Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը (Ժիրայր Ավետիսյան)

10 Օգոստոսի 2017

“Դեմոկրատական Սոցիալիզմ” կայք-էջը սկսում է հրապարակումների շարք` ”Ազգային գաղափարախոսության” վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք անվանի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ  Ժիրայր Ավետիսյանի Ազգային գաղափարախոսության վերաբերյալ իր գրառումները` տպագրված “Մտորումներ ժամանակների մասին” հրապարակախոսության ժողովածուում: Ընթերցողներին հրավիրում ենք մասնակցել այս թեմայի շուրջ քննարկումներին:

 - Խորհրդային իշխանության տարիներին, երբ ամբողջ բազմազգ Միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մի գաղափարախոսություն, թվում էր, թե չէր կարող անգամ խոսք լինել ազգային գաղափարախոսության մասին: Այդպես էր վիճակը մեր հանրապետությունում, որտեղ այնքան աննկատելի էր տարանջատիչ սահմանը ազգասիրության միջև, որ դա հաճախ պատճառ էր դառնում շատ դեպքերում միտումնավոր շփոթությունների, որոնք հանգեցնում են ողբերգությունների ու կորուստների:

  Հետպատերազմյան հայրենադարձության առթիվ Հայաստանի կոմկուսի ղեկավարներին հաջողվեց հասնել այն բանին, որ հանրապետության մի շարք շրջանների թուրք բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան: Սակայն մի քանի տարի անց, հենց որ հարմար առիթը ներկայացավ, նրանք վերադարձան ավելի բազմաթիվ և մեր կողմից ընդունվեցին գրկաբաց` այդ այն դեպքում, երբ Հայկական ԽՍՀ-ում բնակչության խտությունը գրեթե երկու անգամ ավելի էր, քան Ադրբեջանում, և դեռ շարունակվում էր հայրենադարձությունը:

      Քանի որ մեր հարաբերությունների պատմությունը բազմիցս ապացուցել է, որ իրենց նպատակներին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնող մեր հարևանների կողմից խաբեությունը ևս հաճախ է գործադրվել որպես ազգային գաղափարախոսությունն իրականացնելու միջոց, ապա մենք պետք է պատրաստ լինեինք դրան և ձեռնարկեինք մեր հակամիջոցները: Բայց դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե ունենայինք որոշակի գաղափարախոսության վրա հիմնված ծրագիր, որի բացակայությունը կարծես քչերին էր անհանգստացնում: Եվ որքան էլ ցավալի լինի, այդ քչերի ձայնը լսելի չդարձավ նույնիսկ Արցախյան և Համազգային կոչվող, բայց երբեք համազգային չդարձած շարժումների աղմուկում:

       Համազգային կոչվող շարժման տարերայնության հետևանքները չուշացան իրենց զգացնել տալ: Նոր իշխանությունները հաճախ էին անսպասելի քայլեր կատարում, բայց բնավ էլ անկանխատեսելի չէր հանրապետության վիճակի վատթարացումը: Ընդդիմությունը /նաև անկախ մտածողները/ հանդես էին գալիս և իրավիճակի քննադատությամբ, և կանխատեսումներով, որոնք, սակայն, ուշադրության չէին արժանանում կամ էլ բնորոշվում էին որպես քաղաքական շահարկումներ ու պարզապես բամբասանքներ: 

    Հարյուր հազարանոց հանրահավաքների և երկարատև գործադուլների ժամանակ երևի ամենահոռետեսի մտքով անգամ չէր անցնի, որ մենք քայլում ենք դեպի անդունդ: Հետզհետե մեր ականջները սովորեցին այդ բառին, և հիմա մեր վիճակը բնորոշելիս ավելի ու ավելի հաճախ է հնչում ”անդունդի եզրին” արտահայտությունը: Բայց հասել է ժամանակը ասելու ճշմարտությունը` ինչքան էլ որ դաժան լինի այն, որովհետև նման դեպքերում սուտը կարող է գերադասելի   լինել կիսաճշմարտությունից, քանի որ վերջինս ավելի դժվարությամբ է բացահայտվում:

  Անկախության գաղափարը շատերին է մտահոգում, կարծում ենք, որ անկախությունը պետք է միջոց լինի, այլ ոչ թե նպատակ: Աֆրիկական երկրները պայքարում էին իրենց անկախության համար, որպեսզի տնօրինեն իրենց երկրների  հարստությանը` հանքերի, բնական ռեսուրսների, գործարանների, որպեսզի դրանք ծառայեցնեին սեփական ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Մեզ մոտ անկախություն ձեռք բերելով մեր բնական հարստությունները տվեցինք օտարների տնօրինությանը (խմբ.): Անկախության գաղափարի մասին իր պատկերացումները ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանը  Առաջին Հանրապետության օրերին /հավանաբար 1918-ին/ այսպես է բնորոշել`

  “եթե անկախությունը թոկ է դառնալու հայությանը խեղդելու համար` չենք ուզում:  Եթե անկախ Հայաստանը դառնալու է մի փոքրիկ վանդակ ամեն կողմից դռները փակած և միակ դուռն էլ որ բաց է` բաց է տաճիկ ասկյարի համար, չենք ուզում” /Հ. Թումանյան, Երկերի ժողով. Հատ.6-րդ/:

     Չեմ կարծում, թե որևէ մեկի մտքովն անցնի, որ այսօրվա անկախականներն ավելի են սիրում իրենց հայրանիքն ու ժողովրդին, քան մեր մեծ բանաստեղծը, հասարակական գործիչն ու մտածողը:

    Մեզանում կարծես մոռացության են մատնվել հայի պանդխտության քաղաքական ու սոցիալական պատճառները և այն հանգամանքը, որ անցյալում միշտ էլ պանդխտությունը “ժամանակավոր բացակայությունը” միանշանակ դիտվել է որպես ազգային դժբախտություն և չարիք: Դրա վկայություններն են ժողովրդական ստեղծագործության և հեղինակային տարբեր ժանրերի բազմաթիվ գլուխ գործոցները:

  Ազգային գաղափարախոսությունն այն կողմնացույցն է, որով ստուգվում է երթուղու ճշտությունը: Այն վերկուսակցական է իր էությամբ, ճկուն, ամեն իրադրության համար ունենում է այլընտրական տարբերակներ և ազգային հնարավորություն է տալիս ճգնաժամային պահերին նվազագույն կորուստներով դուրս գալու ծանր վիճակներից` պահպանելով կենսական նշանակություն ունեցող ձեռքբերումները: Իսկ դրա համար պետք է ընտրել այնպիսի ուղիներ, որոնցում միշտ էլ անհատական և խմբային շահերը ստորադասվում են համազգային շահերին: Այս ստորադասումն էլ կարելի է հարաբերական համարել, որովհետև երբ հայրենիքը գլորվում է դեպի կործանում, անհատներն ու խմբավորումները, ինչպիսի ձեռքբերումներ էլ որ ունենան այսօր, կորցնելու են վաղը` ապաստան որոնելով օտար երկինքների տակ:

  Ազգային գաղափարախոսությունն անհնարին կդարձներ մեր մոտանցյալ պատմության 70-ամյա ուղու /1920-1990թթ./ բոլոր ձեռքբերումների ժխտումը, որը կարծես տեսական հիմքեր էր ստեղծում այդ ձեռքբերումների ոչնչացման, կուտակված նյութական արժեքների կողոպուտի և մշակութային-բարոյական արժեքների արժեզրկման համար: Համակարգը ջախջախելու կոչերը, որ չհապաղեցին իրականություն դառնալու, որպես հակակշիռ չունեին կառուցողական ոչ մի ծրագիր: Հայտարարվում էր դեպի կապիտալիզմ` կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը վերադարձի մասին: Հայտարարվում էր միանշանակ` բացառելով որևէ այլընտրական տարբերակ, որ կարող էր թելադրված լինել ազգի վիճակի բարդությամբ ու բացառիկությամբ:

    Հասարակության զարգացումը չի կարող կանգ առնել:

    Սոցիալական արդարության բազմադարյան իդեալները, քաղաքական ժողովրդավարության տարածումը տնտեսական ոլորտի վրա, համերաշխությունը ի պաշտպանություն թույլերի ու զրկվածների այն գաղափարներն են, որոնք չեն կորցրել իրենց այժմեականությունը ոչ Արևմուտքում, ոչ էլ մանավանդ ծանր ու դժվարին ճանապարհ անցած Արևելքում: Եվ ազգային գաղափարախոսությունը ոչ մի դեպքում չի կարող շրջանցել այս գաղափարները, քանզի դրանք են միայն, որ կարող են միավորել ազգի մեծամասնությունը, որ անյքան անհրաժեշտ է` մանավանդ թշնամական շրջապատում գտնվող փոքր ազգերի համար:

   Իսկ մեզանում միանգամից հետցատկ կատարեցին կապիտալիզմի գլխի վրայով դեպի ֆեոդալիզմ` երևի չիմանալով, որ իրենց հռչակած կապիտալի նախասկզբնական կուտակումը կատարվել է ֆեոդալիզմի ընդերքում և նախորդել է կապիտալիստական հասարակարգին: Ի դեպ` մեր այսօրվա իրականության մեջ կարելի է գտնել ֆեոդալիզմին հատուկ այլ երևույթներ ևս, որոնք զարգանալու միտում ունեն:

 Ինչ խոսք կարող էր լինել կապիտալի կուտակման մասին, երբ այն կուտակված էր պետության ձեռքում, և հարցը կարող էր վերաբերել միայն վերաբաժանմանը: իսկ ինչ նպատակի պիտի ծառայեր այդ վերաբաժանումը: Երկիրը կողոպտելով, ամբողջ ազգը դառն աղքատության հասցնելով, մի խումբ միլիոնատերերի բուծման:

   Պետք է լուրջ միջոցառումներ մշակել վերականգնելու համար բնակչության հավատը ժողովրդավարության նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել քայքայված միջին դասը, որ բոլոր կայուն պետությունների հիմքն է: Անհնար է իսկական /և ոչ անվանական/ պետականության ստեղծումը մի երկրում, որի բնակչությունը բևեռացված է սոցիալական դրության երկու ծայրամասերում, այսինքն` բաղկացած է հարուստներից ու մուրացկաններից /մեղմ ասած` մարդասիրական օգնության գոյատևողներից/:

   Ազգային գաղափարախոսությունը ազգի, մանավանդ փոքր ազգի գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանն է, այն միջոցը, որն անսխալ որոշում է ամեն տեսակի վերակառուցումների ու բարեփոխումների համազգային արժեքն ու նշանակությունը, այն կողմնացույցը, որով ստուգվում է համազգային ընթացքի ստուգման ճշտությունը: Մեզ համար կենսական անհրաժեշտություն է ազգային գաղափարախոսությունը` որպես պանթուրքիզմի գաղափարական հակակշիռ, մի գաղափարախոսություն, որը շարունակ ճգնաժամային վիճակներ է ստեղծում մեր ժողովրդի համար` վերջնանպատակ ունենալով մեր լիակատար ոչնչացումը: Սումգայիթն ապացուցեց, որ ոչ ինտերնացիոնալիստական տասնամյակները, ոչ էլ սերնդափոխությունները չեն քաղաքակրթել թուրքին: Նույնիսկ ցեղային կերպարանքի փոփոխությունը չի փոխել էությունը, և մեզ համար մշտապես առկա է ու զգոնություն է պահանջում նոր ցեղասպանության վտանգը:

    Ազգային գաղափարախոսությունը համազգային շահերի հիմքը համարում է ազգի մեծամասնության շահերը: Բոլոր հաշվարկները պետք է լինեն երկարաժամկետ, որպեսզի վաղվա օրը չզոհաբերվի այսօրվան, համազգային շահերը չզոհաբերվեն կուսակցությունների, խմբակցությունների և անհատների շահերին:

   Ազգային գաղափարախոսությունը խստորեն սահմանափակում է իշխանությունների սխալվելու իրավունքի սահմանները, քանզի այդպիսի սխալների համար չափազանց ծանր գին է վճարել մեր ժողովուրդը:

  Ազգային գաղափարախոսությունը բխում է բոլոր նրանց շահերից, ովքեր ուզում են ապրել ու զարգանալ ոչ թե որպես անհատ` որտեղ էլ լինի, այլ որպես ազգ` սեփական Հայենիքում: Շարունակելի…

    

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ