Տարբեր գաղափարախոսությամբ կուսակցությունների, անկախ հասարակական միավորների ու մտավորականների գոյությունը, ցանկացած երկրի զարգացման մակարդակի որոշման չափանիշներ են: Հիմա մեր հայրենիքում դա ստեղծվում է և պահն է, որ բոլորս լավ հասկանանք ու բարձր գնահատենք ու թիկունք կանգնենք այդ մթնոլորտի առաջացման ղեկավարներին ու առաջնորդներին, անկախ նրանից, որ մենք հավանում ենք նրանց քաղաքական կամ տնտեսական գաղափարախոսությունը թէ ոչ: Կարծում եմ բոլորս պետք է ընդառաջենք նրանց ստեղծած դեմոկրատիան, որն ամեն կերպ աշխատում են ամրապնդել Հայաստանում: Բոլոր կուսակցություններն ու քաղաքական ու հասարակական ուժերը պարտավոր են հովանավորել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժմանը, որովհետև նրանք ցանկանում են քաղաքական դեմոկրատիա, քաղաքական արդարություն և թափանցիկ մթնոլորտ ստեղծել երկրում ու մենք ինչ գաղափարախոսության տեր էլ որ լինենք, մեր գաղափարները իրականացնելու նախապայմանը պետք է համարենք ազատ, արդար ու թափանցիկ քաղաքական մթնոլորտի գոյությունը, առանց որի՝ որևէ քաղաքական ուժ չի կարող գոյատևել ու զարգանալ կամ գոնե արծարծել իր գաղափարները:
Քաղաքական արդար մթնոլորտում ժողովուրդը հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր տեսակի գաղափարների հետ: Իշխանության պարտականությունը կլինի ստեղծել ոչ թէ փողի ուժի դեմոկրատիա, ինչպես գոյություն ունի ԱՄՆ-ում կամ որոշ զարգացած երկրներում, այլ քաղաքական հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար: Պետք է բոլորս խրախուսենք և օգնենք Հայաստանի երիտասարդ ու առողջ իշխանավորներին, որ հեռու մնան նեղմտություններից ու անկախ իրենց գաղափարներից հավասար հնարավորություններ ստեղծեն բոլոր ուժերի համար:
Հուսով ենք՝ մեր երկրում կկայանա քաղաքական դեմոկրատիան ու արդարությունը, որից հետո պետք է ձգտենք դեպի տնտեսական արդարությանը, որին հասնելու համար շատ դժվարությունների ու արգելքների ենք հանդիպելու, որովհետև շատ մեծահարուստներ և տնտեսական լծակներ ունեցողներ հեշտ չեն հրաժարվի իրենց անարդար լծակներից: Մասնավորեցումը և պետական դիրքի մեծացումը ուժեղ հակասությունների մեջ են մտնելու: Սոցիալական արդար որոշ տարրեր գոյություն ունեն Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում ու շատ այլ երկրներում, որտեղ պետությունը կարևորում է սովորական ժողովրդի սոցիալական կյանքը և աշխատում է իր ձեռքում պահելով որոշ տնտեսական ու նյութական լծակներ՝ մատակարարել սոցիալական ծառայություններ սովորական ժողովրդին ու ապահովել նրանց աշխատանքով, կրթությամբ, ու նորմալ կյանքով: Մեր երկիրը չի ուզում դառնալ իմպերիալիստական, անարդար ու դասակարգային մեծ տարբերությամբ մի երկիր: Մենք ունենք ազգային բազմաթիվ չլուծված հարցեր, մենք ուզում ենք մեր ժողովուրդը ապրի գոնե նորմալ մարդավայել կյանքով, մեզ անհրաժեշտ է լինել միասնական: Այս բոլորին հասնելու համար պատմությունը ստեղծել է մեծ հնարավորություն ներկայումս, պետք է բարձր գնահատենք, ամրապնդենք քաղաքական դեմոկրատիան ու արդարությունը և ձգտենք հասնել տնտեսական արդարությանը ու այդ ձևով երաշխավորենք մեր ազգային հարցերը արդար լուծել, միջազգային բարձր նորմեր ունեցող ու հզոր երկիր ունենալու դիրքերից:
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 26 Մայիս 2018 Թ.