Երախտամոռ քաղքենու մի տխուր պատասխանի առիթով

08 Նոյեմբերի 2015

Ես հարց եմ տալիս հիմա ինձ հաճախ,

Նայելով ոմանց փառավոր դնչին,

Թե ինչու է դարն այսքան վիթխարի,

Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին։

ԵՉարենց

Տարիներ առաջ «Ազգ» օրաթերթի մշակութային ներդիրում ես կարդացի «Մի տխուր նամակի առիթով» հոդվածը։ Հեղինակ Երվանդ «Յուրի» Տեր-Խաչատրյանը «Ես համաձայն չեմ ձեզ հետ, հարգելի Հակոբ Հակոբյան» հոդվածի հեղինակ Ժանետա Հակոբյանի հարցադրումների հետ չհամաձայնվելով, հեգնում է․ «Կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը․․․ և այլն, և այլն արտահայտում է։ Ալլահ, ալլահ․․․»։ Հոդվածի հեղինակը ցինիկ հոգեխախտի պես իր արհամարհանքը չզսպելով, այն համեմում է հինգ տառանոց թուրքական բառով և լինելով հոգևորականի ժառանգորդ, փորձում է վարկաբեկել Ստեփան Շահումյանին։

20-րդ դարի ամենամեծ իրադարձությունը հզոր կոմունիստական շարժումն էր, որը ցնցեց հողագունդը, հիմք դրեց ազգային ազատագրական շարժումներին, քայքայեց և փլուզեց գաղութային համակարգն ամբողջ աշխարհում։ Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի գաղութ Աֆրիկայում սկսվեց ազգային ազատագրական զարթոնք, հզոր Բրիտանիայի կայսրությունում, որտեղ արևը մայր չէր մտնում, քայքայվեց և նրանից առանձնացավ Հնդկաստանը, ինքնորոշվեցին գաղութային շատ ժողովուրդներ, ՄԱԿ-ի համակարգի 53 պետության թիվը հասավ 195-ի։ Այդ շարժման ակունքում կանգնած էին Լենինը, Շահումյանը, ժողովուրդների բազում պանծալի զավակներ։ Մինչդեռ հոդվածագիրը աքլորային դիլետանտի պես նշում է․ «Աշխարհը մերժեց բոլշևիզմը»։ Այնուհետև հեղինակը Ժանետա Հակոբյանին խորհուրդ է տալիս կարդալ Գեորգի Խանիմիզուրիի «Հավասարում 26 հայտնիներով» գիրքը, որն իսլամի գաղափարներով հորինված մտազառանցանքների աղբակույտ է՝ լեցուն ստի և պատմական փաստերի կեղծիքներով։ Այդ գիրքը հոդվածագրի էությունն է, գաղափարը, դավանանքը և քարոզչական «դավթարը»։

Պարոն հոդվածագիր, մթագնած ուղեղդ պայծառացնելու համար դու պետք է կարդաս մեր պետական այրերից Հովհաննես Քաջազնունու 1924 թ․ հրապարակած «Բաց նամակ Z-ին․ Թուրքիա, թե Ռուսիա» հոդվածը, որտեղ նշում է․ «Ծայրահեղ հիմարություն է կամ ոճրային կեղծիք ասելը, թե՝ ուզում եմ տապալել բոլշևիկյան Հայաստանը, որպեսզի տեղը կառուցեմ հայկական Հայաստան, ուզում եմ ազատագրվել ռուսների լծից, որպեսզի Թուրքիայի օգնությամբ ու թուրքերի հովանիին տակ ապահովեմ Հայաստանի ազատ ու անկախ գոյությունը։ - Դաշնակցական պետական գործիչը շարունակում է, - Հայաստանի միակ օրիենթացինը Ռուսաստանն է, Հայաստանը կարող է ապրել միմիայն Ռուսաստանին կառչած, ուրիշ քաղաքական հենարան չունի նա։ Այս գիտակցությունն է, որ պետք է խորացնել և ամրացնել հայ մարդու մտքին մեջ։ Մտքերին ուրիշ ուղղություն տալու ամեն մի փորձ վնասակար է, որովհետև ճեղքվածք է մտցնելու հավաքական կամքի մեջ, կաշկանդելու է կամ թուլացնելու է գործելու կարողությունը։ Խորհրդային Հայաստանը՝ սա մեր ներկան է ու սա է մեր ապագայի հույսը։ Սրա շուրջը պետք է խմբվեն հայ ազգի բոլոր կենդանի ուժերը, սա պետք է լինի մեր սիրո ու գուրգուրանքի առարկան, մանավանդ աշխատանքային վայրը։ Ամեն մի հայ հայրենասերի առաջին ու ամենամեծ պարտականությունն է՝ ամրացնել ամեն կերպ Հայաստանը, ոչ թե միանալ նրա դեմ՝ դավադիրների հետ»։

Շարունակելով իր անհեթեթությունները, հոդվածագիր Երվանդ «Յուրի» Տեր-Խաչատրյանը նշում է․ «Մենք մեզ հարց տանք՝ հարգելի հեղափոխականը Հայաստանո՞ւմ էր հեղափոխություն անում, Հայաստանի ո՞ր ռեժիմն էր ուզում տապալել»։

Պարոն գիտունիկ, մի փորձեք հիմնավորել ձեր անգրագիտության վերին նիշը, դուք չեք տիրապետում անգամ ձեր սեփական ազգի պատմության այբուբենին։

1917 թ․ հոկտեմբերյան հեղափոխությունը անհրաժեշտ պայմաններ ստեղծեց 600 տարի շարունակ պետականությունը կորցրած հայերին իրենց պատմական հողի փոքր հատվածում 1918 թ․ մայիսի 28-ին ձևավորելու Առաջին հայկական հանրապետությունը։ Ստեփան Շահումյանը, Սուրեն Սպանդարյանը 1906 թ․ մասնակցել են Ալավերդու (որը համարվում էր Ռուսական կայսրության տարածք) պղնձի գործարանի բանվորների գործադուլին։ Ստեփան Շահումյանը միջազգային բանվորական շարժման հանրահայտ կազմակերպիչ լինելով, նրա գործունեության ոլորտը արդյունաբերական կենտրոններն էին, բանվոր դասակարգն ու մտավորականները, նա չէր սահմանափակվում միայն ազգային խնդիրներով։ Պետք է պատմական իրողությունները տեսնել ու գնահատել իր ժամանակի մեջ։

Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ եթե Ստեփան Շահումյանի արածը հանենք հայ ժողովրդի կյանքից «կստացվի, որ հայ ժողովուրդը կկործանվեր»։ Այո, եթե Ստ․ Շահումյանի գաղափարներով ստեղծված Խորհրդային Հայաստանի 70 տարին հանենք հայ ժողովրդի կյանքից, արդյունքում կմնա 1920 թ․ դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը, մեր առաջին պետության ձևավորողների կողմից ստորագրված 9․2 հ․ք/կմ տարածքը՝ այսօրվա 29․8 հ․ք/կմ-ի փոխարեն, կործանման եզրին հասած 690 հազ․ բնակչություն, 60 հազար որբեր, համբոներ, գիքորներ, նախշքար դավիներ, միկիտան սաքոներ, տեր թաթիկներ, վարժապետներ։ Իսկ ի՞նչ էր լինելու կարախաչեցի ներկայիս ուրցաձորցի Երվանդ «Յուրի» Տեր-Խաչատրյանի ճակատագիրը՝ մի գյուղացի, որն ավանակին բարձած բերքը բերելով Երևան՝ վաճառելու էր Երևանի «Ղանթարի» շուկայում, իսկ երեկոյան գիշերելու էր իջևանատներից մեկում՝ Համբարձումի կամ Զարաբի խանում, որտեղ մարդն իր անասունի հետ գիշերում էր նույն սենյակում։ Խորհրդային տարիներին վերացվեցին այդ իջևանատները, բարեկարգվեց տարածքը, այնտեղ են կանգնած Ալ․ Մյասնիկյանի, Ստ․ Շահումյանի, կրկնակի հերոս Ն․Ստեփանյանի, հերոս Զաքյանի և այդ հին Երևանը հիշեցնող «ջուր ծախող» պատանու արձանները։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Արաքսի կամ Ախուրյանի աջ ափին, ներկայիս Թուրքիայում, ուր բոլշևիկները չկարողացան թափանցել։ Կհանդիպեք 10 հազարի հասնող բռնի հավատափոխ հայերի, որոնք երազում էին ապրել Ստեփան Շահումյանի գաղափարներով ստեղծված Հայաստանում, իսկ այսօր չգիտեն էլ, որ հայ են։ Արևելյան Հայաստանում 70 տարի գոյություն ունեցավ խորհրդային հանրապետություն՝ տնտեսապես հզոր, կրթական լավագույն համակարգ ունեցող երկիր, աշխարհահռչակ գիտնականներով ու արվեստագետներով։ Ինչ վերաբերում է քո մատնանշած, այսպես ասած, կոմունիստների ժառանգություն թողած կաշառակերությանը, քրեական և կոռուպցիոն տարրերին, ավելացնեմ նոր՝ ժամանակակից «ծաղկուն» վիճակը՝ մարմնավաճառություն, անօթևաններ, մուրացկաններ, աղբանոցները քուջուջ անող թշվառներ, որոնք այսօրվա խորթ բարքերն են և անհանդուրժելի երևույթներ, որոնց լուծումը քաղաքակիրթ երկրներում տրվում է մեկ-երկու տարվա ընթացքում, օրենքի գերակայության պայմաններում։ 25 տարի այդ թվարկածներս ավելանում և օրեցօր խորանում են, դա արդյունք է օրենքների անկատարության։

Շատ լավ տիրապետում ես հայ ժողովրդի մեծագույն չարիքին՝ գործած սխալի պատճառը փնտրել ուրիշ տեղ, հարցի լուծումը պահանջել ուրիշներից։ Թերզարգացած հոգեխախտի պես ցինիկորեն անիմաստ զարմանքով ինքդ քեզ հարց ես տալիս, թե «ինչպես է ներկայանում Շահումյանի հուշարձանը»։ Ինքնասիրահարված քո ախտաժեռ կերպարին, կարծում ես, թե քո գիտցածը 21-րդ դարի աշխարհի գիտելիքների վերջին սահմանն է։ Ինչպիսի՜ ցածր մակարդակ․ այսպիսին է նոր սերունդ դաստիարակող մայր բուհի դասախոսը։ Ակամա հիշում ենք Շիրվանզադեի խոսքերը՝ Ա․Ավետիսյանի շուրթերով․ «Վայ մեզ, վայ մեր օրին»։ Պետք է արժևորել հոդվածագրի «մեծ» աշխատանքը, հոդվածի ընդհանուր ֆոնի վրա ընթերցողի մտապատկերում ուրվագծվում է պնակալեզի հոգեբանությամբ արևմուտքի արժեքներին նվիրված մի պարզամիտ վայ մտավորական վարժապետ, երևում են նրա գեղջկական հում ականջները։ Մարտնչող անպատկառությամբ նշում եք, որ Հակոբ Հաոբյանը շատ լավ գիտի, թե ինչ է գրում և ինչի համար է գրում, որ Ժանետա Հակոբյանի և իր նման համառ նոր բոլշևիկները չեն հասկանում դա, երևի ունակ չեն հասկանալու։

Պարոն, դուք շատ պարզամիտ եք, ձեզ հասկանալու համար մեծ գիտելիքներ պետք չեն։

Այսպես, կրտսեր Ալիևը Բաքվում է քանդում Շահումյանի գերեզմանը, այստեղ՝ Հայաստանում «վաստակաշատ» նկարիչն իր գործընկեր Յուրի Տեր-Խաչատրյանի հետ պահանջում են քանդել հեղափոխականի արձանը, մեղմ ասած, ջուր ավելացնելով Ալիևի ջրաղացին, նպաստելով պանթուրքիզմի գաղափարների զարգացմանը։ Զարմանալի զուգադիպություն, որը խիստ մտահոգ է, բացահայտումը պետք է թողնել անվտանգության կառույցներին։

Ես հայ կոմունիստ եմ ամբողջ էությամբ։ Ձեզնից պահանջում եմ հայ ազգային մեծագույն նվիրյալ, միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ Ստեփան Շահումյանին զրպարտելու, վարկաբեկելու, նրան «հրեա-մասոնական գաղափարներին զինվորագրված հայ բոլշևիկ» անվանելու համար պատասխան տալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Ազգային «վայ» մտավորական, հույս մի փայփայիր և մեկընդմիշտ իմացիր՝ Երևան քաղաքի կենտրոնում հավերժ և վեհորեն պիտի կանգնած մնա հայ մեծ հեղափոխական Ստեփան Շահումյանի հզոր հուշարձանը, որը մարմնավորում է բյուրեղացած հայորդիների ազատագրական պայքարի գաղափարը և ազգի նվիրյալների քաղաքական կերպարը, իսկ քո հոդվածը չնչին է, ինչպես Արարատին նետած քարը։

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ