանագիր կնքեց՝ քաղաքական և ռազմական դաշինք ստեղծելու վերաբերյալ։

Ո՞րն էր Մուսոլինիի գերագույն նպատակը։ Ոչ ավել, ոչ պակաս՝ քան բռնի ուժով հռոմեական կայսրության վերականգնումը։ Նրա նախաձեռնությամբ Իտալիան 1936 թ․ գրավեց Եթովպիան, իսկ 1939 թ․՝ Ալբանիան։

Մուսոլինին ֆաշիզմի ուսմունքի հիմնադրույթները շարադրեց 1932 թ․ գրած «Ֆաշիզմի վարդապետությունը» աշխատությունում։ Ըստ նրա կարծիքի, ֆաշիզմը կարիք ունի ակտիվ մարդու, ով գործողության մեջ կներդնի իր ողջ էներգիան, և պատրաստ է հաղթահարելու իրեն սպառնացող բոլոր դժվարությունները։ Մարդը պետք է հասկանա, որ կյանքը պայքար է, և դրան պետք է միշտ պատրաստ լինի։ Այդ պահանջը ներկայացվում է ոչ միայն անհատներին, այլև ազգին ու մարդկությանը։ Ֆաշիզմը հակադրվում է դասական լիբերալիզմին այն բանի համար, որ անհատը վեր է դասվում պետությունից։ Ֆաշիզմն, ի հակադրություն դրան, ընդգծում է պետության իրավունքներն՝ իբրև անհատի իսկական էության արտահայտչի։ Պետության ֆաշիստական հայեցակարգը համընդգրկուն է, նրանից դուրս գոյություն չունեն ոչ մարդկային, ոչ հոգևոր արժեքներ։ Ֆաշիզմն ամբողջատիրական է։ Ֆաշիստական պետությունը հանդիսանում է «սինթեզ և միավորում», որն իր մեջ է ներառում բոլոր արժեքները, ուժ է տալիս ժողովրդին, արագացնում նրա կյանքը։

Պետությունից դուրս չկա անհատ, չկան խմբեր (կուսակցություններ, մշակութային կազմակերպություններ, տնտեսական միություններ, սոցիալական դասակարգեր)։

Ֆաշիզմը, ըստ Մուսոլինիի, հակադրվում է նաև սոցիալիզմին, որը չի ընդունում պետության մեջ դասակարգերի միաձուլումը, նա պատմության մեջ ոչ մի բան չի տեսնում, բացի դասակարգային պայքարից։ Ֆաշիզմը հակադրվում է նաև կոմունիստական գաղափարախոսությանը, մարքսիստական գիտական կոմունիզմին, պատմության մատերիալիստական ըմբռնմանը։

Այսպիսով, ըստ Մուսոլինիի, ֆաշիզմի, սոցիալիզմի և կոմունիզմի միջև չկա ոչ մի ընդհանրություն, նրանց միջև գոյություն ունի միայն թշնամանք և փոխադարձ անհանդուրժողականություն։

Ամբողջատիրական պետության հայեցակարգը գիտականորեն մշակել և բազմակողմանիորեն հիմնավորել է լայնորեն ճանաչված քաղաքականության փիլիսոփա Հաննան Արենդտը։ Նա 1951 թ․ լույս է ընծայում «Ամբողջատիրության ակունքները» աշխատությունը։ Գրքում մանրամասնորեն հետազոտվում են ամբողջատիրական շարժումների առաջացումը Արևմտյան Եվրոպայում։ Դրանք հնարավոր են ամենուր, որտեղ կան զանգվածներ, որոնց հնարավոր չէ միավորել որևէ կազմակերպության մեջ, ըստ իրենց շահերի և հետաքրքրությունների (ասենք՝ քաղաքական կուսակցությունների կամ արհեստակցական կազմակերպությունների մեջ)։ Պատճառն այն է, որ այդ զանգվածները շատ են մեծ, և քաղաքականապես՝ անտարբեր։ Այդ զանգվածների մեջ են մտնում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամեն ինչից դժգոհ, գործազուրկ և հուսահատված մարդիկ։

20-րդ դարի սկզբին այդ շարժումները հակադրվեցին կաուսակցական համակարգերին և քաղաքականապես չեզոք և անտարբեր զանգվածները ժողովրդավարական երկրներում հեշտությամբ դարձան մեծամասնություն և սկսեցին պառլամենտներում թելադրել իրենց կամքը։ Այդ զանգվածների առաջնորդներն աճել և վեր են խոյացել անկազմակերպ ամբոխից (Ադոլֆ Հիտլեր) կամ խռովարար հեղափոխականներից (Իոսիֆ Ստալին)։

Արենդտն ամբողջատիրական պետություն էր համարում Գերմանիան՝ նրա ազգային-սոցիալիստական, ֆաշիստական գաղափարախոսության ժամանակաշրջանում և Խորհրդային Միությունը՝ ստալինյան բռնապետության հաստատման տարիներին։ Դա, ինչպես մեզանում ընդունված է ասել, Ի․ Ստալինի անձի պաշտամունքի հաստատման տարիներին էր՝ 30-40-ական թթ․, որ նշանավորվեց բազմապիսի բռնություններով ընդդեմ Ի․Ստալինի քաղաքական հակառակորդների, ինչպես նաև առանձին ազգությունների, գիտության, մշակույթի, արվեստի, ռազմական գործի շատ ներկայացուցիչների։

Արենդտը Վ․Լենինի ժամանակաշրջանն ամբողջատիրական չի համարում։ Նա ընդգծում է, որ ազատությունն, իբրև քաղաքական կյանքի նմուշ, ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ մարդիկ իրենց նվիրում են ընդհանուր բարիքի ստեղծման։

Դա տեղի է ունեցել հին հունական պոլիսներում, ԱՄՆ-ի անկախության համար պայքարող նահանգների քաղաքային համայնքներում և Խորհրդային Ռուսաստանում՝ նորաստեղծ խորհուրդների ժամանակաշրջանում, մինչև նրանց բյուրոկրատական վերափոխումը  Ստալինի բռնապետության տարիներին։

Հ․Արենդտը վկայակոչելով Լենինին, նշում է, որ ոչ մի տեղում այդպիսի հեշտությամբ քաղաքական իշխանություն ձեռք չի բերվել, ինչպես Ռուսաստանում և ոչ մի տեղում այն չի պաշտպանվել այնպիսի դժվարությամբ, ինչպես Ռուսաստանում։

Լենինը հետևելով մեծ պետական գործչի ներըմբռնողությանը, ձեռնարկում էր սոցիալական, ազգային, կազմակերպչական և քաղաքական միջոցառումներ, որպեսզի փրկի հեղափոխությունը։ Դրանից ամենանշանավորը նրա նոր տնտեսական քաղաքականությունն էր՝ ՆԷՊ-ը։

Վ․ Լենինի հեղափոխական դիկտատուրան Ի․Ստալինը վերափոխեց ամբողջատիրական կառավարման համակարգի։ Նրա ջանքերով գերագույն իշխանությունը սովետներից անցավ կուսակցական բյուրոկրատիային։

Ի․Ստալինի անձի պաշտամունքը դատապարտվեց ԽՍՀՄ կոմկուսի 20-րդ համագումարում, 1956 թ․։               

ԽՍՀՄ-ում մշակվեցին և իրականացվեցին մի շարք միջոցառումներ՝ անհիմն մեղադրված անձանց արդարացման, պատժիչ մարմինների իրավասությունների կրճատման, երկրում օրենքի և օրինականության հաստատման, կառավարման ոլորտում խորհրդային մարմինների դերի և պատասխանատվության բարձրացման ուղղությամբ։ Այդ ժամանակաշրջանում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը թեպետ ավտորիտար էր, սակայն ամբողջատիրական չէր։

ՌԴ քաղաքականության փիլիսոփա, մեր հայրենակից Իվան Արշակի Գոբոզովն անդրադառնալով ամբողջատիրական պետության հայեցակարգին, հարկ չի համարել վերլուծել այդ հասկացությունը, համարելով, որ այն կրում է միայն գաղափարախոսական ծանրաբեռնվածություն։ Եթե ամբողջատիրություն ասելով հասկանում ենք անձնավորության ենթակայությունը պետությանը, անձնական շահերի ենթակայությունն ընդհանուր շահերին, ապա պետությունը հենց նրա համար է կոչվում պետություն, որ նա ամենից առաջ պաշտպանում է ընդհանուր շահերը՝ դասակարգային, պետական և այլն, ապա նոր՝ մասնավոր և անձնական շահերը։ Այդ է ցույց տալիս ողջ համաշխարհային պատմությունը։  Նրա կարծիքով, իսկական ամբողջատիրական հասարակություն է հենց բուրժուական հասարակությունը, քանզի նրանում ամեն ինչ ծառայում է շահույթի ստացմանը, ամեն ինչ վաճառվում է և գնվում։ Փողի համապարփակ գերիշխանությունն այլ բան չէ, քան ամբողջատիրություն։

Ի․Գոբոզովի կարծիքով, ժամանակակից աշխարհում գոյություն ունի պետական կառավարման երկու ձև՝ ժողովրդավարություն և դիկտատուրա (գերիշխանություն)։ Դրանք երկուսն էլ ընտրովի են։ Դրանցից ո՞րն է նախընտրելին։ Առաջին հայացքից՝ ժողովրդավարությունը, քանզի այս պարագայում մարդն ազատ է, օրենքով պաշտպանված։ Քաղաքական առումով, երբ երկիրը գտնվում է պատերազմի կամ այլ ծայրահեղ իրավիճակում, ժողովրդավարական մեթոդները կարող են հանգեցնել պետության խորտակմանը և միլիոնավոր մարդկանց զոհաբերությանը։ Ուստի, այն պետք է կրի դիկտատորական բնույթ։ Յուրաքանչյուր պարագայում նախընտրելի է կառավարման այն ձևը, որը տվյալ կոնկրետ պայմաններում նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը, հասարակության կայունացմանը, նախադրյալներ է ստեղծում մարդու ֆիզիկական և հոգևոր զարգացման համար, երաշխավորում է նրա ամենակարևոր իրավունքները՝ աշխատանքի իրավունք, կրթության իրավունք, բնակարանի իրավունք, անվճար առողջապահության և այլն։

 

Սարգիս Խաչատրյան

Հասարակական-քաղաքական գործիչ, իրավագետ, իրավունքի փիլիսոփա    

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ