Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ բան կկորցնի, եթե զրկվի այնպիսի բարեկամից, ինչպիսին Թուրքիան է, գրում է Reuters գործակալությունը։ Այս մասին Էրդողանը ասել է այն բանից հետո, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, Թուրքիան դեմ է նաև սիրիական հակամարտությանը Մոսկվայի միջամտելուն։
Էրդողանը նշել է, որ իր երկրի տարածքի խախտումն անպատասխան չի մնա։ «Թուրքիայի դեմ հարձակումը նշանակում է ՆԱՏՕ-ի դեմ հարձակում», ասել է նա Բրյուսելում։
Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ, ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանագծում։
Ինքնաթիռը բռնելու համար օդ էին բարձրացել Թուրքիայի ՌՕՈՒ երկու F-16 ինքնաթիռ։
Թուրքիայի ՊՆ-ն նախ՝ հայտարարել էր ՄիԳ-29 հայտնաբերելու մասին, այնուհետև ճշտել էր, որ ռուսական ՍՈՒ-30 ինքնաթիռ է եղել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն խոստովանել են այդ խախտումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Էրդողանը Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հայտարարել էր սխալ։