ՌԴ Պետդումայի փոխխոսնակ «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Նիկոլայ Լևիչևն առաջարկել է երկրի ուժային կառույցները արտակարգ դրության վիճակի բերել, նկատի առնելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական սպառնալիքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Այս պայմաններում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին պատերազմ է հայտարարվել, պետք է լրջորեն դիտարկել անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները։ Ենթակառուցվածքային օբյեկտները, առաջին հերթին՝ տրանսպորտային, մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը, պետական սահմանները կարիք ունեն լրացուցիչ և աչալուրջ հսկողության։ Պետք է բոլոր ուժային մարմինները արտակարգ դրության աշխատանքային ռեժիմի բերել», ընդգծել է Լևիչևը։
Պետդումայի փոխխոսնակը մատնանշել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության սերտ կապը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած քաղաքականության հետ։ Նրա կարծիքով, ահաբեկչության ակտիվացումն արդյունք է «մի ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու, այլ քաղաքակրթության, պետություններ կործանելու Վաշինգտոնի նախաձեռնության», ինչն էլ հանգեցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծմանը։
Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաև Իգոր Լեբեդևը, առաջարկելով սահմանափակել մուտքը Ռուսաստան ընդհուպ սահմանները փակել՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ «Անհրաժեշտ է անպայման ուժեղացնել հսկողությունը հատկապես այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը», ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզի յոթ տարբեր հատվածներում, ավելի ուշ նաև Փարիզի արվարձաններում տեղի է ունեցել ահաբեկչական լայնամասշտաբ գործողություն, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Կան բազմաթիվ զոհեր։