Թուրքիայի ագրեսիան և Ամերիկայի դավաճանությունը քուրդ ժողովրդի հանդեպ ու նրանց մենակ թողնելը Թուրքիայի ներխուժման դիմաց, պետք է դաս լինի Հայաստանում որոշ հակառուսական ուժերի համար, որոնց կարծես հիմնական առաքելությունը հայ ժողովրդին կտրելն է Ռուսաստանից: Նրանք, եթե իրոք հայ ազգի ու ժողովրդի շահերն են հետապնդում, չպետք է մեծ ակնկալիքներ ունենան Ամերիկայից ու Եվրոպական որոշ երկրներից և իրենց համար արդեն պետք է պարզ դարձած լինի, որ Ամերիկան երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Ամերիկայի ու Եվրոպայի նպատակը Հայաստանին անջատելն է Ռուսաստանից ու իրեն ենթակա երկիր դարձնելն է:
Քրդերը Ամերիկայի հույսով էին մնացել ու իրենց հարաբերությունները խզել կամ թուլացրել էին Սիրիայի կենտրոնական իշխանության հետ, որոնք պայքարում էին մի կողմից դաեշական ու ահաբեկչական խմբերի և մյուս կողմից Ամերիկայի ու Թուրքիայի կողմից դրդված ուժերի դիմաց: Բաշար Ասադի իշխանությունը և բանակը համաձայնել էին, որ քրդաբնակ շրջանների կառավարումը դեմոկրատիկ ֆեդերացիայի հիմունքների հիման վրա հանձնեն քրդերին, սակայն քրդական որոշ կուսակցությունների ղեկավարներ հակառակ քուրդ ժողովրդի շահերին՝ իրենց հույսը դրել էին ամերիկացիների վրա և հույսեր էին փայփայում, որ նրանց օգնությամբ կհասնեն անկախության կամ ինքնավարության:
Արդեն Սիրիայի որոշ քրդական կուսակցությունների ղեկավարներ Ամերիկայի իշխանությանը անվանում են դավաճաներ և կրկին սկսել են բանակցել Սիրիայի կենտրոնական իշխանության հետ, որն ունի Ռուսաստանի և Իրանի հովանավորությունը և որոնք պայքարում են Ամերիկայի «Նոր Մերձավոր Արևելք» ծրագրի դեմ, որում ԱՄՆ-ը հետապնդում էր՝ ստեղծել իրենց հլու հնազանդ երկրներ մերձավոր արևելքում և պետք հասնեին մինչև Սիրիային ու վերջում Իրանին ենթակա դարձնելը, սակայն Իրանի և Ռուսաստանի ջանքերի շնորհիվ ձախողվեց նրանց ծրագիրը և աստիճանաբար հետ են նահանջում իրենց ծրագրից ու դիրքերից:
Հուսով ենք մեր հայ հակառուս ուժերը կվերանայեն իրենց մոտեցումները և հեռատեսորեն կքննարկեն Սիրիայի դեպքերը ու դաս կքաղեն ներկայիս անցուդարձերից:
Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 14/10/2019