Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ առաջին անգամ հաջողությամբ ավարտվել է ջրածնային ռումբի փորձարկումը․ «Այսօր հաջողությամբ իրականացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը։ Ջրածնային զենք ունենալը պատմական իրադարձություն է Հյուսիսային Կորեայի համար»։
Հաղորդավարն ընդգծել է, որ միջուկային այս զինատեսակը բարձրացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային կարողությունը` թշնամիներին դիմակայելու համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Հյուսիսային Կորեայում հունվարի 6-ի առավոտյան գրանցվել է երկրաշարժ՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Հարավային Կորեայի կառավարությունը ենթադրում է, որ երկրաշարժը տեխնածին է և պայմանավորված է ջրածնային ռումբի փորձարկմամբ:
Հունվարի 3-ին հարավկորեական զինվորականները զեկուցել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է զենքի փորձարկման: 2015 թվականի դեկտեմբերի 10-ին առաջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել էր երկրում ջրածնային ռումբի առկայության մասին:
Հյուսիսային Կորեան արդեն երեք անգամ միջուկային զենք է փորձարկել՝ 2006, 2008 և 2013 թվականներին: 2005 թվականին առաջին անգամ հայտարարվեց երկրում միջուկային զենքի առկայության մասին: Փհենյանը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո՝ սեփական հրթիռային ու միջուկային ծրագրեր մշակելու համար։