Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Պորնիկովը հաստատել է, որ Սինայի թերակղզում A-321 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչության գործոնն է եղել։ Արդեն կազմել են ինքնաթիռի կործանման պատկերը և այն ներկայացնող տեսանյութը։
Պայթուցիկ սարքը ուղեբեռների հետ տեղադրված է եղել ինքնաթիռի պոչի մասում։ Ռումբով ճամպրուկը պայթել է այն պահին, երբ ինքնաթիռը 9 կմ բարձրության վրա էր գտնվում։ Պայթյունի ալիքը ինքնաթիռը բաժանել է երկու մասի։
Հատուկ ծառայությունները պարզել են, որ պայթուցիկը ինքնաթիռի մեջ տեղադրվել է Շարմ էլ Շեյխ օդանավակայանում, աշխատակիցներից մեկի ձեռքով։
ՌԴ նախագահ Վլ․ Պուտինն այդ առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ասել է, որ ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին գտնելու և պատժելու են մոլորակի որ ծայրում էլ նրանք լինեն։ Այնուհետև ավելացրել է, որ հանցագործներին աջակցողները պետք է իմանան, որ հետևանքները նաև նրանց ուսերին է բարդված։
Ռուսական կողմը 50 մլն դոլար դրամական պարգև է խոստացել այն մարդկանց, ովքեր օգտակար տեղեկություններ կհաղորդեն ոճրագործության մեղսակիցների մասին։
Հիշեցնենք, որ 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմ ունեցող A-321 ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին, Եգիպտոսի Սինայի թերակղզու օդային տարածքում, թռիչքից ընդամենը 23 վայրկյան անց։