Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը Հայկական Հարցի մասին

20 Հունիսի 2018

2018թ. մայիսի 5-ին լրացել է գիտական կոմունիզմի տեսության հիմնադիր՝ Կարլ Մարքսի ծննդյան 200-ամյակը:

Մարքսը մահացել է 1883թ. մարտի 14-ին, ծննդյան 65-ամյակի նախօրյակին:

Մարքսի թաղման ժամանակ նրա մերձավոր ընկեր ու համախոհ Ֆրիդրխ Էնգելսն ասել է. <<Նրա անունը և գործը կապրեն դարերով>>:

            Իսկապես, 100 տարի անց, երկրագնդի բնակչության համարյա կեսը հետևում էր մարքսիզմի դավանանքին;

Այժմ էլ Մարքսի ազդեցությունը հսկայական է:

            Մինչև Մարքսը, տիրում էր այն տեսակետը, որի համաձայն աշխարհը կառավարում են գաղափարն ու բանականությունը;

Բայց Մարքսը փոխել է պատմության նկատմամբ եղած հայացքը, տվել է դրան մատերիալիստական հիմնավորում:

Հասարակության կյանքում առավելապես կարևոր են տնտեսական ասպարեզը, արտադրության մեջ մարդկանց ձևավորված կապերը:

Մարդկության զարգացման շարժիչն արտադրողական ուժերի առաջընթացն է:

Մարքսը բացահայտել է արտադրական հարաբերությունների մակարդակին արտադրողական ուժերի համապատասխանելու համընդհանուր օրենքը;  

Դրանք միասին ձևավորում են արտադրության եղանակը, որը որոշում է հասարակության վերնաշենքը՝ քաղաքականությունը, իրավունքը, մշակույթը, գաղափարախոսությունը և դրանց համապատասխան հիմնարկությունները;

Ըստ Մարքսի մարդկության պատմության միջուկը հետևողականորեն փոփոխվող հասարակական տնտեսական համակարգերն են:

Այժմ դա ընդունված ճշմարտություն է, իսկ Մարքսի անունը որպես դրա հայտնագործող, հաճախ, նույնիսիկ չի հիշատակվում:

<<Կոմունիստական կուսակցության մանիֆեստում>> Մարքսը զգուշացնում էր. <<Մի ուրվական է շրջում Եվրոպայում, կոմունիզմի ուրվականը; Թող տիրապետող դասակարգերը ցնցվեն կոմունիստական հեղափոխության առջև: Պրոլետարները դրանում ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց շղթաներից: Նրանք ձեռք կբերեն ամբողջ աշխարհը>>:

Մարքսի բոլոր աշխատություններում տրվել է սոցիալիզմի ծավալուն հիմնավորումը:

Մարքսի հիմնական գաղափարները չեն կարող սպառվել: Դրանք հավերժ են, ինչպես Արքիմեդի, Կոպերնիկոսի, Գալիլեյի, Ջորդանո Բրունոյի հայտնագործությունները:

Մարքսիզմի դրոշի ներքո շարունակում են զարգանալ Չինաստանը, Վիետնամը, Կուբան, Հյուսիսային Կորեան:

Ավելորդ չեմ համարում նշել, որ Ռուսաստանի դաշնության նախագահի ընտրությանը ութը թեկնածուների թվում մասնակցում էին երեք կոմունիստ կամ այնպիսինները, որոնք կապված էին նրանց հետ:

Մարքսի տեսության գլխավոր գաղափարները հաստատվում են: Գլոբալ կապիտալը շարունակում է շահագործել աշխարհը; գունավոր հեղափոխությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Ուկրաինայում և Սիրիայում ընթացող իրադարձությունները վկայում են Արևմուտքի ագրեսիվ ձգտումների մասին:

Մարքսի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ    միջազգային մամուլն ավելի ընդգծված կերպով անդրադարձել է, Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգեդլսի գործունեությանը, նրանց ստեղծած պրոլետարական հեղափոխության, կոմունիզմի մասին գիտական տեսությանը;

Կարլ Մարկսն ու Ֆրիդրիխ Էնգելսը, որոնք պատմության մեջ հայտնի են մնացել որպես գիտական սոցիալիզմի ու գիտական կոմունիզմի տեսության հիմնադիրներ, հիշատակվում են ՙՄարքսիզմի դասականներ՚ ընդհանուր անվամբ:

Կ. Մարքսը 1852 թ. իր ՙԼուի Բոնապարտի բրյումերի տասնևութը՚ աշխատության սկզբում գրում էր.. ՙԻնչ-որ տեղ Հեգելը նկատում է, որ ամբողջ մեծ համաշխարհային-պատմական իրադարձություններն ու անհատները, այսպես ասածª երևում են կրկնակի անգամ: Նա մոռացել է ավելացնելª առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամª որպես ֆարս՚:

Մարքսը նկատում է նաև, որ մարդիկ կերտում են իրենց սեփական պատմությունը, բայց նրանք դա չեն անում ինքնաբերաբար, նրանց հարկ է լինում գործել ոչ թե իրենց ընտրած իրադրության ժամանակ, այլ իրենց ընտրությունից անկախ այն իրադրությունների մեջ, որոնք անմիջապես շրջապատում են նրանց:

Եվ պետք է ասել, որ վերոհիշյալ իրողությունից ելնելով, առանձնապես սովետական տարիներին հայ պատմագրությունը քիչ ուշադրություն է դարձրել, այն պրոբլեմին, թե մարքսիզմի դասականները ինչպիսի ուշադրություն են դարձրել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների առնչությամբ Հայկական հարցին:

Նկատի ունենալով այդ հանգամանքը, կամենում եմ շատ համառոտ կերպով լրացնել մեր պատմագրության մեջ եղած այդ բացը:

Կ. Մարկսը և Ֆ. Էնգելսը 1850 թ. հունվարի 31-ին ՙՄիջազգայն տեսություններ՚-ի մեջ գրել են հետևյալը. ՙ1848 և 1849 թթ. շարժումները Ռուսաստանին այնպես ուժգին ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, որ նա այժմ պետք է որքան հնարավոր է իրականացնել իր հին ծրագրերը Թուրքիայի, Կոստանդնուպոլսիª այդ ՙնրա տան բանալու՚ վերաբերյալ, որպեսզի նրանք ընդմիշտ չդառնան անկատարելի /անիրագործելի/:

Հակահեղափոխության հաջողությունները և Արևմտյան Եվրոպայում հեղափոխական կուսակցությունների ամեն օր աճող ուժը, իրª Ռուսաստանի ներքին դրությունը և նրա ֆինանսների վատ վիճակը հարկադրում են նրան դիմել արագ գործողությունների՚:

Այնուհետև, Մարքսն ու Էնգելսը գրում են, որ Թուրքիայի դեմ պատերազմն անհրաժեշտաբար կդառնա եվրոպական պատերազմ: Ավելի լավ սուրբ Ռուսիայի համար, որն այդ կերպ հնարավորություն ձեռք կբերի տևական ժամանակով հաստատվել Գերմանիայում, այնռեղ եռանդով հասցնի հակահեղափոխության վերջը, օգնել Պրուսիային նվաճել Նևշտատելը և վերջին հաշվով շարժվել դեպի հեղափոխության կենտրոն Փարիզի վրա:

Մարքսն ու Էնգելսն ընդգծում են, որ այդպիսի եվրոպական պատերազմում Անգլիան չի կարող չեզոք մնալ և հանդես է գալու Ռուսաստանի դեմ:

Իսկ Անգլիան,- նշում են նրանք,- Ռուսաստանի համար ամենավտանգավոր հակառակորդն է՚

Մարքսն ու Էնգելսը գրում են նաև, որ ՙեթե կոնտինենտի ցամաքային բանակները կթուլանան Ռուսաստան ներխուժելու դեպքում, ընդարձակվելով ավելի ընդարձակ տարածքի վրա, եթե նրանց առաջ շարժվելը դեպի Ռուսաստան տեղի ունենա լեհական հին սահմանից, նրանց կսպառնա 1812 թվականի կրկնությունը և համարյա լիակատար ոչնչացման, ապա Անգլիան հնարավորություն ունի Ռուսաստանին հարված հասցնելնրա ամենաթույլ տեղում:

Անգլիան կարող է շվեդներին դրդել ետ նվաճել Ֆինլանդիան, որի նավատորմի առջև բաց են Պետերբուրգն ու Օդեսան:

Ինչպես հայտնի է, ռուսական նավատորմն աշխարհում ամենից թույլն է և Կրոնշտադն ու Շլիսելբուրգը կարելի է գրավել հեշտությամբ: իսկ առանց Պետերբուրգի և Օդեսայի Ռուսաստանը վերածվելու է կտրված թևերով հսկայի:

Ասվածին Մարքսն ու Էնգելսն ավելացրել են հետևյալը. ՙՌուսաստանը չի կարող յոլա գնալ առանց Անգլիայի նույնիսկ վեց ամիս, ինչպես իր հումքի իրացման, այնպես էլ արդյունաբերական ապրանքների գնման համար, որն արդեն պարզորոշ կերպով դրսևորվել էր Նապոլեոնի ձեռնարկած կոնտինենտալ շրջափակման ժամանակ և որն ավելի մեծ աստիճանի ուժ ունի ներկա ժամանակում:

Կտրվելով անգլիական շուկայից, Ռուսաստնը մի քանի ամիս անց, կհայտնվի շատ ծանր դրության մեջ: Իսկ Անգլիան, ընդհակառակը, ոչ միայն կարող է մի որոշ ժամանկ յոլա գնալ առանց ռուսական շուկայի, բայց նա կարող է ստանալ ամբողջ ռուսական հումքն այլ շուկաներից:

Ինչպես տեսնում ենք, գրում են Մարքսն ու Էնգելսը,- Ռուսաստանը, որից այպես վախենում են, այնքան էլ վտանգավոր չէ (Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 203-204):

Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսն ուշադրությամբ հետևել են Թուրքիայի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարի ընթացքին և դատապարտել են եվրոպական խոշոր տերություններին, որոնք Հայկական հարցն արդարացի լուծելու փոխանեն օգտագործել են Իրենց շահերի համարª Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոցով:

Մարքսն ու Էնգելսը վճռականորեն պաշտպանել են թուրքական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը, այդ մասին, 1850-ական թվականներից սկսած, եվրոպական մամուլում հրապարակած բազմաթիվ հոդվածներով ու աշխատություններով:

Թուրքական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած պայքարի և այդ առնչությամբ Հայկական հարցի մասին Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի արտահայտած տեսակետը, գնահատականները ներկայացնելու համար կպահանջվի գրել մի ամբողջ հատոր:

Սակայն, ներկա աշխատության համար նախատեսված ծավալը նկատի ունենալով, կամենում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացմել ընդամենը մի քանի գնահատական, որը մոտավոր պատկերացում կտա պարզելու Մարքսի ու Էնգելսի դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ:

Կ. Մարքս. ՙՀույները, հայերը, սլավոնները և արևմտաեվրոպացիները, որոնք հիմնադրվել են ծովային մեծ նավահանգիստներում, իրենց ձեռքին են պահում ամբողջ առևտուրը և նրանք վճռականորեն ոչ մի հիմք չունեն շնորհակալություն հայտնելու թուրքական բեյերին ու փաշաներին դրանով զբաղվելու հնարավորության համար: Հեռացրե'ք բոլոր թուրքերին Եվրոպայից, առևտուրը դրանից ոչնչով չի տուժի՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 25):

Այս դիտողությամբ Մարքսը պատասխանել է եվրոպական մամուլում հանդես եկած այն հեղինակներին, որոնք պնդել են սուլթանի կառավարության դրական դերը հույներին, հայերին, սլավոններին և արևմտաեվրոպացիներին առևտրի ասպարեզում հովանավորելու և նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մարքսն ընդգծել է թուրքերի եկվոր լինելը և նշել է, որ առևտրով զբաղվող վերոհիշյալ ազգերի ներկայացուցիչները Միջերկրական ծովի ափերին վաղուց են հաստատվել:

Կ. Մարքս. ՙԹուրքերն այդ երկրի բնիկները չեն: Փոքր Ասիայում և Հայաստանում նրանք բնակվում են միայն վերջին չորս հարյուրամյակների ընթացքում՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 5):

Հենվելով գիտական փաստերի վրա, Մարքսը եվրոպական քաղաքական պատմագրության մեջ առաջիններից մեկն է եղել, որ հիմնավորել է թուրքերի եկվոր լինելը և պաշտպանել է հայերի անկապտելի իրավումքը որպես Հայաստանի բնիկ ժողովուրդ:

Կ. Մարքս. ՙԵթե Ռուսաստանը Կարսի` Հայաստանի այդ շատ հարուստ և առավել յուրացված մասի հետ միասին տիրի նաև Բաթումին, նա ի վիճակի կլինի խափանելու Տրապիզոնի միջոցով կատարվող առևտուրն Անգլիայի և Պարսկաստանի միջև և կարող է գործողության հենակետ ստեղծել ինչպես Անգլիայի, այնպես էլ Փոքր Ասիայի դեմ՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 117):

Այստեղ Մարքսը բացահայտել է Կարսի նշանակությունը Ռուսաստանի համար և ընդգծել է, որ Անգլիան իր շահերից ելնելով աշխատել է խանգարել Ռուսաստանին հաստատվելու Թուրքիայի արևելյան տարածքներում և այդպիսի պայմաններում նրան բոլորովին չի հետաքրքրել հայ ժողովրդի ճակատագիրը:

Կ. Մարքս. ՙԵթե Կարսը Էրզրումի բանալին է, ապա Էրզրումը Կոստանդնուպոլսի բանալին է և միաժամանակ այն կենտրոնը, որտեղ խաչաձևվում են Անատոլիայի ստրատեգիական ու առևտրական ճանապարհները՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 11(ռուսերեն), էջ 637):

Մարքսը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ 19-րդ դարի ընթացքում Ռուսաստանը երեք անգամ պատերազմ է մղել Թուրքիայի դեմ և երեք անգամ էլ գրավել է Էրզրումը, որը, սակայն, Անգլիայի ճնշման արդյունքով զիջել է Թուրքիային:

Մարքսը մեծ տեղ էր տալիս Էրզրումի ստրատեգիական դիրքին և կարևորել է այն հանագանաքը, թե ում ձեռքին կլինի այդ ամրոցը:

Ի միջի այլոց, հարկ եմ համարում նկատել, որ Էրզրումի վերաբերյալ նույն տեսակետն է ունեցել հայ նշանավոր զորահրամանատար Միքայել Լորիս-Մելիքովը, որը 1878 թ. գրավել էր Էրզրումը և կամենում էր դարձնել Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք:

Կ. Մարքս. ՙԳյումրին մի ամրոց է, որը հատուկ կառուցված է թուրքերից պաշտպանվելու համար՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 639):

Ֆ. Էնգելս. ՙՂորանը և նրա վրա հիմնված մուսուլմանական օրենսդրությունը տարբեր երկրների աշխարհագրությունը և ազգագրությունը հանգեցնում են երկու երկրների և երկու ազգի` հավատացյալների ու անհավատների բաժանելու հասարակ և հարմար ֆորմուլայի: Իսլամն անհավատներին օրենքից դուրս է հայտարարում և մշտական թշնամական վիճակ ստեղծում մուսուլմանների և անհավատների միջև՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 10(ռուսերեն), էջ 167):

Ֆ. Էնգելս. ՙԱմբողջությամբ վերցրած թուրքերի բնածին ատելությունը ՙգյավուրների՚ նկատմամբ այնքան է ուժեղ, նրանց սովորույթները և պատկերացումները եվրոպականից այնքան են տարբերվում, որ քանի դեռ երկրում թուրքերը մնում են կառավարող ազգ, նրանք չեն ենթարկվի այն մարդկանց, որոնց իրենց հոգում արհամարում են, նրանց մի քանի անգամ իրենցից ցածր համարելով: Արհամարանքի այդ զգացումը տարածվել է նույնիսկ բանակի կազմակերպման վրա, այն բանից հետո, երբ նա եվրոպական տեսք է ընդունել: Շարքային թուրքը նույնքան ատում է գյավուրների կազմակերպությունը, որքան հենց իրենց` գյավուրներին՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 11(ռուսերեն), էջ 491):

Դեռևս 1894 թ. Ժնևում Ֆ. Էնգելսի ՙՍոցիլիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն՚ աշխատությունը հայերեն թարգմանող ու տպագրող Հովսեփ Աթարբեկյանցը դիմել էր Ֆ. Էնգելսին, խնդրելով ՙԿոմունիստական կուսակցության մանիֆեստի՚ հայերեն հրատարակության համար գրել առաջաբան:

Ֆ.Էնգելսը 1894 թ. նոյեմբերի 23-ին  պատասխան նամակում մերժել է  Հ. Աթարբեկյանցի խնդրանքը և գրել է հետևյալը. ՙՈրքան էլ շնորհակալ եմ Ձեզանից Հայաստանի դրության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ տալու համար, այնուամենայնիվ, չեմ կարող ճիշտ և խելացի համարել` դատողություններ անել այնպիսի բաների մասին, որոնք իմ սեփական ուսումնասիրությունների արդյունքը չեն: Մանավանդ տվյալ դեպքում, երբ խոսքը ճնշված ժողովրդի մասին է, որը դժբախտության բերումով գտնվում է թուրքական դեսպոտիզմի Սցիլլայի և ռուսական դեսպոտիզմի Խարիբդայի միջև, ընդ որում  ռուսական ցարիզմը  չարաշահում էª հանդես գալով  ազատատարի դերում, իսկ  լակեական ռուսական մամուլը, ելնելով ցարիզմի ագրեսիվ  նպատակներից,  բաց չի թողնում առիթը օգտագործելու հայերի ազատագրության վերաբերյալ արտահայտած կարեկցանքի յուրաքանչյուր խոսք՚:

Բայց եթե անկեղծորեն ասենք,- շարունակել է Էնգելսը,- իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանի ազատագրումը թուրքերից,  ինչպես նաև ռուսներից, հնարավոր կլինի միայն այն օրը, երբ կտապալվի ռուսական ցարիզմը՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 39(ռուսերեն), էջ 271):

Այսպիսով, նկատի ունենալով հայ ժողովրդի ծանր վիճակը,  Էնգելսը հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորում էր ռուսական ինքնակալության տապալմամբ:

 Փաստորեն Էնգելսը հայ հեղափոխականներին մատնացույց էր անում ցարիզմի տապալման կարևորությունը,  որով էլ հնարավոր կլիներ  արևմտահայերի ազատագրումը թուրքական դեսպոտիզմից: Սա նշանակում էր, որ  Արևմտյան Հայաստանի ազատագրումը  սերտորեն կապված է ռուսական հեղափոխության հաղթանակի հետ: Միայն Ռուսաստանի հաղթանակած հեղափոխությունը կարող է օգնել  արևմտահայերի ազատագրությանը:

Ըստ էության, Ֆ. Էնգելսն այն համոզմանն էր, որ եվրոպական ոչ մի տերություն շահագրգռված չէ  Հայկական հարցի լուծմամբ: Դա հնարավոր էր միայն Ռուսաստանի  հեղափոխության հաղթանակով:

Ֆ.Էնգելսն իր նամակով արևմտահայության ազատագրման գործում բարձրացնում էր  ռուսական հեղափոխության դերը, ցարիզմի տապալման առաջնային անհրաժեշտությունը, որոնց արդյունքով  կբացվեր արևմտահայության ազատագրության ճանապարհը:

Հարկ եմ համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել մի փաստ ևս, որի վրա մեր պատմագրությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել:

Կ. Մարքսը մշտապես քննադատել է Հայկական հարցում Անգլիայի քաղաքականությունը: Այս կապակցությամբ նա ուշադրություն է դարձրել Ղրիմի պատերազմի ընթացքում անգլիական մամուլի հրապարակումներին, որոնցում քարոզվում էր այն միտքը, թե Ռուսաստանն այն միակ երկիրն է, որ փոքր ժողովուրդներին թուրքական լծից ազատելով, նպատակ ունի նրանց ստրկացնել ու ձուլել, իսկ Թուրքիայում նրանք ազատ գոյության ու զարգացման հնարավորություն ունեն:

Եվ իբրև այդ տեսակետի ապացույց անգլիական մամուլը 1853 թ.  ասպարեզ է բերել իբր Կիլիկիայի հայկական թագավորության ժառանգորդ ավանտյուրիստ ոմն Լևոն Լուսինյանին, տարածելով նրա կոչը ուղղված արևմտահայերին:

Եվ որպեսզի ցույց տա Հայկական հարցում անգլիական դիվանագիտության ամբողջ խարդավանքը, Կ. Մարքսը  հարկ է համարել հրապարակել Լ. Լուսինյանի կոչը, որն ամբողջությամբ մեջբերվում է ստորև:

Լևոնը, Աստծո ողորմածությամբ Հայաստանի և այլնի գերագույն իշխանըª Թուրքիայի հայերին.

Սիրելի եղբայրնե'ր և հավատարիմ հայրենակիցնե'ր: Մենք արտահայտում ենք մեր կամքը և բուռն ցանկությունը, որպեսզի դուք մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանեք ձեր երկիրը և սուլթանին ընդդեմ հյուսիսային բռնակալի:

Հիշեցե'ք եղբայրներ, որ Թուրքիայում գոյություն չունեն մտրակներ, որ թուրքերը չեն ցավեցնում ձեր ռունգները և չեն վարկաբեկում ձեր կանանց ոչ գաղտնի, ոչ բացահայտ:

Սուլթանի իշխանության տակ ծաղկում է մարդկայնությունը, հյուսիսային բռնակալի իշխանության տակ ոչինչ չկա, բացի գազանային բռնություններից: Դրա համար էլ հանձնեցե'ք ձեզ Աստծո ողորմածությանը և անձնազոհությամբ մարտնչեցե'ք հանուն ձեր երկրի ազատության և ձեր այժմյան իշխանի:

Քանդեցե'ք ձեր տները բարիկադներ կառուցելու համար. եթե դուք զենք չունեք, ջարդեցե'ք ձեր տնային իրերը և պաշտպանվեցե'ք դրանցով: Թող Աստված ձեզ առաջնորդի փառքի ճանապարհին: Իմ միակ երջանկությունը մարտնչելն է ձեր շարքերում` ընդդեմ ձեր երկիրը և ձեր հավատը ճնշողների:

Աղոթում եմ Աստծուն, որպեսզի սուլթանը բարյացակամորեն տրամադրվի հավանություն տալու իմ կոչին, քանի որ նրա տիրապետության տակ է պահպանվում մեր կրոնի մաքրությունը, այն դեպքում, երբ հյուսիսային բռնակալի իշխանության տակ մեր կրոնը կկեղծվի:

Հիշեցե'ք վերջապես, եղբայրնե'ր, այս կոչը գրողի երակներում հոսում է քսան թագավորների արյունը, Լուսինյան հերոսների, մեր հավատքի պաշտպանների արյունը: Մենք ձե'զ ենք դիմում. մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանենք մեր կրոնի մաքրությունը՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 141-142):

Ընթերցողին հիշեցնեմ, որ Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին նույնպիսի բովանդակությամբ կոնդակ էր ուղղել արևմտահայերին, որի մասին խոսք է եղել նախորդ էջերում:

Հարկ եմ համարում նշել, որ մեր պատմագրության մեջ դեռևս ամբողջությամբ չեն ուսումնասիրվել ու չի ընդհանրացվել Հայաստանի ու Հայկական հարցի մասին Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի դիտարկումները: Առաջին փորձը ձեռնարկել է ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը 1931 թ. հրապարակած ՙԷնգելսը և Հայկական հարցը՚ գրքում:

Նրանց դիտարկումներին առավել հանգամանորեն անդրադարձել է պատմաբան Սերգեյ Ֆրանգուլյանը 1975 թ. հրապարակած ՙԿ. Մարքսը և Ֆ. Էնգելսը ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի մասին՚ գրքում, որը նույնպես չի ընդգրկում ամբողջ նյութը:

Ինձ մնում է հուսալ, որ մեր երիտասարդ պատմաբանների մեջ կլինեն ավելի համարձակ ուսումնասիրողներ, որոնք հաշվի չեն առնի մեր օրերում Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի անունների նկատմաբ եղած տաբուն և ընթերցող հանրությանը կներկայացնեն Հայկական հարցի արդար լուծման մասին նրանց վերաբերմունքը:

 

Վլադիմիր Պետրոսյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

15.05.2018Թ.

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ