Գաղափարներ հետսոցիալիստական հասարակության մասին

23 Սեպտեմբերի 2017

Սոցիալիստական գաղափարախոսները անդրադարձել են նաև հետսոցիալիստական հասարակության բնույթին, սակայն արդյո՞ք այդ հասարակությունը հասանելի է, թէ միայն իդեալներ են: Նման հասարակությունը ներկայումս այնքան աբստրակտ կամ վերացական, ուտոպիա և իրականություններից հեռու է, որ լրջորեն սոցիալիստական շարժումների օրակարգ չի դառնում: Սա չի նշանակում ուտոպիայի մերժում, մարդը առանց ուտոպիայի, առանց երազանքների չի կարող գոյատևել, իսկ մարդը իր ձգտումները, երազանքները, գաղափարները իրականացնելու համար պետք է շարունակ հետևողականորեն աշխատի: Ինչքան հասարակությունը զարգանա, առաջ ընթանա, այնքան էլ մեծանալու են նրա պահանջմունքները, հույսերի ու սպասելիքների մակարդակը և հենց այս ընթացքն է, որ անվերջ է:
Խոսվել է ու պատկերացում է կազմվել, որ սոցիալիստական հասարակությանը հաջորդելու է մի այնպիսի հասարակություն, որտեղ չի լինելու ոչ իշխանություն և ոչ էլ դասակարգեր: Այդ հասարակությունում մարդիկ հեռու են լինելու մրցակցությունից, ապրելու են ըստ իրենց «Կարիքների» և ոչ թէ «Կարողությունների»: Հասարակությունում գոյություն են ունենալու բոլոր տեսակի սպասարկումներ ու պահանջվող իրեր: Մի գուցե այսօրվա մարդու համար դա վերացական թվա ու դա բնական է, բայց մարդկային երևակայությունը սահման չունի և սրանք այնպիսի գաղափարներ են, որոնք կարող են օգտավետ լինել մարդուն պատկերացումներ կազմելու համար` հետսոցիալիստական հասարակության մասին: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ապագայի հարց է և ապագայի մարդիկ մեզանից ավելի լավ կարող են կողմնորոշվել այս հարցում:
Սոցիալիզմի կազմավորման ժամանակ տարբեր սխալներ են թույլ տրվել: Սոցիալիստական երկրներում շատ ընկերություններ ու մեծ ու փոքր տնտեսական միավորներ պետականացվեցին: Սոցիալիստական իշխանությունները ոչ միայն չվերացրին «Պետական Մեքենան» այլև բոլոր տեսանկյուններից զարգացրին ու հզորացրեցին: Ընդհանուր պետականացումները իրենց բնորոշ հետևանքները ունեցան, որոնցից մեկը հասարակական հավասար խավի առաջացումն էր:
Նորօրյա Սոցիալիստական հասարակարգի ձևավորման համակիրները քննադատություններ են հնչեցնում սոցիալիզմի փորձառությունների նկատմամբ, բայց երբեք չեն պարզում, թէ իրենց պատկերացրած սոցիալիզմը ինչ տարբերություններ ունի անցյալի սոցիալիզմի հետ: Սեփականության հասարակայնացման որ ձևերն են պատկերացնում և մասնավոր սեփականության վերացման ինչ մակարդակով ու ձևերի են կողմնակից, օրինակի համար արդյո՞ք համաձայն են փոքր արհեստանոցների, խանութների, սպասարկման, արտադրության ու բաժանման փոքր մասշտաբի սեփական միավորների ու նման միավորների գոյության հետ, թէ ոչ: Ներկայիս սոցիալիստական մի շարք երկրներում կարող ենք ականատեսը լինել մի շարք նման միավորների գոյությանը: Արդյո՞ք ուժ գործադրելով պետք է գյուղատնտեսական հողերը պետականացնել թէ փոխադարձ համաձայնությամբ համագործակցության կոոպերացիայի այլ ձևեր ընտրել, արդյո՞ք դիմադրողների նկատմամբ պետք է ուժ գործադրել: Առողջ մրցակցության հարցի ճակատագիրը ինչպես է լինելու, և նման այլ հարցեր, որոնք պետք է աստիճանաբար ըստ պայմանների ու ժամանակի ուսումնասիրվեն սոցիալիստական համակարգի համակիրների կողմից ու պարզաբանումներ մտցնեն այս հարցերում, որպեսզի ժողովուրդը էլ ավելի վստահի սոցիալիստական համակեցության ջատագովներին` ստեղծելու սոցիալապես արդար քաղաքական ու տնտեսական համակարգին:


Վարդան Ղազարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ