Դաշտն Արարատյան իմ սինի սեղան,
Սևանն իմ գինին՝ լուրթ ամպերի մեջ,
Բաժակը խփեմ Արարատ սարին,
Կենացդ խմեմ հայ ժողովուրդ։
Հովհ․ Շիրազ
Եվրամիությունը հորինված «Ուսյալ ոճրագործների ակումբ» է, որը տնտեսական կառույց չէ, այն Մ․Նահանգների նախաձեռնությամբ հորինված հետազոտական միավորում է՝ազդելու հետխորհրդային պետությունների և Ռուսաստանի մերձեցման գործընթացին։ Նոյեմբերի 29՝ Եվրամիության ասոցացման պայմանագրի Հայաստանի ինտեգրման պահը, որն արդեն դարձել է մեռած պատմություն և մնացել է անցյալի հուշերում, իսկ եվրամետ քաղաքական գործիչները նրա ստորագրման հույսն են փայփայում։
Զարմանալիորեն զուգադիպեց անցյալ դարի 20 թ․ նոյեմբերի 29-ին, որը դարձավ մեր ժողովրդի հարատևման և ստեղծագործական ոսկե դարի սկիզբը։ Վերջերս հանրապետության նախագահը հայտարարեց, որ Եվրասոցացման նախաձեռնություն է հանդես բերում։ Արևմտամետները ցնծության ու բերկրանքի մեջ են։ Քաղաքական հավկուրությունը բացահայտելու ևս մեկ դրվագ։ Նրանք չեն պատկերացնում, որ նախագահ Ս․Սարգսյանը քայլեր է անում Վ․Պուտինի հետ միջազգային քաղաքական գործիչ դառնալու ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության նախագահը մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին պետության անվտանգության հարցերով մտահոգված հայորդիների և ազգաբնակչության կամքը կատարելու նպատակով Եվրասոցացման պայմանագրի դագաղի վերջին մեխը խփեց։
Խորհրդային Միության փլուզումից հետո աղքատի հոգեբանությամբ և հասարակության եջ չնշմարվող «կեղծ» ժողովրդավարները խաբելով սեփական ժողովրդին և միմյանց հրմշտելով մոլեգնորեն դեպի բուրգը նետվեցին ընչաքաղց աղքատների պես, բորենիների նման խժռեցին սեփական ժողովրդի 70 տարվա ստեղծած համաժողովրդական ունեցվածքը, մոռանալով իրենց անցյալը, իրական արժեքները, կյանքի պատմությունը, իսկ ազգ, պետություն, անվտանգություն, ազնվություն, հոգատարություն, ժողովրդավարություն հասկացությունները դարձան լոկ դատարկ հնչյուններ նրանց համար։
Անցած 25 տարվա ընթացքում ծերացած, դախացած, հղփացած, նախկին արևմտամետ այլախոհները, արհեստավարժ ու շինիչ տղերքը ծնեցին և դաստիարակեցին վտանգավոր հայրենադավ, արևմուտքի ստորաքարշ ծառաներին փոխարինողներ, որոնք դրսից եկած գրանտների կանաչ փայլից դարձել են ազգային «կտրիճներ», իրականում նրանք գաճաճներ են և մեր իրականության մեջ ընդամենը Հայոց մեծերի գրական ստեղծագործությունների արկածային հերոսներին նմանվող սուտլիկ որսկաններ, քաջ նազարներ, կիկոսներ և իրենց պարզունակ դատողություններով ազգային պատմությունից անտեղյակ, աշխարհաքաղաքական անցքերը չգիտակցող, իրականության մասին պատկերացում չունեցող մարդիկ, ովքեր խոսում և հետևություններ են անում այնպիսի երևույթների մասին, ինչպիսին է պետության անվտանգությունը, տնտեսական զարգացումների ուղղվածությունը, անում են անհեթեթ եզրահանգումներ, առաջարկություններ, որոնց վերաբերյալ գործում են ինստիտուտներ և գիտակներն անում են վերլուծություններ։
Բոլոր քաղաքական գործիչները խոսում են պետության անկախության մասին, իսկ Պարույր Հայրիկյանը՝ «անկախության խորհրդանիշը», մնացել է հետին պլանում։
Հայաստանի պետականության պահպանման, նրա անվտանգության հարցերով մտահոգված հայորդիները հետևում են, թե մեր քաղաքական գործիչներն ինչպիսի հիմարություններ են հնչեցնում։ Հատկապես քաղաքական ծերացած հանգուցյալները հեռուստաէկրանից և Թատերական հրապարակի հարթակից փոքրաթիվ միտինգավորների մասնակցությունն ակամայից մեր մտապատկերում ուրվագծում է 17-րդ դարի Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի աշխատաձևը։ 1705 թ․ հրովարտակով նա թույլատրեց բոյարներին դումայի ժողովներում ոչ միայն ազատ արտահայտվել, այլև իրենց մտքերը գրավոր ներկայացնել, որտեղ պարզորոշ երևում են թույլ տված հիմարությունները։
Այսօր մեր մասնավոր հեռուստալիքներից թողարկվող աղբը մի քանի անգամ գերազանցում է Նուբարաշենի աղբանոցին, դրանք դարձել են պարզապես «Ճրտոյի դուքյաններ»։ Հաղորդումներ վարողները չխորանալով քննարկվող կամ լուսաբանվող թեմաների էության մեջ, հրավիրում են ընդդիմախոսների, ովքեր իրենց դժգոհ, կարծրատիպ դատողություններով, աղմուկ աղաղակ բարձրացնելով, իրենց մտավոր տկարություններն են եթերից հրամցնում ժողովրդին, որը շատ է նմանվում անցյալ դարի 30-ական թթ․ տգետ ու բիրտ մարդկանց խառնամբոխի, շատ դեպքերում այն հիշեցնում է երջանկահիշատակ առակագիր Խնկո-Ապոր «Մկների ժողով» առակի հերոսներին։ Եթե հրաշքին հավատանք, ապա հանրաճանաչ առակագիրն իր անունը կրող գրադարանի կլոր պատուհաններից դիտում է Թատերական հրապարակում հավաքված միտինգավորների բարձրացրած աղմուկը։ Նա պետք է հարցնի՝ ինչ է կատարվում Թատերական հրապարակում, պատասխանը մեկն է՝ դրանք ձեր առակի հերոսներն են, իրենց հերթական ժողովն են անում։ Իսկ որտեղ են ճառ ասողները և զանգ կախողները՝ Ալոն, Բլոն, Չալոն, Չամբոն, Սաթոն և ծերացած պատվավոր մկները։ Նրանք Վ․Օսկանյանի գլխավորությամբ թռել են Ստամբուլ՝ նոր հանձնարարություն ստանալու և մեկնելու Բրյուսել։
Հիմա ժամանակները փոխվել են, անցել է 80 տարի, մնացել են միայն ճառ ասողները, որոնք սնվում են Եվրոպայից ստացվող գրանտներով, կատարում են նրանց հրամանները, որոնք դարձել են նրանց գաղափարական բովանդակությունը և ներծծված են նրանց արյան մեջ։ Միասեռականների ամուսնության օրինականացումը, գենդերային հավասարությունը, մանկապիղծների կուսակցությունը, խելահեղ լիբերալիզմը, մշակութային մազոխիզմը և այլ առաջադիմական երևույթներն ավելի վտանգավոր են։ Իսկ իգական սեռի մկները, որոնք իրենց «երկաթյա լեդի» են համարում, փորձում էին վարկաբեկել հանրապետության նախագահին, պետության հեղինակությունը, վիճել սահմանները պահպանող ռուս զինվորների հետ, հայտարարել, որ անիմաստ է նրանց ներկայությունը սահմանի վրա։ ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան Արևմուտքի ծառաների ծվծվոցը փոխեց ողբերգության, և հակառուսական կողմնորոշում ունեցող քեռի Սեմի դախացած ծառաների հրավիրած հակառուսական հանրահավաքին Թատերական հրապարակում չմասնակցեցին նույնիսկ իրենց ընտանիքի անդամները։ Փոխարենը հավաքին մասնակցում էին ակտիվացած հայկական համասեռամոլների «մարտական» խումբը՝ արևմտամետ հայ գործիչների ժառանգորդները։
Սահմանադրության փոփոխություններին ոչ ասողների թերթում կարդում ենք ԼՏՊ-ի տեսակետը․ «Հարց է առաջանում՝ գործող սահմանադրությո՞ւնն էր խանգարում, որ սոցիալ-տնտեսական վերելք ապահովվի, կայուն ժողովրդավարական համակարգ հաստատվի և իրավական պետություն կերտվի»։
Պարոն նախկին նախագահ, ձեր ձևավորած երկրում և մշակած Սահմանադրությամբ, «արհեստավարժ տղերքով» այնպես եք քանդել տնտեսությունը, որ վերականգնել հնարավոր չէ, պետք է նորը կառուցվի։ Դա կարող են միայն կոմունիստները։ Նրանք ձեզնից պատասխան են պահանջելու երկիրը թշնամաբար քանդելու համար, իսկ ավերակների վրա նոր Հայաստան կառուցելն ամեն մարդու վիճակված չէ։ Նապոլեոն Բոնապարտի դերակատարը Բոնապարտ չէ։
Պարոնայք, շարունակեք ձեր մկների ժողովը և մարտնչող տգիտությամբ բացահայտեք ձեր՝ դավաճանի իսկական կերպարը։ Հայաստանը միանշանակ Եվրասիական միության անդամ է արդեն մեկ տարի, ինչը անկախության 25 տարվա ընթացքում Արցախյան հաղթանակից հետո մեր մեծագույն ձեռքբերումն է։
Իսկ տողերիս հեղինակ հայ կոմունիստս դարերի ընթացքում բազմաթիվ փորձություններով անցած մեր ազգի իմաստուն և ճիշտ կողմնորոշման համար կգրի․ «Դու պիտի ապրես ու հարատևես մեր մեծ ժողովուրդ, մտքի թռիչքով, մեսրոպյան գրով ու քո հին լեզվով պատմես աշխարհին, որ ծոցիցդ ելած, քեզ դավաճանող Արևմուտքի ծառաները՝ քո «զավակները», խավարի տիրակալ արհեստավարժ տականքներն օրհասական պահին գալիքդ խլել չկարողացան»։
Խոսքս ավարտում եմ Չարենցի տողերով՝ Դու եկել ես դարերից ու գնում ես հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի փայլուն ապագան։
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ