Այսօր թուրքական «Դեյլի սաբահը» գրում է, որ շաբաթ օրը Թուրքիայի արևելյան շրջանի Էրզրում նահանգում պաշտպանական ուժերի հետ տեղի ունեցած բախման ընթացքում ՔԲԿ երկու անդամ սպանվել է, երկուսը վիրավորվել։ Թուրքական զորքերը ոչնչացրել են զինամթերքի մեկ կենտրոն։ Հարավային չորս նահանգում ՔԲԿ անդամության մեջ մեղադրվող 32 կասկածյալ ձերբակալված է։
Ավելի քան 45.000 մարդ է մահացել 1984 թ․-ից ի վեր, երբ Քրդական բանվորական կուսակցությունն իր պայքարը սկսեց թրքական պետության դեմ։ Այդ շրջանում մոտավորապես 30.000 քուրդ զինյալ է սպանվել, իսկ քրդական ծագում ունեցող թրքահպատակ մոտավորապես 6000 քաղաքացի զոհվել։ Թրքական անվտանգության ծառայության զոհերի թիվը մոտավորապես 7.000 զինվոր է։
Շարունակվում են արյունալի իրադարձությունները Թուրքիայում։ Այդ պետության պաշտպանական ուժերի երկու անձ և չորս զինյալ են մահացել Դիարբեքիրում տեղի ունեցած բախման ժամանակ։ Ոստիկանությունը հակաահաբեկչական լայնածավալ գործողություն իրականացնելիս խուզարկել է զինյալների թաքստոցները։ Խուզարկվող բնակարաններից մեկի մոտ բխման ժամանակ ականի պայթյունից մահացել են չորս զինյալ և երկու ոստիկան։
Ոստիկանները հայտնել են, որ այդ չորս անձը Դաեշի անդամներ են եղել։
Մեկ օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես է եկել քրդերի դեմ սպառնալիքով և հայտարարել, որ թույլ չի տալու քրդական խմբավորումներին վերահսկողության տակ առնել Սիրիայի հյուսիսը։
Ելույթ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում, Էրդողանը դատապարտել է անցյալ շաբաթ Սիրիայի Թալ Աբյադ քաղաքում քրդերի ինքնավար քաղաքական միավորման ստեղծումը։ «Այդ շրջանը քրդերը զավթել էին Դաեշի միջազգային օդուժի օժանդակությամբ։ Նրանք նպատակ ունեն գրավել ամբողջ Հյուսիսային Սիրիան։ Մենք թույլ չենք տա, որպեսզի Սիրիայի հյուսիսը դառնա նրանց դավերի զոհը», շեշտել է Էրդողանը։
Նշենք, որ քրդական ինքնապաշտպանության ջոկատները Թալ Աբյադը գրավելով՝ քրդաբնակ Քոբանի քաղաքը կամուրջ են դարձրել Ժազիրա շրջանի հետ միավորվելու համար, որի արևելյան կողմը սահմանակից է Իրաքին։
Հիշեցնենք, որ Սիրիայի Թալ Աբյադ քաղաքը ԻՊ-ն գրավելուց հետո իսլամիստները մեծ ավերածություններ էին գործել այնտեղ․ նրանք գլխատել էին քաղաքի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տեղահան էին արել շատերին, ավերել բնակելի շենքեր և այլ կառույցներ: Իսլամիստների գործողություններից տուժել են նաև քաղաքում բնակվող հայերը, որոնց մի մասը լքել է իրենց բնակավայրերը: Իսլամական խմբավորման անդամները Թալ Աբյադի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին (1924թ.) վերածել էին բանտի։ Իսլամիստները հանել էին խաչը, հրկիզել եկեղեցին: Ծայրահեղականները եկեղեցու ներքնահարկում գտնվող սենյակները դարձրել էին բանտախցեր, որտեղ գլխատել են քրիստոնյաներին: Նրանք նույնիսկ եկեղեցու բակում հայերի տնկած հնագույն ծառերն են արմատախիլ արել:
Ամիսներ առաջ, քրդական ջոկատները վերագրավել են Թալ Աբյադը: Քաղաքը վերագրաված քրդերը մեծ ծառայություններ են մատուցել հայերին, բոլոր միջոցներով օգնում են մեր հայրենակիցներին, օժանդակում են, որ հայերը մաքրեն եկեղեցին ու տարածքը: Ներկայումս հայկական սակավաթիվ համայնքում դրամահավաք են կատարում` հրկիզված եկեղեցին նորոգելու համար:
Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի այդ քաղաքում այսօր ապրում է շուրջ 15 հայ ընտանիք։ Տեղի հայ բնակչությունը լավ կապեր ունի շրջանի պաշտպանությունը ստանձնած քրդական YPK-ի (ՔԲԿ-ի սիրիական թևը) ղեկավարության հետ և գտնվում է նրանց հոգածության ներքո։
Թալ Աբյադի հայ բնակիչները գլխավորապես զբաղվում են հողագործությամբ և մեքենաների նորոգման աշխատանքներով։ Սիրիայի այլ շրջանների հետ համեմատած, նրանց վիճակն ավելի տանելի է։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թալ Աբյադի հայ բնակիչները կիրակի օրերն այցելում են շրջանի միակ հայկական եկեղեցին և աղոթում են, թեև եկեղեցում հոգևորական չկա։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Անկարայում խաղաղասեր և ձախակողմյան ուժերի կազմակերպած խաղաղության ցույցի ժամանակ երկու ռումբ է պայթել, որի հետևանքով 86 մարդ սպանվել է, ավելի քան 126 մարդ վիրավորվել: Այդ ցույցը կազմակերպվել էր Թուրքիայի իշխանության գործադրած ճնշումների և քրդերին հալածելու դեմ: Այն ընթանում էր «Խաղաղություն դեմոկրատիայի համար» նշանաբանով: Խաղաղության ցույցը կազմակերպել էին Թուրքիայի «Ազգերի դեմոկրատական կուսակցությունը», որոշ ձախակողմյան կուսակցություններ և բանվորական արհմիությունները:
Արդեն երկրորդ դեպքն է, որ Թուրքիայի իշխանությունը արյունահեղման է մատնում քրդերի և ձախ հոսանքների խաղաղ հավաքները: Առաջինը՝ հուլիս ամսին քրդաբնակ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի դեմ բռնություններն էին, որի ընթացքում 30 մարդ սպանվեց ու ավելի քան հարյուր մարդ վիրավորվեց:
«Ազգերի դեմոկրատական կուսակցության» նախագահ Սելահ Էլդին Դեմիրթաշը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ տեղի ունեցած երկու դեպքը բնութագրել է որպես վայրենություն ու ցեղասպանություն, և հայտարարել է, որ դրանք Էրդողանի ոչ դեմոկրատական քաղաքականության հետևանք են:
Խորհրդարանական վերջին ընտրություններին, երբ Էրդողանի կուսակցությունը չկարողացավ ձայների մեծամասնությունը հավաքել, իսկ «Ազգերի դեմոկրատական կուսակցություն»-ը 13 տոկոս քվեներ շահելով կարողացավ մոտ 80 պատգամավոր ուղարկել խորհրդարան, Էրդողանը չընդունելով այդ ընտրությունները՝ լուծարեց խորհրդարանը և որոշեց նոր ընտրություններ անցկացնել նոյեմբերի 1-ին։ Նա հույս ունի, որ կարող է ամեն գնով հաղթանակ տանել, որից հետո նպատակ ունի սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ երկրի խորհրդարանական համակարգը փոխելով նախագահականի։ Այդպիսով ցանկանում է հաստատել իր մոնոպոլիստական ու ոչ դեմոկրատական քաղաքականությունը:
Էրդողանն ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով խախտեց ԱԴԿ-ի հետ զինադադարը և ռմբակոծեց նրանց կենտրոնները Ղանդիլում, որից հետո սկսվեցին քուրդ և ձախակողմյան ակտիվիստների ձերբակալություններն ու սպանությունները: Նրա հիմնական նպատակն այն է, որ չթողնի «Ազգերի դեմոկրատական կուսակցության»-ը խորհրդարան մտնել և ստեղծի միակուսակցական իշխանություն:
Թուրքիան հարյուրամյակներ շարունակ դատապարտելի ահաբեկչական քաղաքականություն է վարում: Այսօր էլ Էրդողանի հակաժողովրդական քաղաքականությունը հող է նախապատրաստում ահաբեկչական գործողությունների համար։ Քանի դեռ վերջ չի տրվել քրդերի և ձախակողմյան ուժերի սպանություններին, պետության ու ԱԴԿ-ի միջև զինադադարը չի վերականգնվել, ճնշումներն ու ահաբեկչություններն ավելի են բարդացնելու Թուրքիայի վիճակը:
Պատրաստեց Արտաշես Մելիքյանը