Հայաստանի տարբեր մասնագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց տեսակետներն են արտահայտել ազգային գաղափարախոսության մասին: Ստորև ներկայացնում են այդ տեսակետները համառոտ ձևով, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել, թէ ինչպես է մտածում մեր մտավորականությունը այդ երևույթի մասին:
ՀՀ Անկախության 21-րդ ամյակին նվիրված մի գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ մասնակիցները այդ թեմայի շուրջ իրենց կարծիքները արտահայտեցին ըստ հետևյալի՝
Գագիկ Հարությունյան՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը: Ազգային գաղափարախոսությունը հայացքների համակարգ է, որն ուղղված է այս կամ այն երևույթին, և այն ժամանակի ընթացքում կարող է փոխվել:
Ալբերտ Նալչաջյան՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու: Հայ ազգային գաղափարախոսության մասերից մեկը պետք է լինի էթնիկական արժեքների ամբողջությունը: Առաջարկում եմ մտածել էթնիկական տնտեսագիտության մասին:
Արթուր Աթանեսյան` Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ: Տեղեկատվական պատերազմում մենք ունենք իդեա, բայց չունենք արդյունավետ ռազմավարություն:
Արծրուն Հովհաննիսյան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ: Շատ հանրություններում ազգային գաղափարախոսությունը համարվում է ընդհանուր թշնամու դեմ միավորում:
Մկրտիչ Տոնոյանի՝ Արվեստագետ, ազատամարտիկ: Խոսքով էլ մենք պետք է մտածենք նաև մեր արվեստի միջոցով այլ երկրների ներկայանալու հարցի շուրջ: Իսկ ազգային գաղափարախոսությունը պետք է կառուցվի ազգային ինքնագիտակցության վրա:
Դավիթ Ջամալյան` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռազմական փորձագետ: Եթե մենք ուզում ենք ունենալ ազգային գաղափարախոսություն, պետք է նախ կարողանանք հասկանալ, որ ժողովրդավարության պայմաններում ևս հնարավոր է ազգային գաղափարախոսության գոյությունը: Մենք պետք է կարողանանք գտնել ժողովրդավարության և ազգային գաղափարախոսության սինթեզը:
Մհեր Հովհաննիսյան՝ ՀՀԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու : Ազգային գաղափարախոսության իմաստային և բովանդակային բաղադրիչները ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը գոյություն ունի: