Խորհրդային միության դավադիր փլուզումից անցել է 27 տարի՞ Ինչ են շահել ԽՍՀՄ-ում եղած պետությունները և նրանցում ապրող ժողովուրդները: Գրեթե ոչինչ: Փլուզված տնտեսություն, աղքատության եզրին հասած ժողովուրդ, գողացված, մի մասն էլ արևմուտք արտահանված ազգային հարստություն: Արևմտյան վարկեր, արևմտյան փչացած բարքեր, դոլլարային տենդ: Էլ չենք խոսում պարտադրված պատերազմների, ժողովուրդների միջև թշնամության սերմանման, մարդկանց բարոյական անկման մասին:
Խորհրդային Հայաստանին փոխարինելու եկած Հայաստանի Հանրապետությունը ևս անցավ այս ամենի միջով: Չխորանալով այդ ամենի մեջ, անդրադառնանք միակ լուսավոր կետին՝ Արցախի ազտագրմանը:
Արցախը` լինելով Մեծ Հայքի 14-րդ նահանգը, Հայաստանի և հայ ժողովրդի համար հանդիսացել է ինչպես անառիկ մի փոքր հայրենիք` թշնամիների հանրձակումներին դիմակայելու և հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը վառ պահելու համար:
Բազում զրկանքների գնով, հազարավոր մարդկային զոհերի, հայ զինվորների ու սպաների աներևակայելի հերոսության շնորհիվ կարողացանք մեր մեծ հայրենիքի՝ “Մեծ Հայքի” մի գավառը՝ Արցախը, վերամիավորել մայր հայրենիքին: Այն մեր ժողովրդի մոտ առաջացրեց մեծ ոգևորություն: Հեշտ է ասել. շուրջ 700 տարվա մեջ, առաջին անգամ, հայերը տանում են հաղթանակ և ազատագրում իրենց հայրենիքի մի մասը: Թեկուզ դեռ չճանաչված ու բազում դժվարություններով լի… Հանուն Արցախի ազատագրության, մեր ժողովուրդը տարավ և զրկանք, ունեցավ հարյուր հազարավոր փախստականներ, ունի շարունակվող արտագաղթ:
Բայց այսօր մեծ վտանգ է կախվել Արցախի գլխին: Եթե նախկինում մեր ժողովուրդը ներում էր իշխանությունների վարած տնտեսական արատավոր քաղաքականությունը՝ հանուն նրա, որ Արցախի հարցը հայանպաստ լուծում ստանա, ապա այսօր ճաքեր կան նաև արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես Արցախի հացում:
Մի քանի օր առաջ Եվրամիության հետ Հայաստանը կնքեց Ասոցացման համապարփակ պայմանագրեր: Նախկինում, Ռուսաստանի և նախկին խորհրդային միության մի քանի հանրապետությունների հետ ևս կնքվել էին, Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագրեր: Ստացվեց այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է երկու դաշինքում, որոնք կարծես թե իրարամերժ են միմյանց:
Այս իրականությունը արդյո՞ք նման չէ 1920 թվականին : Իհարկե նման է: Այն ժամանակ էլ Թուրքիայի պահանջով մուսավաթական Ադրբեջանը 1920 թ. ապրիլին, մեկ գիշերվա մեջ դարձավ Խորհրդային: Թուրքիան էլ իր հերթին սկսեց մերձենալ Խորհրդային Ռուսաստանին: Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան գաղտնի բանակցում էր Անտանտայի պետությունների հետ, միաժամանակ Ռուսաստանի առջև հանդես էր գալիս որպես սոցիալիստական գաղափարների կրող: Ճկուն քաղաքականություն իրականացնելով Քեմալ Աթաթուրքը կարողացավ ժամանակ շահել, զինել թուրքական բարոյալքված, Առաջաին համաշխարհային պատերազմում պարտված բանակը և անցնել հարձակման` հույների և “իմպերիալիստական ” Հայաստանի դեմ: Իսկ ի՞նչ էին անում հայերը: Հայաստանի կառավարությունը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել տվյալ իրականության մեջ: Անհեսատես գտնվելով տվյալ իրավիճակում Հայաստանի իշխանությունները դաժանաբար ճնշեցին բոլշևիկների կողմից կազմակերպած 1920թ. մայիսյան ապստամբությունը, չկարողացան լեզու գտնել Խորհրդային Ռուսաստանի հետ, շարունակ մնացին հավատարիմ Սևրի անիրականալի պայմանագրին (գոնե մեզ համար), որից և հրաժարվեցին Լոզանի կոնֆերանսում: Իսկ Խորհրդային Ռուսաստանի Հայաստանի հետ համագործակցության առաջարկությունները մերժվում էին: Եթե դաշնակցական կառավարությունը խոհեմություն դրսևորեր և համագործակցեր Խորհրդային Ռուսաստանի հետ, ապա չէր լինի Թուրքիայի հարձակումը (1920թ. սեպտեմբերի 23) Հայաստանի վրա, չէր ընկնի Կարսի անառիկ ամրոցը, չէր գրավվի Ալեքսանդրապոլը, չէր կնքվի պարտության Ալեքսանդրապոլի (1920թ. դեկտեմբերի 2) խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը դարձավ 9,5 հազ.. քառ. կմ :
Որոշ վերապահումներով, նույն պատկերն է այժմ: Նորից Թուրքիան “սիրաշահում է” Ռուսաստանին: Մտքում պահելով Ղարաբաղի հարցի թուրքանպաստ լուծումը:
Նորից մեր դիվանագիտությունը նույն սխալներն է թույլ տալիս, հայացքը հառնելով դեպի Եվրոպա և Արևմուտք: Եվ սա այն դեպքում, երբ ունենք Լեռնային Ղարաբաղի հարցը և չլուծված բազում խնդիրներ:
Հաշվարկվե՞լ է արդյոք, թե ինչ է տալու Ասոցացման համապարփակ ծրագիրը հայ ժողովրդին: Եթե վարկերն են լինելու, ապա դրանք առանց պայմանագրի էլ լի ու լի տրվել են: Եթե եվրոպական բարքերը պետք է պարտադրվեն, ապա դրանց մեծ մասը հարիր չեն մեր ժողովրդի հոգեկերտվածքին: Եթե մեր պատվիրակությունների այցերը պետք է շատանան, ապա դրանք առանց այն էլ պակասություն չեն զգում:
Կարծում եմ այս պայմանագիրը չի լուծելու նաև Հայաստանի տնտեսության զարգացման և երկրի անվտանգության ապահովման հարցերը: Մեր երկրիը քիչ բան կարող է տալ Եվրոպային, տնտեսապես գրավիչ չէ Եվրոպական բիզնեսի համար: Իսկ անվտանգության տեսակետից եվրոպական երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են, ինչպես և մեր ոխերիմ հարևանը՝ Թուրքիան:
Այնպես որ, նորից մնում է Ռուսաստանը, Եվրասիական միությունը: Այստեղ է Արցախի հարցի արդարացի լուծման բանալին: Ինչքան Եվրասիական համագործակցությունը խորանա, բազմաշերտ դառնա, այդքան շուտ կամրագրվի Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարով ձեռք բերված անկախությունը :
Հեղինակ՝ Գուրգեն Հովհաննիսյան
Արագածոտնի