Բագրատ Էստուկյան․ «Էրդողանը քաղաքական կարևոր միավորներ չշահեց Մոսկվայում»

09 Հոկտեմբերի 2015

«Խորհրդարանական ընտրության կրկնությունն անօրինակ երևույթ է հանրապետության պատմության մեջ», ասել է Պոլսում հրատարակվող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, գրում է «Արևելք» թերթը։

Խոսելով ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին նախաձեռնության մասին, Էստուկյանը հայտնել է․ «Նախագահի ակնկալիքը պարզ է՝ ուզում է, որ իր հիմնած կուսակցությունը միահեծան կառավարման համար խորհրդարանում բավարար թիվ ձեռքբերի»։ Վերջին ցույցերը Էրդողանի կուսակցության վարկը նվազեցրել են, և իշխանությունն ամեն կերպ փորձում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը վարկաբեկել ու ահաբեկչի պիտակ կպցնել դրան։

Էստուկյանի խոսքերի համաձայն, եթե նոյեմբերի 1-ին բնականոն ընտրություններ լինեն, ապա ԺԴԿ վարկանիշը մի քանի միավորով կբարձրանա։ «Նրանք նախապես ձայների 13.5 %-ն էին հավաքել, այժմ այդ տոկոսը պիտի բարձրանա և դրա փոխարեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որ հավաքել էր 41%, տեղի տալով պիտի ստանա քվեների 38%-ը», ասել է Էստուկյանը։ Նա մտահոգություն է հայտնել, որ իշխանությունները կարող են ընտրությունների ընթացքին խանգարել։

Էստուկյանը նշել է, որ զինվորական միջամտություն կատարելու դեպքում կարող է արտակարգ պատերազմական վիճակ ստեղծվել Սիրիայում, ինչն էլ կարող է պատճառ դառնալ ընտրությունների հետաձգման։

Թուրքիայի նախագահի Մոսկվա կատարած այցի մասին իր տպավորությունները հայտնելով, Էստուկյանն ասել է, որ 13 տարի առաջ, երբ Էրդողանը իշխանության գլուխ եկավ, իրականացնում էր իսլամական լիբերալ մոտեցում։ Նրա ծրագրում լիբերալ տնտեսվարություն կար, իսկ գլխավոր գործոնը Եվրամիությանն անդամակցությունն էր։

«Թուրքիայի ժողովուրդը համակարծիք էր այդ ծրագրերին, սակայն հիմա այդ ռազմավարությունից շատ հեռու են», հայտնել է Էստուկյանը, ավելացնելով, որ «Պուտինի հետ սակարկություններ է արել և չեմ կարծում, որ Էրդողանը քաղաքական կարևոր միավորներ է շահել Մոսկվայում»։

Հայկական թաղամասերի դեմ թուրքական ծայրահեղականների ցուցաբերած անհանդուրժողականության մասին խոսելով՝ «Ակօսի» խմբագիրն ասել է․ «Պոլսահայերը որոշ փորձառություն ունեն և գիտեն, որ նման պարագաներում անպայման իրենց վնաս կհասցվի։ Մի քանի տարի առաջ օրակարգ մտան հայերի հանդեպ բարձրաստիճան զինվորականների մշակած բարդ ծրագրերը, օրինակ՝ Հայոց պատրիարքի դեմ մահափորձը, սակայն այս ծրագրերը փակվեցին։ Հրանտ Դինքի նահատակությունից հետո Էրգենիքոնին առնչվող ծալքեր հայտնագործվեցին, խոսվեց նաև հայ պատանի դպրոցականների հանդեպ ծրագրված հարձակումների մասին։ Այս ամենը մեզ մտահոգում են, ռիսկը միշտ կա, որովհետև այս պետությունը «փոքրամասնությունների հանձնախումբ» անվան տակ ունի անձնակազմ և գրասենյակ, որտեղ դավեր են նյութվում հայերի, հույների և այլ փոքրամասնությունների դեմ»։

Էստուկյանը նշել է նաև, որ հակառակ այն բանի, որ հայ համայնքի քաղաքականացված տարրերն այս բոլորը գիտեն, սակայն ջախաջախիչ մեծամասնությունը պատկերացում չունի և ինքն իրեն համոզում է, թե մեր ժամանակներում այդպիսի վայրագ բաներ չեն կարող պատահել, իսկ վախը միշտ իրավացի է», եզրափակել է Բագրատ Էստուկյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ