Մոսկվայում ընթացող ռուս-լիբանանյան հանդիպումներն ավարտվեցին մամլո ասուլիսով, որ տվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժպրան Բասիլը: Նրանք քննարկեցին սիրիական ճգնաժամը և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա: Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կանխի ահաբեկչության ծավալումը Լիբանանում, որ իր երկիրը սատարելու է Լիբանանի կառավարությանը՝ հաղթահարելու համար քաղաքական ճգնաժամը:
«Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունները Լիբանանի հետ ամրապնդելու հարցում և պատրաստ ենք աջակցելու Լիբանանի զորակցության խմբին, օգնել լիբանանյան բանակին և կառավարությանը: Լիբանանի համար մենք նաև մարդասիրական ծրագրեր ենք պատրաստել: Ինչ վերաբերվում է Սիրիայի հարցին, ապա մենք հույս ունենք այնտեղ քաղաքական գործընթաց սկսել հունվարին, իսկ մինչ այդ սիրիական մի շարք կազմակերպություններ, ներառյալ Դաեշն ու Ժաբհաթ Նուսրան պետք է դասել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»:
Լավրովը նշել է նաև, որ Վիեննայում ձեռքբերված բոլոր համաձայնություններն արձանագրված են փաստաթղթում և կամայական մեկնաբանությունների առիթ չեն տալիս:
Իր հերթին, Լիբանանի արտաքին գործերի նախարարը հաստատեց, որ միջազգային ընտանիքը պետք է միասնական ճակատ կազմի՝ պայքարելու համար ահաբեկչության դեմ, իսկ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է զինվորական գործողություն և ահաբեկչական կազմակերպություններին տրվող ֆինանսական միջոցների դադարեցում: Բասիլը չբացառեց, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար իր երկիրը կարող է խնդրել նաև Մոսկվայի աջակցությունը:
Նա անդրադարձավ նաև գաղթականների ալիքի ստեղծած մեծ տագնապին ոչ միայն Լիբանանում, այլև տարածաշրջանում, ինչը կարող է փոխել Միջին Արևելքի պատկերը:
Ինչ վերաբերում է Սինայի թերակղզում ահաբեկչության պատճառով ինքնաթիռի կործանման հետևանքով ռուս քաղաքացիների սպանությանը, ապա Լավրովն այդ քայլը համարեց համազոր Ռուսաստանի վրա հարձակման և հավաստիացրեց, որ Մոսկվան բոլոր միջոցներն օգտագործելու է իր պաշտպանության համար: