ԻՊ-ն արմատները տարածում է Վրաստանում

24 Նոյեմբերի 2015

Նոյեմբերի 23-ին վրաստանյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վրացերեն տեսանյութով դիմել է վրաստանցի մուսուլմաններին` ԻՊ-ին աջակցելու համար, ինչպես նաև սպառնացել է Վրաստանին` «Խալիֆաթի» ստեղծմամբ։ Վրաստանի  լրատվական գործակալություններից մեկը տարածել է  տեսանյութ, որտեղ  մի քանի զինյալ սպառնացել են վրաստանցի մուսուլմաններին, ովքեր պայքարում են իսլամի դեմ, ինչպես նաև հայտարարել են, որ «դատաստան են տեսնելու բոլորի հետ»։ Զինյալներից մեկն էլ նմանատիպ կոչ է արել Աջարիայի բնակչությանը, որի մեծ մասը դարձյալ իսլամադավան է։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ վերոնշյալ տեսանյութի փաստի վերաբերյալ նախաքննություն է սկսվել, տարվում են աշխատանքներ։

Նոյեմբերի 22-ին Վրաստանի սահմանապահները ձերբակալել էին Թուրքիայից Վրաստան ժամանակ Պանկիսի կիրճի բնակիչ 29-ամյա Դավիթ Բորչաշվիլուն՝ օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը հարելու կամ օժանդակելու մեղադրանքով։

Հետաքրքրական է, որ երբ Բորչաշվիլին ժամանել է Վրաստան, տեղի սահմանապահները նրան երկիր չեն թողել և նորից հետ են ուղարկել Ստամբուլ՝ մտածելով, որ նա Սիրիայում կռվել է ԻՊ-ի շարքերում։ Բորչաշվիլուն Թուրքիայում նույնպես չեն ընդունել և վերջինս նորից վերադարձել է Վրաստան, որտեղ և ձերբակալվել է։ Դավիթ Բորչաշվիլու ընտանիքի անդամները պնդում են, թե նա այժմ ծանր հիվանդ է և Թուրքիա է գնացել աշխատելու համար։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ավելացրել է սահմանապահ ոստիկանության անձնակազմի թվաքանակը:  Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ նոյեմբերի 14-24-ը արգելվել է 479 օտարերկրյա քաղաքացու մուտքը Վրաստան։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Պանկիսի կիրճում ուժայինները ձերբակալել էին 5 հոգու, որոնց կասկածում էին ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ։ Ձերբակալվածների թվում է նաև սալաֆիական իմամ Այուպ Բորչաշվիլին։ Հետաքննության տվյալներով՝ 2014 թվականի ամռանը Այուպ Բորչաշվիլին մեկնել է Սիրիա, հանդիպել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների հետ, ինչից հետո Վրաստանում հիմնել է վահաբական համայնք։ Նա դարձել է ԻՊ-ի ներկայացուցիչը Վրաստանում և այդ «համայնքի էմիր»։ Բացի այդ, նա ԻՊ-ի ամենահայտնի վրաստանցի հրամանատար Թարխան Բատիրաշվիլիի վստահված անձն է։

ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցի քաղաքացիների թիվը հստակ չէ, ամենատարբեր աղբյուրներով Պանկիսի կիրճից Սիրիայում կռվում է 50-60 զինյալ։

 

Աղբյուրը՝ arevelk.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ