Զարիֆ․«Մենք այնքան հմուտ ենք, որ հասկանում ենք անցյալով ապրել չի կարելի»

02 Հոկտեմբերի 2015

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և անհրաժեշտ գործնական քայլերի վերաբերյալ կառուցողական ելույթ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Զարիֆը։ Ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթից։

«Համաշխարհայնացման ժամանակահատվածում, երբ սպառնալիքները սահման չեն ճանաչում, կատաղի ծայրահեղականները շարունակում են տարածվել և նորանոր տարածքներ են գրավում: Եվրոպայում գաղթականների հոսքը և տասնյակ հազարավոր ահաբեկիչները, որոնք Մերձավոր Արևելքում ազատ ելումուտ են անում, խոսում է ճգնաժամի համաշխարհայնացման մասին: Անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ օտարերկրյա ահաբեկիչների մուտքը Սիրիա և Իրաք դեռ շարունակվում է:

Այս փաստը խոսում է այն մասին, որ տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու միջազգային ջանքերը բավարար չեն եղել: Միջազգային հանրության ոչ մի անդամ չի կարող իրեն ապահովագրված զգալ այդ երևույթի հետևանքներից։ Քանի որ այս սպառնալիքը համաշխարհային բնույթ ունի, հետևաբար այն արմատախիլ անելը ևս պահանջում է համաշխարհային մտածված լուրջ ջանքերի գործադրում: Այս պայքարում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է նոր մտածողություն, որը հեռու է հին օլգուներից, որոնք հիմնված էին վերացման, հաղթելու և պարտվելու վրա, որոնք որևէ արդյունք չեն ունեցել, բացի հակադրություններ առաջացնելուց:  

ՄԱԿ-ի ընդհանուր նստաշրջանում, Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահն իր ելույթում խոսել է այդ սպառնալիքների մասին, շեշտել է  համաշխարհային մոտեցման ձևերի և անհրաժեշտության մասին, առաջարկել է ստեղծել միասնական ճակատ՝ ընդդեմ կատաղի ծայրահեղականության և ներկայացրել է բազմակողմանի գործնական ծրագրի անհրաժեշտությունը: Նման ճակատի ստեղծումը խիստ կարևոր է այն առումով, որ հատկապես սպառնալիքները շարունակվում են, մարդկային շատ լուրջ հետևանքներ ունեն, և միջազգային կոալիցիան չի կարողացել հաջողություններ ունենալ իր նպատակներին հասնելու գործում:   

Բազմակողմանի մշակված ծրագիրը, որն առաջարկել է Իրանի նախագահը՝ կատաղի ծայրահեղականությանը վերացնելու նպատակով, միջազգային լայն փոխհամաձայնության հիման վրա պետք է կարողանա կատարել այն ազդեցիկ գործողությունները, որոնք մինչ այժմ չեն կատարվել:

Այդ գործնական ծրագիրը պետք է իրագործվի ՄԱԿ-ի կանոնադրության հիմունքների համաձայն, և պետք է ուղղված լինի առկա մտայնությունների հարմարեցմանը, ճշգրտի նոր օլգուները, նպատակ ունենա պայքարելու մի ընդհանուր գաղափարական ու մշակութային ճակատից՝ ընդդեմ ծայրահեղական գաղափարախոսությունների: Այս ծրագիրը պետք է ուշադրություն դարձնի որոշ գործոնների վրա, օրինակ՝ դիկտատուրա, աղքատություն,  կաշառակերություն, խտրականություն, որոնք հիմք են դառնում ծայրահեղականության համար, և միջոցներ գտնի «իսլամավախության» դեմ պայքարում:   

Այս ծրագրում պետք է որոշ միջոցներ նախատեսել՝ տարածաշրջանի բոլոր երկրներին մոբիլիզացնելու, ահաբեկիչների նյութական ապահովության, նրանց ազատ տեղաշարժի դեմն առնելու համար: Քանի որ Պաղեստինի տարածքները զավթված են, և Իսրայելի ռեժիմի հանցագործությունները պաղեստինցի ժողովրդի դեմ շարունակվում է, և այս երևույթը չարաշահվում է ծայրահեղականությունը խթանելու գործում, ուստի անհրաժեշտ է այդ գործնական ծրագրում հատուկ ուշադրություն դարձնել այս հարցի վրա։

 Վերջում թույլ տվեք շեշտեմ, որ մենք Իրանում լավ գիտակցում ենք, որ ֆանատիզմը, ահաբեկչությունը, ծայրահեղականությունն ու սեկտարիզմը մարտահրավերներ են, որոնք սպառնում են մեզ տարածաշրջանում և դրանից դուրս, և անհրաժեշտ է միասնաբար այդ մարտահրավերներին դիմակայել: Մենք ցավում ենք, որ մեր մեկ կամ երկու հարևան երկրները անկարող են ըմբռնելու սպառնալիքը և մեր համընդհանուր ճակատագիրը, այդ իսկ պատճառով ցուցաբերում են անպատասխանատու մոտեցումներ, որոնք դրսևորվում են նրանց տարածաշրջանային քաղաքականության մեջ ու իրենց վարքում։

Աշխարհը դեռ չի մոռացել նրանց համագործակցությունը «Ալքաիդայի» և «Թալիբանի» ստեղծման գործում և Սադամի հանցագործությունները մեր ժողովրդի հանդեպ: Սրանք այն հիմնական գործոններն էին, որոնք նպաստեցին վտանգավոր ծայրահեղականության առաջացմանը: Սակայն մենք՝ իրանցիներս բավականաչափ  հմտություն ունենք, որ հասկանանք՝ չպետք է ապրել անցյալով,  անհարժեշտ է լուրջ երկխոսությունների ու համագործակցության միջոցով դժվարությունները լուծել, մենք համոզված ենք, որ մեր հարևանների անվտանգությունը մեր անվտանգությունն է:

Մենք մեծ հույս ունենք, որ մեր մեկ կամ երկու հարևանները, որոնք խնդիրներից հեռու են, կընդունեն առկա իրականությունը և դրականորեն ու պատասխանատվությամբ կվերաբերվեն ներկայացված գործնական առաջարկին, որը նախատեսում է տարածաշրջանում երկխոսությունների ու համագործակցության  գործընթաց»:     

 

Նյութը պատրաստեց Արտաշես Մելիքյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ