Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Նարման Իմրանովը եւ երկրորդ դասի պետական խորհրդական, Ռուսաստանի արդարադատության նախարարության նախկին աշխատակից Իլգար Գասըմովը հասարակական ու քաղաքական գործիչներից բաղկացած նախաձեռնողական խմբի հետ միաին հայտարարել են Ադրբեջանում Եվրասիական շարժում ստեղծելու մասին, հաղորդում է Արմենպրեսը:
Նարիման Իմրանովի եւ Իլգար Գասըմովի գլխավոր նպատակը Ադրբեջանում Եվրասիական տնտեսական միության հայեցակարգի հանրայնացումն է: Նախաձեռնող խումբը շարժման պաշտոնապես գրանցման համար օրերս դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն:
Նախկին ԽՍՀՄ պետանվտանգության սպա Նարման Իմրանովը 1993-1994 թթ․ ղեկավարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը:
Նարիման Իմրանովը մեղադրվել է պետական դավաճանության մեջ եւ Ադրբեջանի Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի 1996 թ․ փետրվարի 12-ի որոշմամբ դատապարտվել է մահապատժի: Ադրբեջանում մահապատժի վերացումից հետո Նարիման Իմրանովը ցմահ բանտարկություն էր կրում Գոբուստանի բանտում: 2002 թ․ այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւի հրամանագրով Նարիման Իմրանովին ներում է շնորհվել:
2002 թվականից Նարիման Իմրանովը հասարակական-քաղաքական գործունեությամբ չի զբաղվել:
Ռուսաստանի արդարադատության նախարարության նախկին աշխատակցի հետ միասին քաղաքական դաշտում նրա անսպասելի հայտնվելը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանում: