Հայաստանի Կոմկուսը կողմ է սահմանադրական բարեփոխումներին

03 Նոյեմբերի 2015

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոն որոշում է կայացրել` հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի հաստատած սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այդ մասին նոյեմբերի 3-ի ասուլիսում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, կուսակցության բյուրոն նշված հարցին անդրադարձել է երկու անգամ և խորությամբ ուսումնասիրել է ներկայացված սահմանադրական փոփոխությունները:

Նոր Սահմանադրության մեջ, ըստ Տ.Սարգսյանի, տեղ չեն գտել ամենաժողովրդավարական սկզբունքներն անգամ` անվճար կրթություն և բուժօգնություն, ռազմավարական նշանակություն ունեցող պետական սեփականության գերակայություն, անհատույց բնակարան, գրեթե ձրի առողջարաններ, հանգստյան տներ և այլն: Բացի այդ, ինչպես հավելեց Կոմկուսի ղեկավարը, Սահմանադրությունը չի երաշխավորում, որ բոլոր չափահաս մարդիկ ունենան աշխատանքի իրավունք, և պետությունը ի զորու չի լինելու աշխատանքով ապահովել, և փոխարենը հռչակում է աշխատանքի ազատություն: Այնուհանդերձ, ըստ Տ.Սարգսյանի, հանրաքվեի ներկայացված սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ առաջ են, քանի որ դրանք նախատեսում են համակարգային փոփոխություններ, խորհրդարանական կառավարում, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ընդդիմության դերի բարձրացում, թույլ են տալիս ձևավորել իշխանության տարբեր թևերի (նախագահ, վարչապետ, Ազգային Ժողով) հակակշիռների համակարգ: Ամրագրվում են այնպիսի մեխանիզմներ, որ ունենանք անկախ դատական համակարգ:

Տ. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկման է դրվելու նաև կենտկոմի առաջիկա պլենումում, որը և կկայացնի վերջնական որոշում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ