Բոլոր կուսակցություններում, այդ թվում նաև ձախ և բանվորական, շատ հաճախ պառակտումները տեղի են ունենում ըստ տարբեր գաղափարների ու դիրքորոշումների՝ այս կամ այն հասարակական ու քաղաքական երևույթների նկատմամբ: Այս պառակտումները հնարավորություն չեն տվել ձախ ուժերին համախմբվելու մի կուսակցության ներսում և չեն կարողացել իրենց ծրագրերը լավ առաջ տանել հանուն իրենց նպատակների:
Բացի գաղափարական և դիրքորոշումների տարբերության հիման վրա առաջացած պառակտումներից, հաճախ նկատվում է, որ պառակտումներ են առաջանում կուսակցության մեջ՝ կուսակցական դիրքեր գրավելու և անհատական տարաձայնությունների դրդապատճառով:
Ձախ և բանվորական կուսակցություններում կարևոր են տեսական, գաղափարական հարցերն ու գործնական ծրագրերը: Գործնական ծրագիրը օդից ստեղծված երևույթ չէ: Ծրագիրը պետք է հենված լինի ներկա հակումների ու ներկա պայմանների հիման վրա: Այսինքն, օրինակ երբ ասում ենք, որ Հայաստանի ներկա փուլում սոցիալ դեմոկրատական հեղափոխությունն է իրագործելի, որից հետո հնարավոր է միայն առաջ շարժվել դեպի սոցիալիստական հեղափոխության փուլ, ձախերը պետք է իրենց ծրագիրը մշակեն ըստ այդ օբեյկտիվ իրականության: Հեղափոխության այդ փուլերը մեր ուղեղներում չեն ստեղծվում, այլ վերլուծելով ներկա օբեյկտիվ պայմանները, որոշում ենք Հայաստանի հեղափոխության կամ բարեփոխության փուլը, որն է՝ սոցիալ դեմոկրատական հեղափոխություն թ՞է սոցիալիստական:
Հեղափոխության փուլը որոշելու համար պետք է ծանոթ լինենք հասարակության զարգացման շրջանի հետ, արդյո՞ք մենք գտնվում ենք կապիտալիստական առաջացման շրջանի մեջ, արդյո՞ք մենք գտնվում ենք կապիտալիզմի զարգացման ու ծաղման շրջանում, արդյո՞ք մենք գտնվում ենք ազգային կապիտալիզմի զարգացման շրջանում թ՞է կապիտալիզմի քայքայման շրջանում: Այսինքն այն վերլուծությունը, որ ունենք ներկայիս շրջանի կամ փուլի մասին, շատ կարևոր վերլուծություն է մեր դիրքորոշումների և հասարաքաղաքական ծրագիրը ճշտելու գործում:
Հաջորդ կարևոր հարցը այն փուլն է, որ համաշխարհայնորեն կապիտալիզմն է գտնվում և այն կապի ձևը, որ Հայաստանի կապիտալիզմը ունի համաշխարհային կապիտալիզմի հետ: Որովհետև գիտենք, որ գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ համաշխարհային կապիտալիստական տնտեսությունը մեծ դերակատարություն և երբեմն որոշիչ ազդեցություն ունի բոլոր շարժումների ու փոփոխությունների վրա: Եթե մենք չկարողանանք համաշխարհային կապիտալիզմին ճանաչել, դժվար թէ կարողանանք ճանաչել Հայաստանի կապիտալիզմը: Այս բոլորից հետո պետք է սկսել Հայաստանի կապիտալիզմը ուսումնասիրել, որից հետո նոր կարող ենք ճշտել մեր հեղափոխության անելիքները, խնդիրները և դրանց հիման վրա է, որ պետք է պատրաստենք սոցիալ դեմոկրատական կամ սոցիալիստական հեղափոխության ծրագիրը: Այս ծրագիրը մի բան չէ, որ մեկ կամ երկու բանիմաց մարդկանց գլխից դուրս գա, այլ տարբեր գործոններ պետք է առկա լինեն, որ հնարավոր լինի ձևավորել նման ծրագիր: Այդ գործոններից մեկը պայքարի փորձառություններն են, այսինքն նման ճանաչողության մի մասը պայքարի փորձից է գալիս, սակայն մի մասն էլ կախված է տեսական հարցերից, որովհետև պետք է կարողանալ վերջապես քաղաքական տնտեսության հիման վրա Հայաստանի ներկա իրավիճակից մի եզրակացություն ներկայացնել, երկրի կառույցը լավ հասկանալ, և իմանալ երկրում տիրող տարբեր հակումները ինչպես են կարող միմյանց վրա ներազդել ու զարգանալ: Այսինքն իմանալ, որ Հայաստանը դեպի որ կողմ է գնում կամ գնալու և զարգանալու հավանականությունը դեպի որ կողմն է՞:
Մեր հեղափոխական ծրագիրը այնպես չպետք է լինի, որ բացատրի և ասի այսօրվա պայմանները և իրավիճակը ինչպիսին է, այլ այն, որ պետք է ասի ինչպիսի պայմաններ ու իրավիճակ պետք է լինեն: Մենք մեր պայքարով դեպի ինչպիսի պայմաններ ենք ուզում տանել մեր հասարակությանը: Այսպիսով այս երկու իրավիճակների՝ ներկայիս և մեր ցանկացածի տարածությունը վերացնելու համար մեզ անհրաժեշտ է տեսական հայեցակարգ ունենալ:
Սակայն պետք է իմանալ, որ հայեցակարգ կամ տեսություն ունենալը չի նշանակում, որ բոլորը այդ հայեցակարգի կամ տեսության շուրջ պետք է համախմբվեն, որովհետև, եթե մի տեսության վերաբերյալ կասկածներ, վեճեր, քննադատություններ չլինեն, չենք կարող դրան տեսություն անվանել: Տեսությունը պետք է անընդհատ զարգանա, լավանա, ճշգրտանա, մշակվի ըստ ներկա պայմանների և իր փորձը տա և միշտ տեսական տարաձայնությունները հնարավոր է առկա լինեն և երբեք դրանք չպետք է պառակտման պատճառ դառնան: Օրինակ կապիտալիզմի ճգնաժամերի կապակցությամբ տարբեր տեսություններ կան ու չենք կարող ասել, որ սա ճիշտ է ու այն մեկը սխալ ու քվե հավաքենք, որպեսզի ճշտենք որն է ճիշտ և որն է սխալ: Այսինքն տեսությունը մի բան չէ, որ կարելի է նստել կուսակցության շրջանակներում կամ կուսակցության համագումարում ու քվե հավաքել, թէ որ տեսությունն է ճիշտ: Այս սխալ մոդելը օգտագործվել է նախկին Սովետական Միությունում Ստալինի ժամանակ: Այսպիսով տեսության ճիշտ կամ սխալ լինելը չի ճշտվում քվեարկությամբ:
Սակայն բանվորը, կամ կուսակցականը և համակիրը ճշգրիտ մի գործնական ծրագրի կապակցությամբ կարող է իր քվեն տալ ու որոշում կայացնել, որովհետև այն ինչն է, որ իր շփումներով, պայքարով ու մաշկի վրա զգալով է հասկանում, թէ ինչպիսի գործնական ծրագիր պետք է ունենալ ու ինչ քայլեր պետք է վերցնել: Իհարկե այս որոշումը կամ քվեն իր թիկունքում ունի հայեցակարգ, գաղափարախոսություն և տեսական հարցեր, որոնցով երբ ուզում է վերածվել պրակտիկայի, կարոողանում է կողմնորոշվել:
Ձախ կուսակցության մեջ միշտ պետք է առկա լինեն տեսական հարցերի վերաբերյալ երկխոսություններ, քննարկումներ ու բանավեճեր, սա բնական պետք է համարել: Ոչ մի դեպքում չպետք է այս երկխոսությունների դեմն առնել բանվորական ու ձախ շարժման մեջ: Ինչպես ասում են՝տեսական բանավեճերը "կյանքի ջուրն են" առաջադիմական ու ձախ շարժման համար: Տեսության նպատակը գործողությունն է, որտեղ ճշտվում է տեսությունը ճիշտ է թէ ոչ և արդյ՞ոք պետք է փոփոխության ենթարկել թէ ոչ: Այդ բոլորի հիման վրա ձախ հոսանքներն ու բանվորական շարժումները պետք է կարողանան ըստ ներկա պայմանների մի ընդհանուր ծրագիր ներկայացնել՝ բանվորների, աշխատավարձ ստացողների ու ժողովրդի համար:
Ռուբիկ Սարդարյան 6/08/2019թ.