Ն․ Պատրուշև․ «ՆԱՏՕ-ն դրժել է խոստումը»

03 Փետրվարի 2016

Երեքշաբթի, փետրվարի 2-ին, «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին։ « Քանի դեռ ՆԱՏՕ-ն անտեսում է Ռուսաստանի ազգային շահերը և չի կատարում խոստումները, անհնար է համագործակցել այդ կազմակերպության հետ», շեշտել է նա:

Պատրուշևն ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության կասեցումը, ինչը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ, ավելի է սրել կողմերի միջև անվստահության և լարվածության մթնոլորտը:

Նշելով, որ Մոսկվան չի պատրաստվում առճակատման գնալ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հստակեցրել է. «Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպությունը հարգի Ռուսաստանի ազգային շահերը և միջազգային օրենքները»:

Պատրուշևն ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայի երկրներին ընդգրկում է իր կազմում, մինչդեռ Ռուսաստանին խոստացել էր այդ երկրների տարածքում ռազմաբազա և հարձակողական սպառազինություն չի տեղակայելու։ ՆԱՏՕ-ն դրժել է իր խոստումը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ