Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են անվտանգության գործողությունները՝ բացահայտելու համար Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալներին և հանցագործներին։
Միաժամանակ շարունակվում է նաև միջազգային դատապարտումը։ ԱՄՆ արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին և Իրանի նախագահ Հասան Ռուհանին շեշտը դնում են ԻՊ դեմ պայքարելու կարևորության վրա։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ անվտանգության ուժերը մեկ գիշերում 128 խուզարկություն են կատարել՝ հետապնդելով ահաբեկչության պատասխանատուներին։ Նախարարն ասել է, որ իրենք կարող են դիմել սահմանադրական քայլերի՝ ապահովելու համար քաղաքացիների անվտանգությունը։
Ֆրանսիական ռազմական ինքնաթիռները նոր հարձակումներ են գործել Սիրիայի Ռաաքա տեղանքում տեղակայված Իսլամական պետություն խմբավորման դիրքերի վրա։
Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ եվրոպական երկրները համաձայնել են անվտանգության օգնություն տրամադրել ֆրանսիացիներին։
Գերմանիայի իշխանությունները մինչ այդ նշել էին, որ անվտանգությանն ուղղված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է երեք անձ, ովքեր հավանական է, որ կապ են ունեցել ահաբեկչական գործողության հետ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր, որ իրենք կարևոր և հստակ տեղեկություններ ունեն Փարիզում տեղի ունեցածի մասին և պետք է դրանք փոխանցեն պատկան մարմիններին։
Հայազգի Լոլա Ուզունյանի հարազատներն արդեն համակերպվել են նրա մահվան հետ, թեև նրա մահվան լուրը դեռևս հաստատված չէ։
Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ հեռախոսով և էլեկտրոնային կարճ հաղորդագրություններով սպառնալիքներ են ստացել արյունալի գործողությունների մասին, այդ պատճառով անվտանգության միջոցառումներ են իրականացնում։
Թունիսից նույնպես հայտարարություն է եղել այն մասին, որ պանդոկներում և անվտանգության ուժերի դեմ մի շարք ահաբեկչական գործողություններ ձախողվել են։
Մ․Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այցելել է Փարիզ և հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ։ Նա իր զորակցությունն է հայտնել ֆրանսիացիներին և նշել, որ Սիրիայում մի քանի շաբաթ անց կարող է սկսվել անցումային քաղաքական գործողություն։ Պետքարտուղարն ասել է նաև, որ Լիբանանում, Եգիպտոսում և Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումներից հետո պետք է միավորվել՝ Դաեշը կործանելու համար։ Նա նշել է, որ Մ․Նահանգները և Թուրքիան գործողություններ են սկսել վերջինիս սահմաններում՝ փակելու համար Սիրիայի և Թուրքիայի սահմանների բաց մնացած հատվածները։
Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը