Սովետական Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի «Թուրքահայաստանի մասին» դեկրետը՝ Վլադիմիր Պետրոսյանի հեղինակած գրքի շնորհանդեսը

07 Մարտի 2018

   Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը 2018թ. մարտի 2-ին կազմակերպել էր պատմ.գ.դ.պ. Վլադիմիր Պետրոսյանի հեղինակած՝ Սովետական Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից հռչակած  «Թուրքահայաստանի  մասին» դեկրետը գրքույկի շնորհանդեսը։ Այդ փաստաթղթի մասին ժողովրդական հերոս, ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ՝ Անդրանիկ Օզանյանը գրել է, որ «Հայաստանի մասին բոլոր պաշտոնական փաստաթղթերի համեմատությամբ բոլշևիկնյան դեկրետը ամենից անկեղծն է և, հնարավոր է, որ կդառնա համընդհանուր ճանաչման փաստ»։

     Գրքի շնորհանդեսը բացեց ՀԱՄԿԿ նախագահ Վ. Սաֆարյանը։ Նա նշեց, որ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության համաշխարհային պատմական նվաճումներից էր ազգերի ինքնորոշման սկզբունքի որդեգրումը, որով հնարավորություն տրվեց Ցարական Ռուսաստանի կազմի մեջ մտնող մի շարք ազգային կազմավորումներին անկախություն ստանալ։ Դրանցից էին Լեհաստանը, Ֆինլանդիան, Մերձբալթյան հանրապետությունները։ Արևմտյան Հայաստանը՝ ներառյալ Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթները, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում /1915-1916թթ./, Կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի ձեռք բերած հաղթնակների շնորհիվ գտնվում էին Ռուսաստանի տիրապետության տակ։

    Վ. Սաֆարյանը նշեց, որ գիրքը նվիրված է դեկրետի ընդունման 100-ամյակին։ Նա կարևորեց գրքի քննարկումը և կարծիք հայտնեց, որ այն կարևոր է հայ ժողովրդի օրակարգում մշտական գրանցում ստացած «Հայկական հարցի»  արդարացի լուծման գործում։

   Վ. Պետրոսյանի այս նոր աշխատությունը կլրացնի ընթերցողի գիտելիքները և նորովի լույս կսփռի հայ ժողովրդի պատմության 1915-23թթ.  դրամատիկ  իրադարձությունների վրա՝ աշխարհում ընթացող պրոցեսների համատեքստում։ Ցարիզմի դեմ մղվող պայքարը 1917թ. փետրվարի 27-ին ավարտվեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակով, ինքնակալության տապալմամբ, Ռուսաստանում Ժամանակավոր կառավարության ստեղծմամբ՝ Իշխան Գ. Լվովի գլխավորությամբ։ Այդ կառավարության որոշմամբ էլ /1917թ. մարտի 9-ին/ վերացվեց Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի  Հատուկ կոմիտեն /ՕԶԱԿՈՄ/ հետևյալ կազմով՝ Պետական Դումայի անդամներ՝ Մ. Խառլամովը /կադետ/՝ նախագահ, անդամներ՝ Մ. Պապաջանյանը /կադետ/, Մ. Ջաֆարովը /կադետ, իրականում՝ մուսավաթական/, Կ. Աբաշիձեն /սոցիալ ֆեդերալիստ/։   Հետագայում ՕԶԱԿՈՄ-ի անդամ դարձավ նաև դաշնակցության ներկայացուցիչ՝ Հ. Զավարյանը։ ՕԶԱԿՈՄ-ի ստեղծման առաջին իսկ օրվանից ի հայտ են եկել  այդ կառույցում ընդգրկված քաղաքական ուժերի հակասությունները, որտեղ առանձնապես եռանդով էին գործում ադրբեջանցի մուսավաթականները և վրացի մենշևիկները, որոնք ձգտում էին իրենց հարցերը լուծել հայ ժողովրդի հաշվին։  Հ. Զավարյանը չէր դնում Արևմտյան Հայաստանին ինքնավարություն շնորհելու հարցը, այլ միայն պահանջում էր Արևմտյան Հայաստանի գլխավոր կոմիսարին դնել Ժամանակավոր Կառավարության ենթակայության տակ։ 

     Այսպիսով, գրքի  հեղինակը վերլուծելով Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության և ՕԶԱԿՈՄ-ի գործողությունները, հանգել է այն եզրահանգման, որ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ ցարական Ռուսաստանի կառավարության և Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության վարած քաղաքականությունը հետևողական չէր։ Նրանց ձեռնարկած միջոցառումները ոչ միայն թերի էին, այլև ժամանակին վճռական քայլեր չէն կատարվել դրանց իրականացումն ապահովելու համար։

    «Թուրքահայաստանի մասին» դեկրետի առաջին զեկուցագիրը և դեկրետի նախագիծը ներկայացրել է Վահան Տերյանը, որն արժանացել է Լենինի հավանությանը և նրա կողմից հանձնարարվել է Ստալինին, Պռոշ Պռոշյանին, Վահան Տերյանին, Վառլամ Ավանեսյանին, Ռոստոմ Զորյանին, Լևոն Կարախանյանին միասին քննարկել և կազմել դեկրետի նոր նախագիծ։

       Դեկրետը ընդունվել է 1917թ. դեկտեմբերի 29-ին, և Ժողկոմխորհրդի որոշմամբ դեկրետի իրագործումը դրված էր Ստ. Շահումյանի վրա, ով դեկրետի ընդունումից  օրեր առաջ /1917թ. դետկեմբերի 18-ին/ Ժողկոմխորհրդի որոշմամբ նշանակվել էր Կովկասի գործերով Ժամանակավոր Արտակարգ Կոմիսար։ Լենինի և Ստալինի ստորագրած վկայականում նշվում էր նաև, որ Ստ. Շահումյանն այդ պարտականությունները կատարելու էր մինչև Կովկասի երկրամասում Սովետական իշխանության հաստատումը։ Ստ. Շահումյանը զգուշացնում էր, որ «Ազգայնական քաղաքականության հետևանքով Կովկասն ու մասնավորապես Անդրկովկասը անխուսափելիորեն գլորվում են դեպի հակահեղափոխության և ազգայնական պատերազմների անդունդը»։

       Այնուհետև հեղինակը անդրադարձել է այն հարցին, թե կա՞յին արդյոք երաշխիքներ «Թուրքահայաստանի մասին» Ժողկոմխորհրդի դեկրետի իրագործման համար և ընդգծում է, որ Սովետական Ռուսաստանի կառավարությունը, անձամբ նրա ղեկավար՝ Վ. Ի. Լենինը սկզբունքորեն դեմ լինելով ամեն տեսակ անեքսիաների, Արևմտյան Հայաստանի նկատմամբ կիրառվող քաղաքականության մեջ դեմ չէին այնտեղ ռուսական զորքերը պահպանելուն, որը տվյալ դեպքում համապատասխանում էր հայ ժողովրդի շահերին, ինչի մասին ուղակի արտահայտվել էին Ստ. Շահումյանը, Պռոշ Պռոշյանը և Վահան Տերյանը։

    Հեղինակը կարևոր է համարում նշել հետևյալ հանգամանքը, այն է՝ Սովետական Ռուսաստանի կառավարությունը իր գոյության հենց առաջին օրից հանդես էր գալիս «անհապաղ հաշտություն առանց անեքսիաների և առանց կոնտրիբուցիաների» պահանջը իրականացնելու դիրքերից։ Դա Սովետական Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն էր, որի մասին Վ.Ի.Լենինը տարբեր առիթներով հայտարարում էր մշտապես։

    Բայց Լենինը Թուրքահայաստանի կապակցությամբ չէր պնդում այդ սկզբունքի կիրառումը և համաձայնվել էր, որպեսզի Արևմտյան Հայաստանում մնան ռուսական զորքերը։

 Ցավոք, Հայաստանի դաշնակցական քաղաքական գործիչները շարունակում էին Անդրկովկասյան Կոմիսարիատի ներսում համագործակցել վրաց մենշևիկների ու ադրբեջանական մուսավաթականների հետ, որոնք բոլորովին էլ շահագրգռված չէին Հայաստանի ճակատագրով և իրենց գլխավոր նպատակն էին դարձրել պայքարը Սովետական Ռուսաստանի դեմ՝  իրենց հույսը կապելով Գերմանիայի ու Թուրքիայի հետ։

   «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրականացման գլխավոր պայմանն Արևմտյան Հայաստանի տարածքում ռուսական զորքերի պահպանումն էր ու Սովետական Ռուսաստանի հետ համագործակցելը։ Ռուսական բանակը ռազմաճակատից հեռացնելու մեջ ամենից շատ շահագրգռված էին վրացի մենշևիկներն ու ադրբեջանցի մուսավաթականները։ Իսկ հայերը պետք է ամուր պահեին իրենց սահմանները պաշտպանող ռուս զորքին։ Բայց դրա փոխարեն Դաշնակցությունն աջակցում էր մենշևիկներին ու մուսավաթականներին՝ որքան կարելի է շուտ Կովկասից հեռացնել ռուսական բանակը։ Այդ մասին պատկերավոր գրել է Վահան Տերյանը (Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հ. չորրորդ, Եր., 1975, էջ 147-148)։

  Այսպիսով, Անդրկովկասի Կոմիսարիատի ոչ հեռատես քաղաքականության հետևանքով ռուսական զորքերը դուրս բերվեցին Անդրկովկասից և նոր սպառնալիք կախվեց հայ ժողովրդի վրա։ Եվ ի չիք դարձավ «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրականացման հնարավորությունը։

      «Թուրքահայաստանի մասին» Սովետական Ռուսաստանի Ժողկոմխորհրդի դեկրետը Հայկական հարցի պատմության մեջ առաջին և միակ փաստաթուղթն է, որ խոշոր տերություններից   մեկը՝ ոչ միայն ճանաչել էր Արևմտյան Հայաստանի անկախությունը, այլև նախատեսել էր դա իրականացնելու միջոցները, որոնց մեջ առաջին հերթին կարևորվել է Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերին պահելը։   

    Գրքի շնորհանդեսին մասնակցում էր և ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմենակ Աբրահամյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ