Սիրիային ուղղված մարդասիրական գործողությունների նվիրատուների համաժողով

18 Նոյեմբերի 2015

Սիրիայում մարդասիրական գործողություններ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով նվիրատուների համաժողով է տեղի ունենալու Լոնդոնում, փետրվարի 4-ին։ Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով միաժամանակ քննադատել է Սիրիայի փախստականներին և քաղաքական ապաստան պահանջողներին այլ երկրներից վտարելու դեպքերը՝ Փարիզի ահաբեկչական պայթյուններից հետո։

Դյուժարիկը հասկանալի է համարում մի շարք պետությունների կանխարգելիչ միջոցառումներն՝ ուղղված ահաբեկչությունից իրենց քաղաքացիների պաշտպանությանը, սակայն շեշտել է նաև, որ գաղթականներին պետք է դիտարկել որպես անկարող մարդիկ, ովքեր փախել են բռնություններից և Փարիզի ահաբեկչությունն իրականացրած Իսլամական պետության գործադրած ոչնչացումից։

Նշենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո ԱՄՆ 22 նահանգների նահանգապետերը մերժել են ընդունել սիրիացի փախստականներին։

«Սի Էն Էն» լրատվական գործակալության տվյալների համաձայն, միայն երկու նահանգ է համաձայնել փախստականներ ընդունել։ Նախապես Մ․Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Մայքլ Մըքոլը կոչ էր ուղղել նախագահ Բարաք Օբամային՝ դադարեցնելու Սիրիայի փախստականներին ընդունելու ծրագիրը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ