Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» ազգայնամոլական կուսակցության (MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին քննադատել է Էրդողանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, հաղորդում է Ermenihaber-ը։
Բահչելին խստորեն քննադատել է Էրդողանի Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ Իսրայելը թշնամի երկիր էր համարվում Թուրքիայի համար:
«Մի՞թե Էրդողանը չէր, որ ասում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում Իսրայելի հետ երբեք դրական քայլեր չեն դիտարկվելու: Միջազգային ուժերի պարտադրմամբ Իսրայելի հետ մտերմացող Արդարություն և զարգացում կուսակցությունը հիսաթափություն է առաջացրել»- ասել է թուրք ընդդիմադիր գործիչը:
Նույն աղբյուրի հաղորդման համաձայն, Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը մեծ վնասներ է կրել սիրիացի փախստականներին աջակցելու հետևանքով: Բացի այդ, Թուրքիայի որոշ շրջաններում տևական զինված բախումներ են ընթանում, տեղաբնակները լքում են իրենց բնակավայրերը: Այս ամենից ԱՇԿ առաջնորդը եզրակացնում է. «Թուրքիան գաղափարապես և քաղաքականության ասպարեզում մասնատման եզրին է»: