Էրդողանն սկսել է վճարել

05 Հոկտեմբերի 2015

Հայաստանում տագնապած հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարևան երկրում տիրող անկայունությունն, իհարկե, ոչ ոքի պետք չէ, սակայն իրադարձություններն այնտեղ շատ արագ են զարգանում և հազիվ թե դրանք Անկարային որևէ լավ բան խոստանան, որը տարածաշրջանում հակամարտությունների մի ամբողջ փունջ է ներմուծում։

Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիայի ուժեղ ու հանրաճանաչ առաջնորդը գերագնահատել էր իր ուժերը, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատներում պատերազմներ հրահրելով, վտանգում է իշխանությունը կորցնել կամ բախվելու է շատ լուրջ հիմնախնդիրների։

Արդեն տասնհինգ տարի Թուրքիայի անփոխարինելի առաջնորդը հայտնվել է ծանր իրավիճակում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության եկավ 21-րդ դարի սկզբին՝ որպես Թուրքիայում իրենց ճնշված զգացող մահմեդականների, միաժամանակ համեմատաբար աղքատ և իսլամի կրոնական գաղափարները կրողների շահերի պաշտպան, հենց նրանց էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տվել իր քաղաքական «փաթեթը»։

Վերջին տասնամյակի հաջողությունները թուրք քաղաքական գործչի մոտ գլխապտույտ են առաջացրել, և նա որոշել է ամեն ինչի հասնել երկրի ներսում և դրանից դուրս։

Երկրից դուրս նա իր առջև խնդիր էր դրել տապալել Բ․Ասադի ազնվակիրթ ռեժիմը Սիրիայում, հույս ունենալով, որ կկարողանա այնտեղ իշխանության բերել իրեն հարազատ սուննի «եղբայր մուսուլմաններին», իսկ երկրի ներսում հավատացած էր, որ կարող է փոխել քաղաքական ամբողջ պատկերը։ Վստահ էր, որ 2015 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնության ձայները հավաքելով հաղթանակ տանելուց հետո կփոխի նաև երկրի սահմանադրությունը, որպեսզի խորհրդարանից հիմնական լիազորություններն անցնեն նախագահին։

Սակայն բրյումերի 18-ի հեղաշրջում Էրդողանին չհաջողվեց իրականացնել։ Հունիսյան ընտրությունները ոչ միայն հնարավորություն չտվեցին նրան միանձնյա ղեկավար դառնալ, այլև կառավարություն չկարողացավ ձևավորել, և նա հիմա ստիպված է նոյեմբերի 1-ին նախատեսված նոր ընտրություններին մասնակցել ու ռևանշ վերցնել։ Արդյոք հիմնավորվա՞ծ են նրա հույսերը։

Նախ՝ երկրից դուրս Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ բոլոր ուժերին նրա աջակցությունը հանգեցրեց այն բանին, որ Թուրքիան դարձավ ԻՊ ահաբեկչական շարժման համագործակիցը։ Մինչև վերջերս ԻՊ-ն զինյալների համալրումը և զենքը ստանում էր թուրք-սիրիական 900 կմ-ոց սահմանից։ Դա, իր հերթին, լարվածություն էր առաջացրել Էրդողանի և ՆԱՏՕ-ի երկրներում նրա դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի միջև, ում թուրքերն արգելեցին իրենց տարածքից ռմբակոծել ԻՊ-ին և օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան։ Կտրուկ սրվել են նաև Թուրքիայի նախագահի հարաբերությունները քրդերի հետ, որոնց բավարար աջակցություն չի ցուցաբերել թուրքական կառավարությունը ԻՊ դեմ Քոբան (Էյն ալ Արաբ) քաղաքի մարտերի ընթացքում, որտեղ ԱՄՆ-ն ջանադրաբար աջակցում էր քրդերին։

Իրավիճակը փոխվեց միայն հուլիսի 20-ից հետո, երբ ԻՊ ահաբեկիչը պայթեցրեց քուրդ կամավորներին և սպանեց նրանցից 32-ին, ովքեր պատրաստվում էին օգնել Քոբանի վերականգնմանը։ Սակայն թուրքական իշխանությունների հարաբերությունները ԻՊ-ի հետ վատացել էին ավելի վաղ, և հուլիսի 17-ին թուրքերենով ԻՊ հրատարակած «Կոնստանտիեն» «խալիֆաթի» նվիրյալներին կոչ էր անում բոյկոտել թուրքական կեղտոտ միսը։

Իշխանությունները չկարողացան չարձագանքել։ Ահաբեկչական գործողությունից անմիջապես հետո և Բ․Օբամայի հետ Էրդողանի հեռախոսազրույցից հետո համաձայնություն կնքվեց, ըստ որի ԱՄՆ-ն վերջապես իրավունք ստացավ ԻՊ-ին ռմբակոծելու համար օգտագործել թուրքական Ինջիրլիք, Դիարբեքիր, Բաթման և Մալաթիա ավիաբազաները, իսկ թուրքերը պարտավորվեցին ուղղակիորեն մասնակցել այդ ռմբակոծություններին։ 2014 թ․ հունիսին Մերձավոր Արևելքի քարտեզի վրա ԻՊ հայտնվելուց անմիջապես հետո առաջին անգամ Թուրքիայում սկսեցին այդ ահաբեկչական համախոհների զանգվածային ձերբակալությունները (հանուն արդարության պետք է ասել, որ արմատական իսլամիստների առաջին տասնյակին ձերբակալել էին դեռևս ահաբեկչությունից առաջ, հուլիսի կեսերին)։ Ավելի քան 500 մարդ հայտնվեց ճաղերի հետևում․ սահմանի վրա ուժեղացվեց հսկողությունը, հուլիսի վերջին 500 օտարերկրացի արտաքսվեց ԻՊ-ի հետ կապ ունենալու համար, 1100 մարդու մուտքը Թուրքիա մերժեցին և 15000 մարդու գրանցեցին «սև ցուցակում»։ ԻՊ-ն դա չներեց և հուլիսի 23-ին տեղի ունեցավ իսլամիստների առաջին բախումը թուրքական բանակի հետ։

«Կարիճը կծեց նրան, ով նրան թույլ էր տվել մտնել իր թևքի մեջ», ասել էր Ասադը ռուս լրագրողներին։

ԻՊ-ին հարվածելու թույլտվություն տալու համար Էրդողանն, իբր իրավունք է ստացել ստեղծելու անթռիչք գոտու նման մի բան թուրք-սիրիական սահմանի արևմտյան հատվածում, որպեսզի պաշտոնապես պաշտպանի Ասադից 1,8 մլն սիրիացի փախստականներին, իսկ իրականում, որպեսզի օգնի հակառեժիմային ուժերին։ Սակայն այդ ձևական թղթի կտորը քիչ օգնեց թուրք նախագահին։

ԻՊ-ի վերաբերյալ Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելով և դրանով իսկ նրանից ստանալով ներքաղաքական գծի ուժեղացման համար թողության թուղթ, Էրդողանը անզգուշաբար բացեց նոր ճակատ, արդեն քրդերի դեմ, ամենից առաջ Քրդստանի բանվորական շարժման դեմ։

Քրդերը հուլիսի 20-ի ահաբեկչությունն ընդունեցին որպես իշխանությունների սադրանք և պատասխանեցին ահաբեկչությանը ահաբեկչությամբ, սպանելով ոստիկանների։ Ահա այդտեղ էլ Թուրքիայի նախագահը կատարեց ճակատագրական սխալ, որի արձագանքը նա դեռ լսելու է։ Իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն, նա որոշեց պատժել այն ուժին, որն իր կարծիքով, խանգարում է Բ․Ասադին տապլելու իր ծրագրերին և խոչընդոտում է երկրի ներսում քաղաքական իր հեգեմոնիային (հունիսի 7-ի ընտրություններին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում ձեռք էր բերել 80 տեղ և Էրդողանի կուսակցությանը զրկել էր մեծամասնությունից), նա դադարեցրեց 2012 թ․-ից գործող քրդերի հետ կնքած զինադադարը և ՔԲԿ-ի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծեց։ Միաժամանակ Արդարություն և զարգացում կուսակցության ակտիվիստները հարձակում էին գործում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բոլոր գրասենյակների վրա։ Կուսակցության առաջնորդ Ս․Դեմիրթաշի դեմ սկսվեց դատական հետապնդում՝ «բռնության կոչեր անելու» համար։

Դրան ի պատասխան քրդերը որոշելով, որ իրենց խաբել են՝ խաղաղության կոչելով, բայց պատերազմ հայտարարելով, զենք վերցրին և նավթամուղը պայթեցրին, որի միջով դեպի Իրաքի անկախ Քրդստանի կողմնակիցների ճամբար՝ Թուրքիա և Իսրայել է (այդ նավթամուղի հաշվին բավարարվում է հրեական պետության պահանջարկի 77%-ը) հոսում նավթը Իրաքի Քրդստանի առաջնորդ Մ․Բարզանիի կողմից, ում հետ Անկարան առանձնահատուկ հարաբերություններ ունի։

Քրդերը չեն հավատում իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված ԻՊ-ի դեմ, քանի որ ԻՊ-ին դիտում են որպես Անկարայի գործիքի՝ իրենց դեմ պայքրելու հանար։ Նրանց կարծիքով, ՔԲԿ-ին մղելով քաղաքացիական պատերազմի վերսկսման, ցանկանում են վարկաբեկել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, իսկ հետո արգելել գործունեությունը և թույլ չտալ, որ մասնակցի ընտրություններին։

Այդ մասին թուրք ազգայնամոլները, որոնք որոշել են պաշտպանել Էրդողանին, արդեն կոչեր են անում։ Նրանք հրեշացնում են ԺԴԿ-ն՝ դրա կողմնակիցներին հայտարարելով անջատողականներ։

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ լարվածություն ստեղծելով, Էրդողանը վտանգում է խորհրդարանական ընտրություններին իր հաղթանակը։ Ներկայում տիրող իրավիճակում հազիվ թե նա կարողանա իր շուրջը համախմբել ժողովրդին, պատերազմելով երեք ճակատով՝ Սիրիայի, ԻՊ-ի և ՔԲԿ-ի դեմ։ Երկրում բարեփոխումները տեղապտույտ են տալիս, տնտեսական իրավիճակը չի բարելավվում, այս ամենով հանդերձ երկրի ժողովրդի վզին փաթաթել մի գաղափարախոսություն, որին ոչ բոլորն են համաձայն, և իշխանությունը մենատիրաբար ձեռքում պահելը կարող է բարձրացնել բողոքի ալիքը։ Բոնապարտիզմն այսօր տեղին չէ․․․

 

Պողոս Անաստասյան, քաղաքագետ, արևելագետ

Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ