Մեր երկրում այսօր հրատապ դարձած սահմանադրական փոփոխությունների բոլոր փուլերը քննարկվել են նաև Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունում, և կուսակցության նախագահության անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները, դիտարկումները։ Դրանք խիստ կառուցողական են, որոնք բխում են մեր ժողովրդի ազգային առանձնահատկություններից և շահերից (խմբ․)։
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը գտնում է, որ Սահմանադրության փոփոխված տարբերակը պետք է ընդլայնի նրա իրավաստեղծագործական, իրավակիրառական գործունեությունը, ներառի մեր ժողովրդի կերտած պետական կարգերի և ժողովրդավարության զարգացման, կատարելագործման ավանդույթները, դառնա ձևով ազգային, իսկ բովանդակությամբ համամարդկային նորմերին համահունչ հիմնարար օրենքների հանրագումար։ Ընդունելով, որ մեր Սահմանադրության պատմաիրավական հենքը կազմել են 8-րդ դարի «Կանոնագիրք հայոցը», Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (1184 թ․), Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը» (1760-70 թթ․), Արևմտահայերի «Ազգային Սահմանադրությունը» (1860 թ․), հասկանալի է, որ յուրաքանչյուր Սահմանադրության ընդունումը պայմանավորված է զարգացման տարբեր փուլերում պետության և հասարակության մեջ առաջացող փոփոխություններով։
Երրորդ հանրապետության 1995 թ․ հուլիսի 5-ին ընդունած առաջին Սահմանադրության համար որպես հիմք է ծառայել Ֆրանսիայի 1958 թ․ Սահմանադրությունը։ Տասը տարի անց՝ 2005 թ․ նոյեմբերի 27-ին փոփոխվեց Սահմանադրությունը, որն ավելի ընդլայնեց սոցիալական պետության ստանձնած պատասխանատվությունը՝ ներառելով 48-րդ հոդվածը 12 կետերով, որոնք տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում պետության հռչակած դեկլարատիվ հասկացություններին տվեցին կիրառական բնույթ։
Մեր կարծիքով, պետության զարգացման հասարակական-քաղաքական տնտեսակարգերի, հանրային հարաբերությունների ձևավորման և զարգացման փուլերի ուսումնառությունը կարևոր է պետության պատմական ընթացքի գնահատման առումով և այդ տեսակետից մեզ համար հասկանալի չէ, որ ոմանք հայտարարում են, թե մեր պետությունը 24 տարեկան է և այլն։ Այդ առումով ճիշտ կլինի, որ Սահմանադրության նախաբանում նշվեր մեր պետության կայացման ողջ ընթացքը՝ 5000 տարվա հզոր թագավորություն, այնուհետև պատմական, քաղաքական իրավիճակների պարտադրանքով 600 տարվա պետականության կորստից հետո Հայոց պետականության վերականգնման և Առաջին Հանրապետության ստեղծման, այնուհետև Խորհրդային Հայաստանի՝ որպես Հայաստանի Երկրորդ հանրապետության, 70 տարվա գնահատականը, որի հենքի վրա կայացել է Երրորդ հանրապետությունը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Մարզահամերգային համալիրում արդեն երկրորդ անգամ նշում էր Խորհրդային Հայաստանի բարերար դերը Երրորդ հանրապետության կայացման գործում։ Մի ամբողջ սերունդ ապրել և արարել է Երկրորդ հանրապետությունում, ձեռք է բերել հսկայական հաջողություններ՝ տնտեսության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, ունեցել է 3 սահմանադրություն՝ 1922 թ․, 1937 թ․ և 1978 թ․։
Ֆրանսիացիները հպարտությամբ նշում են, որ իրենք անցել են 3 հեղափոխության, 5 հանրապետության և 16 սահմանադրության ճանապարհով ու շարունակ կատարելագործում են իրենց քաղաքացիական հասարակությանը բնորոշ հանրային կյանքը։ Մենք ցանկանում ենք, որ բարեփոխված նոր Սահմանադրությունը հստակ ձևակերպում տար աշխատանքի իրավունքին և այն համապատասխանեցներ 1948 թ․ դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի համապատասխան Հռչակագրի 23-րդ հոդվածին։
Սոցիալական պետություն հռչակած մեր Սահմանադրության մեջ պետք է մեծ լինի կրթության, առողջապահության, բնակարան ստանալու և այլ հարցերում պետության ստանձնած պատասխանատվության չափաբաժինը։
Լավ կլիներ, որ մինչև Սահմանադրության հայեցակարգի ընդունումը լայն քննարկումներ ծավալվեին։ Սահմանադրության քարոզարշավի ընթացքում մենք նույնպես ծրագրել ենք հանդիպել մեր համակիրների հետ, նրանց փորձելու ենք բացատրել Սահմանադրության փոփոխությունների դրական կողմերը, օրինակ՝ ԱԺ ընտրությունների համամասնական համակարգը, ԱԺ պատգամավորների թվի կրճատումը, ակտիվ քաղաքական կուսակցությունների դերի բարձրացումը, կուսակցությունների կոնսոլիդացիան և այլն։
Մենք առաջարկություններ ունենք նաև Սահմանադրությամբ ամրագրված հետևյալ հիմնադրույթների շուրջ․
պետության կառուցվածքի, հասարակական կարգի, կառավարման ձևի, պետության և հասարակության մեջ անձի իրավական կարգավիճակի, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև սոցիալական պետության մասին մեր պատկերացումների, պետության և քաղաքացիների փոխհարաբերությունների, իրավական պետության գաղափարի, պետության և օրենքի պլատոնյան բանաձևումի, արդարության և պետության արիստոտելյան մոտեցումների, Ջոն Լոքի իրավունքի և պետության հասարակական պայմանագրի, ազատությունների ու իշխանությունների տարանջատման Մոնտեսքյուի պատկերացումների և այլ առնչությունների վերաբերյալ։
Կարծում ենք, որ մեր առաջարկությունները կնպաստեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման սահմանադրական հիմնավորմանը, Նախիջևանի Հանրապետության կարգավիճակի մասին 1921 թ․ Ղարսի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից վիճարկելուն։
Վերջերս շատ մտավորականներ խոսում են Հայաստանի խորհրդանիշերի՝ զինանշանի և օրհներգի մասին, որի վերաբերյալ նույնպես ունենք մեր առաջարկները։
Ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոն ժամանակին գրել է, որ Սահմանադրությունը պարտադիր նոր քայլ պետք է լինի քաղաքակրթության ճանապարհին, եթե այն քայլ չէ քաղաքակրթության ճանապարհին, ուրեմն՝ ոչինչ է։
Հուսանք, որ բարեփոխված Սահմանադրությունը էական քայլ կլինի հանրային կյանքի բարենորոգման գործում։