Բայց նկատի ունենալով այդ դեպքերից հետո մինչև մեր ժամանակները ամերիկացիների ներգրավածությունը քիմիական և կենսաբանական զենքերի շուրջ, չինացիների պնդումները չեն կարող անտեսվել: Օրինակ՝ 1970թ.-ին New York Times-ը գրել է, որ Կորեական պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ուժերը ճնշվել էին չինական «մարդկային ալիքներով», «բանակը արխիվներից հանել էր նացիստական քիմիական պատերազմի փաստաթղթերը, որոնք նկարագրում էին Սարին նյութը (մի տեսակ ներվերի վրա ազդող մահացու նյարդային գազ է, որի մի քանի ֆունտը կարող է սպանել հազարավոր մարդկանց քանի րոպեների ընթացքում: ... Բանակը հիսունականների կեսերին հազարավոր գալոններ Սարին էր արտադրում»: 1950- և 1960-ականների ընթացքում բանակը և ԿՀՎ-ն բազմաթիվ կենսաբանական նյութերի հետ փորձեր են անց կացրել Միացյալ Նահանգներում: Բավական է նշել երկու օրինակ. 1955թ.-ին հայտնվեցին համոզիչ ապացույցներ, որ ԿՀՎ-ն կապույտ հազի բակտերիաները տարածեց Ֆլորիդայի օդային տարածքում, որի հետևանքով կտրուկ աճեց կապույտ հազի հիվանդության դեպքերը նույն տարվա ընթացքում: Հաջորդ տարի տարածվեց ևս մեկ թունավոր նյութ Նյու Յորքի փողոցներում և թունելներում: Կուբայի մասին գլխում մենք նաև կտեսնենք, թե ինչպես է ԿՀՎ-ն քիմիական և կենսաբանական պատերազմ սկսել Ֆիդել Կաստրոյի իշխանության դեմ։ 1966 թվականի մարտին պետքարտուղար Դին Ռասկը ելույթ ունեցավ Կոնգրեսի առջև և խոսեց Չինաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հարցի շուրջ: Պարոն Ռասկը, կարծես, տարակուսած էր, որ «երբեմն Չինաստանի կոմունիստ առաջնորդները կարծես տարված են այն մտքով, որ իրենց սպառնում են և շրջապատում են»: Նա խոսեց Չինաստանի «երևակայական, գրեթե պաթոլոգիական պատկերացման մասին, որ Միացյալ Նահանգները և նրա սահմանների շուրջ գտնվող այլ երկրներ հնարավորություն են փնտրում ներխուժելու Չինաստանի տարածք և ոչնչացնել Պեկինի ռեժիմը»: Այնուհետև քարտուղարը հավելեց. Թե որքանով է իրական Փեյփինգի «վախը» ԱՄՆ-ից և որքանով է այն արհեստականորեն արծածված ներքաղաքական նպատակներով, միայն իրենք՝ Չինաստանի կոմունիստ առաջնորդները գիտեն։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ խաղաղօվկիանոսյան արևմտյան և Հարավարևելյան Ասիայից մեր ազդեցությունն ու գործունեությունը չեզոքացնելու չինացի կոմունիստների դրդապատճառը պայմանավորված չէ այն մտավախությամբ, որ ԱՄՆ-ը սպառնում է նրանց: Շարունակելի․․․