Ֆրանսիական ԶԼՄ-երը հաղորդում են, որ Radisson հյուրանոցում հարյուրավոր մարդկանց պատանդ վերցրած զինված ահաբեկիչներն ազատ են արձակել բոլորին։ Տարբեր լրատվամիջոցների հաղորդման համաձայն, հյուրանոցում հայտնաբերվել է 18 զոհված մարդ։ Հյուրանոցն ահաբեկիչներից ազատելու գործողությանը մասնակցում են Մալիի և Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատները։
Ահաբեկիչներն այսօր Մալիի հանրապետության մայրաքաղաք Բամակոյի Radisson հյուրանոցում պատանդ են վերցրել 170 հոգու, որից 30-ը հյուրանոցի աշխատողներ են: Ռոյթերզի տվյալներով` ահաբեկիչներն իսլամիստներ են:
Radisson-ը համարվում է երկրի էլիտար հյուրանոցներից մեկը, որը նախընտրում են օտարերկրացիները: Հյուրանոցում եվրոպական պատվիրակություններ կային, այդ թվում` մեծ թվով ֆրասիացիներ, որոնք Մալիի մայրաքաղաք էին ժամանել մասնակցելու արմատական իսլամի դեմ պայքարի համաժողովին
Մալիի ուժային կառույցները հարձակում են սկսել Radisson հյուրանոցի վրա: Հաղորդվում է, որ պատանդների թվում են «Թուրքական ավիաուղիների» վեց աշխատակից, եվրոպացիներ, այդ թվում` ֆրանսիացիներ: Մալիի բանակի հրամանատարը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են` գործողությունը հաջողությամբ ավարտելու համար: Նախապես հայտարարվել էր, որ վեց հոգու ազատ են արձակել, բայց կային նաև վիրավորներ:
Մալիի իշխանություններն անմիջական կապի մեջ են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ, հաղորդում է «Ասոշեյթիդ պրեսը»: