Հայաստանի կոմունիստական, սոցիալիստական, սոցիալ դեմոկրատական ուժերի և առաջադիմական ժողովրդական պետական ու ոչ պետական կառույցներից յուրաքանչյուրն իր յուրովի մոտեցումներով ու դիրքորոշումներով՝ հաճախ մոռացության են տալիս համընդհանուր շահերը և քաղաքական մոտեցումները, որոնց հասնելուն բոլորն են ձգտում և բոլորի օգտին է լինելու: Նրանց միջև բացակայում է սոցիալիստական և ձախ երկխոսությունը և մտքերի փոխանակումը: Նրանցից շատերը դժբախտաբար այդ անհրաժեշտությունը կամ չեն զգում կամ էլ զգալու դեպքում իրենք չեն դառնում այդ երկխոսության կամ միասնական ճակատի ստեղծման նախաձեռնողը:
Խոսքի մակարդակով բոլորը հաստատում են համագործակցության, միասնականության, համատեղ գործողությունների և երբեմն միասին հանդես գալու անհրաժեշտությունը, սակայն շատ քիչ դեպքերում է, որ դրանք գործի են վերածվում:
Բոլորի ծրագրերում համագործակցելու անհրաժեշտության մասին խոսվում է, սակայն մեկը մյուսին տարբեր պիտակավորումներով, արդարացնում է իր սեկտորիզմական մոտեցումը, որը վնաս է հասցնում ձախ ուժերին և երկրի առաջադիմությանը: Ձախ ուժերի չհամագործակցելու ամենագլխավոր պատճառներից մեկը նաև կարելի է համարել իմպերիալիստական ու նեոլիբերալիստական ուժերի ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքում: Հայաստանում արտասահմանյան գործակալ ուժերի առաքելություններից մեկը հենց սա է, որ իրավունք չտան և ամեն կերպ խոչընդոտեն ձախ ուժերի մոտեցմանը միմյանց, նրանք ունենալով հսկա նյութական ռեսուրսներ, ամեն միջոցներից օգտվում են վարկաբեկելու ձախակողմյա արդար մոտեցումներն ու աշխատանքները, որոնք ի վերջո վտանգելու են իրենց տերերի տնտեսական ու քաղաքական շահերը:
Չհամագործակցելու մյուս կարևոր պատճառը՝ համատեղ աշխատանքների ու համագործակցության ընդհանուր անհրաժեշտության չհասկանալն է: Նրանք հաճախ հանդես են գալիս ոչ թէ հասարակության պահանջներից, այլ իրենց նեղ կուսակցության ու խմբային շահերից ելնելով:
Հայաստանի ձախ ուժերը չեն մարմնավորվում միայն կուսակցությունների կառույցներում, այլ Հայաստանի ձախ ուժերին պետք է տեսնել նաև մեծ մասշտաբով անհատների և մասսաների միջև: Այստեղ կարևորը երկրում հասարակական ձախ ուժի առկայությունն է: Նրանցից մեծ մասը իրենց տեղը չեն գտնում ձախ կուսակցություններում և խմբավորումներում: Կարևորը այն է, որ հասարակական շարժումներում ձախ մոտեցումները, որոնք բխում են ժողովրդի և ազգի շահերից ներկայություն ունենան: Բացի ձախ գաղափարից, մնացած նեոլիբերալական ու ծայրահեց ազգայնական գաղափարները ապահովում են միայն ճնշող փոքրաթիվ մարդկանց շահերը: Օրինակ լիբերալիզմը հանգեցրեց նեոլիբերալիզմի ու նացիոնալիզմն էլ ծայրահեղ ազգայինի կամ ֆաշիզմի: Այդ իսկ պատճառով տնտեսական ամենաարդար քաղաքականությունը ձախերին է պատկանում և հարկավոր է այս զենքից օգտվելով ժողովրդին գրավել դեպի ձախակողմյա ուժերի: Ձախերից ոչ մի կուսակցություն չի կարող հավակնել, որ ինքն է ամբողջ աշխատավոր դասակարգի ներկայացուցիչը, քանի որ աշխատավորների ու աշխատավարձ ստացողների միջև նաև գոյություն ունեն տարբեր շերտեր ու մոտեցումներ, այդ իսկ պատճառով այդ բոլոր շերտերի համագործակցությունը ահրաժեշտություն է: Ձախերը չպետք է անընդհատ իրենց հակասությունները մեծացնելով և օրակարգ դարձնելով, անջատվեն մեկը մյուսից, նրանք ստիպված են գոյատևելու և հասարակությունում իրենց ազդեցությունը թողնելու համար միմյանց հետ համագործակցելու:
Կեցցե Հայաստանի ձախ ուժերի համագործակցությունը
Ռուբիկ Սարդարյան 12/09/2019