Քաղաքական բարեփոխությունները կամ քաղաքական հեղափոխությունը անհրաժեշտություն էր դարձել Հայաստանում: Այս փաստը զգում էին բոլորը՝ հատկապես երիտասարդությունը և մտավորականները, սակայն դժբախտաբար չէին զգում կուսակցությունների մեծ մասը, կամ, եթե զգում էին, իրենց բնույթից ու գործելաոճից ելնելով՝ անկարող էին քաղաքական բարեփոխություն կամ հեղափոխություն կատարել:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երիտասարդների ու ընդհանրապես միջին խավից ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցավ քաղաքական հեղփոխություն, որտեղ պետք է վերանան կաշառակերությունը, բարեկամությունների հիման վրա պաշտոնների բաշխումը, դատարանի կախվածությունը իշխանավորներից և քաղաքական մենաշնորհները: Բարեբախտաբար ներկա երիտասարդ իշխանությունը ունակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման փոփոխություններ կատարելու, երիտասարդ իշխանավորները լի են էներգիայով ու բարեփոխություններ իրականացնելու դրդապատճառներով և մաքուր ու ոչ պահպանողական աշխատաոճով: Բոլորս պետք է նրանց թև և թիկունք կանգնենք քաղաքական բարեփոխությունները իրականացնելու գործում, որովհետև դա կխորացնի քաղաքական դեմոկրատիան մեր երկրում ու բարենպաստ հող կպատրաստի քաղաքական զարգացումների համար:
Երկրների ճակատագրերը ու ժողովրդի կողմնորոշումները ավելի շուտ որոշվում են ոչ թէ քաղաքական գործոններով ու բնույթով, այլ տնտեսական գործոններով: Երկրի իշխանությունը տապալելու նպատակով իմպերիալիստական ու մեծ կապիտալիստական երկրները աշխատում են թուլացնել այդ երկիրը տնտեսապես: Օրինակ Ամերիկան իրեն չենթարկվող երկրներին տապալելու կամ իրեն ենթարկելու համար սկսում է տնտեսական սանկցիաներ կիրառել ու շրջափակման մեջ պահել այդ երկրին մինչև տնտեսապես այդ երկրի ժողովուրդը վատ ապրելով տապալեն իրենց իշխանությանը: Ամերիկայի դիրքորոշումը Իրանի, հյուսիսային Կորեայի, Վենեզուելայի և իրեն հակառակ այլ երկրների հանդեպ՝ դրա վառ օրինակներից են:
Հաճախ առանց արտաքին միջամտությունների, ու միայն իշխանության սխալ տնտեսական համակարգ ունենալով, ու սովորական և աշխատավոր մասսաների տնտեսական շահերի հակառակ քաղաքականություն վարելով, որևէ իշխանություն, այդ թվում նաև մեր երկրի երիտասարդ ու դեմոկրատիկ իշխանությունը, որոնք, եթե սխալ տնտեսական համակարգ կիրառեն երկրում, կարող են իրենց տապալման պատճառ դառնալ: Հարստությունը անարդար ձևով երկրում բաժանելը պատճառ է դառնում, որ ժողովրդի տնտեսական վիճակը վատանա ու ոտքի է հանվում ժողովուրդին՝ այդ ռեժիմին տապալելու համար, կամ էլ խաղաղ ձևով փորձում է իշխանափոխություն անել:
Վերոհիշյալ իրականությունը՝ նկատի ունենալով, որ շատ կարևոր է, թէ մեր երիտասարդ նոր պետությունը ինչպիսի տնտեսական բարեփոխություններ կամ հեղափոխություն է անելու: Արդյոք այդ բարեփոխությունները բարձրացնելու են ժողովրդի կենսամակարդակը, վերացնելու են գործազրկությունը և բարելավելու են մարդկանց կենսամակարդակը թէ ոչ: Այստեղ մեծ վտանգ գոյություն ունի մեր երիտասարդ իշխանավորների համար և դա տնտեսական հարցերով ուղղորդվելն է նեոլիբերալական ուղղություններով, որոնք ավելի կխորացնեն տնտեսական անհավասարության վիճակը և տեղիք կտան մեծ դժգոհությունների և մեծ ալիք կարող է բարձրանալ նրանց դեմ, որտեղ պղտոր ջրից անպայման կօգտվեն նաև իրենց հակառակորդները:
Կարծում եմ, պետք է մեծացնել պետության դերակատարությունը տնտեսական աշխատանքներում, պետք է մեծ տեղ տալ սոցիալական ծառայություններին, պետք է տարբեր միջոցներով ու միջամտություններով բարձրացնել արդյունաբերությունը և ստեղծել աշխատատեղեր, իրականում վերջ տալ մոնոպոլիաներին, մեծ ու հարմար շուկաներ գտնել Եվրասիայում, տարածաշրջանում և տարբեր երկրներում՝ ստեղծելով մասնագիտական մարմին՝ օգնություն ցուցաբերել արդյունաբերողներին ու արտահանողներին: Չենթարկվել միայն ազատ շուկայական ջատագովների ցուցմունքներին, ու ըստ սովորական ժողովրդի շահերի, կիրառել մեր ժողովրդի տնտեսական շահերի ու զարգացմանը համապատասխանող տնտեսական քաղաքականություն: Պետք է իմանանք, որ մեր երկիրը հարուստ կապիտալիստական երկիր չէ և չենք կարող համեմատվել զարգացած կապիտալիստական երկրների հետ, որովհետև չունենք այդքան հավելյալ կապիտալ և միջոցներ:
Ռուբիկ Սարդարյան
Թեհրան, մայիս 2018թ.