Սոցիալիզմին հասնելու դեմոկրատական ընթացքը

04 Նոյեմբերի 2015

Սոցիալիզմին անցում կատարելու համար, անցյալի դասերից օգուտ քաղելով, հնարավոր է յուրաքանչյուր երկրի համար գտնել ամենահարմար ձևը: Բայց հստակ սկզբունքներ գոյություն ունեն, որոնցից է դեմոկրատական անցումը սոցիալիզմին, այս դեպքում չենք կարող ասել, թե որևէ երկրում հնարավոր չէ դեմոկրատական անցումը սոցիալիզմին: Իհարկե հնարավոր է, որ տարբեր երկրներում պայմանները տարբեր լինեն, այդ իսկ պատճառով կիրառելիք ռազմավարությունները պետք է որոշվեն ըստ այդ երկրի յուրահատկությունների, իսկ դեպի սոցիալիզմ անցում կատարելը և դեմոկրատական եղանակներ հաստատելը միակ ձևն է:

Եվրոպական երկրներում դեմոկրատական ճանապարհով սոցիալիզմին հասնելու համար ավելի բարենպաստ և յուրօրինակ պայմաններ գոյություն ունեն, օրինակ՝ նոր հասարակական հարաբերություններ, իշխանության մի ձև, որը ձևավորման ընթացքում է, և պետության ներսում ճգնաժամի առկայությունը: Որոշ եվրոպական երկրներում այս յուրահատկությունները բարենպաստ հող են պատրաստում դեմոկրատական սոցիալիզմի համար: Սոցիալիզմի հաստատումը այդպիսի երկրներում պահանջում է նոր ռազմավարության մշակում ու գործադրում, որի ընթացքում իշխանությունը խաղաղ ձևով գրավելու հնարավորություն կստեղծվի ժողովրդի և ժողովրդական կազմակերպությունների համար: Այս ձևով սոցիալիզմին հասնելը անվանվում է «սոցիալիզմին դեմոկրատական ընթացքով» հասնելու ուղի:  

Այսօր ժողովրդի և իշխանությունների միջև անջրպետը անցյալի համեմատ նվազել է: Զանգվածների պայքարն անընդհատ իշխանություններին ճնշման տակ է դնում, հատկապես եթե զանգվածները ֆիզիկապես ներկա են լինում իշխանական կառույցներում, օրինակ՝ կրթական համակարգում, պետական տարբեր ինստիտուտներում, մարզական նախարարությունում, խորհրդարանում, գործադիր մասնագիտական որոշ բաժիններում և այլն:

Սոցիալիզմին հասնելու գործընթացը երկարատև է, այդ ընթացքում զանգվածներն աշխատում են իշխանությանը զուգահեռ երկակի ուժ չստեղծել, այլ ներխուժել իշխանության ներքին հակասությունների մեջ: Իշխանությունը գրավելու հարցը ուղղակի կապված է իշխանության ներքին ճգնաժամի հետ, սակայն միշտ չէ, որ այդ ճգնաժամերն անպայման հասցնում են իշխանության փլուզմանը: Իշխանության ամբողջովին կամ մասնակի գրավումը զանգվածների կողմից չի նշանակում երկակի ուժ ստեղծել, այլ հասարակության դասակարգային մի շարք հարաբերությունների կշիռը դեպի աշխատավորների դասակարգը շրջել է նշանակում: Ուժն իր իդեալական տեսակում կենտրոնանում է իշխանության ձեռքում, որն արտացոլում է դասակարգային ուժերի միջև հատուկ հարաբերությունների սեղմ ձևը: Իշխանությունը իր չէ, որ վերցվի, ոչ էլ բարձունք է, որ գրավվի կամ փողի սնդուկ չէ, որ ուժով ջարդվի: Իշխանությունը քաղաքական ուժի գործադրման սիրտը կամ կենտրոնն է:  

Սոցիալիզմին հասնելու երկարատև գործընթացն ընդգրկում է զանգվածների դիմադրության ցրված կենտրոնների համադրումը, տարածումը, զարգացումը և ուժեղացումը իշխանության ցանցերում այնպես, որ իշխանության մեջ վերածվեն իսկական ուժի՝ պետական ռազմավարությունը ճշտելու գործում:

Զանգվածները պետք է աշխատեն իշխանության թույլ կողմերն ու մի քանի առանձին դիրքեր գրավել, այնուհետև աստիճանաբար ստեղծելով առանձին ուժ՝ վերջնականապես գրավել ամբողջ իշխանությունը: Այսպիսով, իշխանությունը մի բան է, որ պետք է դիրք առ դիրք գրավել և հասնել ղեկավարման բարձրակետին:

Զանգվածների՝ աշխատավորների պայքարում բարեփոխական շարժումը միշտ շեղող գործոն է համարվում, որից պետք է զգուշանալ: Բարեփոխական աշխատանքների ժամանակ սոցիալ-դեմոկրատիզացման վտանգը մեծանում է:  

Սոցիալիզմին հասնելու դեմոկրատական ընթացքը սոսկ խորհրդարանական կամ ընտրական ուղի չէ: Նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն շահելը չնայած կարևոր է, բայց ժամանակավոր երևույթ է, և դրան հասնելը չի նշանակում իշխանության ներքին խզում: Իշխանության ներքին ուժերի հարաբերությունների փոփոխությունն ազդում է նրա ունեցած լծակների ու մեխանիզմների վրա՝ որպես մի ամբողջության: Այստեղ ազդեցություն են կրում նաև իշխանության գաղափարախոսական լծակները, երբեմն պատկերացնում ենք, որ իշխանության ուժային լծակները հեռու են նման ազդեցություններ կրելուց և դրանք պետք է փոխել միայն դրսից այլ ուժի կամ ուժերի միջոցով։ Սակայն սա սխալ պատկերացում է, քանի որ նրանց վրա ևս ազդում է զանգվածների պայքարը:

Իշխանության ներսում ներքին և արտաքին պայքարը չպետք է իրար հակադրել, այլ անհրաժեշտ է այդ երկու պայքարի ձևերը համադրել: Կարող է հարց առաջանալ՝ արդյոք մենք պետական լծակների մեջ մտնելով չե՞նք ձուլվում նրանց հետ և չե՞նք կատարում իշխանության ուժի գործադրման խաղը: Պետք է ասել, որ պայքարի այս եղանակը պետք է զուգորդվի արտաքին՝ իշխանության սահմաններից դուրս պայքարի եղանակի հետ:

Վենեսուելայի «Բանվորական ազգային դաշինքի»՝ UNT-ի ազգային կամիցիայի անդամ և Վենեսուելայի տրանսպորտի միասնական ֆեդերացիայի փոխնախագահ՝ Ռուբեն Դարիո Լինարզ Սիլվան իր երկրում սոցիալիզմի կառուցման, սոցիալիզմի հիմքերը ստեղծելու վերաբերյալ իր փորձառությունների ու մոտեցումների մասին ասում է. «Մեր երկրի ժողովուրդն ազդված է կապիտալիստական բացասական հետևանքներից, որը պարտադրվել է մեր ժողովրդին։ Մենք այսօր քայլեր ենք կատարում և սոցիալիզմին հասնելու ճանապարհին ենք:

Մենք միշտ վերակազմավորում ենք բանվորական արհմիությունների շարժումը: Արհմիությունների ու պետական, մասնավոր արտադրամասերի ղեկավարման հարցերում համագործակցում ենք նրանց հետ: Այն կարծիքին ենք, որ եթե որևէ գործարան կամ արտադրամաս փակվի, պետք է դրա վերահսկողությունը վերցնենք մեր ձեռքը և համագործակցենք պետության հետ դրանց վերաբացման ու ղեկավարման գործում, որպեսզի աշխատատեղերը չպակասեն: Մենք արծարծում ենք նաև համագործակցության հարցը մասնավոր սեկտորում: Եթե որևէ արտադրամաս պետությունից վարկ է վերցնում, մենք ասում ենք, որ պետք է մենք էլ այդ արտադրամասի ղեկավարման գործում նրանց հետ համագործակցենք ու մասնակից լինենք վարկի մարմանը: Մենք այն կարծիքին ենք, որ պետական սեկտորում հիմնական արդյունաբերությունը պետք է ղեկավարվի համագործակցությամբ: Բանվորների տեսակետից համագործակցությունը ղեկավարության հետ շատ պարզ է՝ պահանջում ենք ուժ և մասնակցություն արտադրամասի կամ գործարանի ղեկավարման գործում, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի ապահովենք, որ հարստությունը ժողովրդին հասնի, և կոռուպցիան արմատախիլ արվի:

2002 թ․ դեկտեմբերին և 2003 թ․ հունվարին, երբ դիվերսիայի հետևանքով արտադրությունը կանգ առավ երկրի երկու կարևորագույն գործարաններում, այդ երկու պետական գործարանները սկսեցին ղեկավարվել բանվորների հսկողության ու կառավարման ներքո: Նաֆթային PDVSA ընկերությունում նաև բանվորական հսկողություն գոյություն ուներ։ Երբ ղեկավարները գնացին, մենք վերսկսեցինք արտադրությունն առանց ղեկավարների: Գեներատորների ու էլեկտրական էներգիայի աղբյուրների ընկերությունում՝ CADAFE–ում երբ դիվերսիոն գործողություններ տեղի ունեցան, բանվորներն էին, որ կարողացան ապահովել երկիրն էլեկտրականությամբ: Իսկական բանվորական հսկողություն գոյություն ուներ, դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք ղեկավարության հետ համագործակցությունից: Մենք բոլոր իրավունքներն ունենք ղեկավարներին ընտրելու, հաշիվները հսկելու, առաջարկներ և ծրագրեր ներկայացնելու համար: Մեր կարծիքով, սրանք այն բաներն են, որ մենք պահանջում ենք, և զարգացման ուղին հենց սա է»:

Հուգո Չավեսը ժամանակին ասել էր, որ կապիտալիզմի պայմաններում Վենեսուելայում աղքատությունը վերացնելն անհնարին է, պետք է շարժվել դեպի սոցիալիզմի կառուցում:

Յուրաքանչյուր երկրում սոցիալիզմին հասնելու համար պետք է նկատի ունենալ տարբեր կարծիքներ, որ գոյություն ունեն տվյալ երկրի իրականության վերաբերյալ:

Սոցիալիզմին հասնելու համար պետք է պայքարել սեփականաշնորհման դեմ, հատկապես ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտների սեփականաշնորհման դեմ: Զանգվածները պետք է հակազդեն սեփականաշնորհմանը, նրանք պետք է արմատական մոտեցում ցուցաբերեն այդ հարցում: Օրինակ՝ Վենեսուելայում սեփականաշնորհում այլևս չի կատարվում, որոշ երկրներում դիմադրություն է ցուցաբերվում դրա դեմ: Պերուում ժողովուրդն ընդդիմացավ էլեկտրացանցերի սեփականաշնորհման դեմ և թույլ չտվեցին այն սեփականացնել: Արգենտինայում, ըստ տվյալների, սեփականաշնորհումները ժողովրդի աղքատության ու սովի պատճառ դարձան: Բոլիվիայում ժողովուրդը կրկին պայքարեց արդյունաբերության օբյեկտները ազգային դարձնելու համար: Լատինական Ամերիկայի շատ երկրներում ժողովուրդը պայքարում է սեփականաշնորհման դեմ:

Այս երևույթը պետք է իրականություն դառնա Հայաստանում, սակայն մեր ժողովուրդը դեռ հանգիստ քնի մեջ է, իսկ հայ կապիտալիստները և նրանց իշխանությունը, ընդդիմադիր կապիտալիստական կուսակցությունները հանգիստ ենթարկվում են, որովհետև նրանց շահերի հետ համընկնում է: Դժբախտաբար մեր մտավորականներն անկարող են այս երևույթը ժողովրդին բացատրել, կամ իրենք էլ չեն ըմբռնում սեփականաշնորհման վատ հետևանքները:

Այստեղ պետք է հիշել Չեգևարայի խոսքերը․ «Նրանք, որ նոր են ծնվելու, թույլ տվեք իմանան, որ աշխարհի բանվորները պայքարի մեջ են, և մենք հաղթելու համար ենք պայքարում, այլ ոչ պարտվելու»:

Սա է պատմական ընթացքը և ինչքան շուտ այս իրականությունը ըմբռնենք, մեր ժողովուրդն ավելի քիչ կտանջվի ու ավելի շուտ անապահով վիճակից դուրս կգա ու մարդավայել կյանքով կապրի:

Ուզենք, թէ չուզենք պետք է ընդունենք, որ կապիտալիզմին անխուսափելիորեն փոխարինող տրամաբանական համակարգը սոցիալիզմն է: Դրան հասնելու համար տարբեր եղանակներ կարելի է կիրառել տարբեր հասարակություններում, այսինքն՝ դա կախված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից: Ազգային ու դեմոկրատական պայմանները փուլեր են, որն անհրաժեշտ է դեպի սոցիալիզմ անցում կատարելու համար:  

Կապիտալիստական համակարգի իմպերիալիստական անխուսափելի փուլը սպառնալիք է մեր երկրագնդի խաղաղության ու կենսունակության համար: Մեզ՝ կոմունիստներիս համար մարդկանց կյանքն ու զարգացումը մեծ արժեք ունեն, այդ իսկ պատճառով պետք է պայքարենք դրանց համար: Սոցիալ-դեմոկրատիան ազատ շուկայի կողմնակից է և պաշտպանում է իմպերիալիստական ագրեսիվությունը: Այդ իսկ պատճառով մենք չպետք է խաբվենք սոցիալ-դեմոկրատների բարեփոխական լոզունգներով ու դեմոկրատիայի ցուցադրական խաղերով:

Տարբեր երկրների ժողովուրդները, հնարավոր է, սոցիալիզմի մասին պատկերացում չունենան, որովհետև շատ երկրներ դեռ գտնվում են նախասոցիալիստական փուլերում: Սակայն առաջադեմ մարդիկ պետք է գիտակցեն, որ կապիտալիզմից սոցիալիզմին անցնելը ինքնուրույն չի լինելու և նրանք պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, իսկ առաջին բեռը կոմունիստների ուսերին է, որպեսզի ժողովրդին հասցնեն այդ գիտակցումը և գաղափարները: Սոցիալիզմին հասնելու ընթացքը շատ տարաբնույթ կարող է լինել և մինչև դրան հասնելը միջանկյալ փուլերը նույնպես շատ բազմաբնույթ են լինում, սակայն պետք է հիշել, որ անհրաժեշտ է մասնավոր սեփականության տոկոսային հարաբերությունները նվազեցնել հօգուտ ազգային սեփականության կամ պետականացման: Այստեղ պետք է շեշտենք, որ սոցիալիզմը դեմ չէ սեփականությանը, բայց դա չպետք է մարդուն շահագործելու իրավունք տա։ Գիտակցության մակարդակը նաև կնպաստի, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց ստեղծագործելու և աշխատելու կամքն ու ցանկությունը: Վերջին հարյուրամյակի ընթացքում լավ փորձ է կուտակվել այդ ուղղությամբ և անպայման այդ փորձը պետք է օգտագործվի:

Նախասոցիալիստական գործընթացում հաճախ անհրաժեշտ է լինում համագործակցել հասարակության բոլոր խավերի ու քաղաքական ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանալ հիմնական նպատակը, մենք միշտ պետք է հանդես գանք մեր ինքնուրույն ծրագրերով և ժողովրդին ցույց տանք, որ մեր ծրագրերը բխում են հիմնականում աշխատավոր ժողովրդի շահերից:

Կապիտալիզմի գաղափարախոսներն ու համակիրները սոցիալիզմի մասին խոսելիս ասում են, թէ իբր «սոցիալիստական համակարգը, որը ցանկանում է հավասարություն, անիրականանալի երևակայություն է և հակասում է մարդու բնույթին, որովհետև մարդը միշտ իր անձնական շահերն է հետապնդում, իսկ դա սոցիալիզմի դեմ է»: Մենք նման մարդկանց պետք է ասենք, որ նախկինում՝ ստրկատիրության ժամանակահատվածում ստրկատերերը ասում էին, որ ստրուկ ունենալը և ստրուկ լինելը մարդու բնական իրավունքներից է ու նրա բնույթից է բխում։ Ստրկատերերը նույնպես ունեին իրենց փիլիսոփայությունը և չէին ընդունում այնպիսի մի հասարակարգ, որտեղ ստրուկ գոյություն չունենար, իսկ առանց ստրուկի հասարակարգը երևակայական էին համարում։ Այսօր բոլորի համար պարզ է, որ նրանք սխալվում էին:

Կոմունիստները սոցիալիզմին հասնելու համար պայքարելու են, որովհետև սոցիալիզմը միակ ապագա խոստացող առաջադիմական հասարակարգն է, որից խուսափելն անհնար է: Հակառակ դեպքում պետք է ունենանք անմարդկային, անարդար մի հասարակություն, որտեղ շատ չնչին փոքրամասնությունը պիտի իշխի մեծամասնության վրա և նյութապես ու բարոյապես ժողովրդին ճնշի: Այդ երևույթները կոմունիստները չեն հանդուրժում:

 

Արտաշես Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ