Թուրքիայի նախագահը Սիրիայի հետ սահմանամերձ Քիլիս քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ցամաքային ռազմական գործողությունները ինքնապաշտպանություն են լինելու: Հավանաբար, Էրդողանը նկատի է ունեցել սահմանամերձ Ազեզ քաղաք ներխուժումը, ինչի վերաբերյալ բազմիցս է արտահայտվել:
Էրդողանից այս պահին ամեն ինչ սպասելի է:
Այս պարագայում հետաքրքիր կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը, երբ անդամ երկրներից մեկը ներխուժում է այլ երկիր, առանց այդ երկրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության: Իսկ ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի Թուրքիայի այդպիսի քայլին:
Անշուշտ, Թուրքիան դե ֆակտո դուրս կմնա ՆԱՏO-ի կազմից, իսկ դե յուրե միայն ժամանակի հարց կլինի:
Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա, մնան այնտեղ, ինչպես դա եղավ Իրաքի հյուսիում: Ռուսները Սիրիան կվերածեն ոչ միայն ռուս-թուրքական բախումների թատերաբեմի, այլ նաև մինչև ատամները կզինեն քրդական ուժերին ոչ միայն երկրի հյուսիսում, այլ նաև Թուրքիայի հարավ-արևելքում:
Թուրքիան ստիպված կլինի միաժամանակ մղել և՛ քաղաքացիական պատերազմ, և՛ դիմակայել ռուսական, սիրիական ու քրդական կոալիցիային:
Արդյոք Թուրքիան ունի՞ այնքան ներուժ, որ միայնակ կարողանա իրագործել իր պլանները, քանի որ բացառվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունն այս գործում:
Իհարկե ՝ ոչ:
Հետևաբար մեծ խաղ է գնում, և Արեւմուտքը որոշել է ազատվել Էրդողանից ու «գորշ գայլին միայնակ թողնել գորշ արջի երախում»:
Արդյունքում Էրդողանի կործանման հետ Թուրքիայի մասնատումն անխուսափելի կլինի, ինչպես զգուշացրել էր Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Զախարովան, Էրդողանին հիշեցնելով Օսմանյան կայսրության ճակատագիրը:
Կայսրության փլուզումից հետո Խորհրդային Ռուսաստանը փրկեց Թուրքիային վերջնական ոչնչացումից, իսկ հիմա դա կարող է անել իր ձեռքով:
Էդիկ Հովսեփյան
Աղբյուրը՝ Armweeklynews.am