2015 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Անգլիայի Բանվորական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը, և կուսակցության ձախ ճակատի անդամ Ջերեմի Կորբինն ընտրվեց այդ կուսակցության ղեկավար: Այդ ընտրություններում Բանվորական կուսակցության 540277 անդամ կարող էր մասնակցել ընտրություններին, սակայն մասնակցեց 422664-ը, որից 251417 հոգի, այսինքն՝ քվեարկողների 59.9 տոկոսն իր ձայնը տվեց Ջերեմի Կորբինին:
Ջերեմի Կորբինը 66 տարեկան է, 32 տարի Անգլիայի համընդհանուր խորհրդարանի անդամ է եղել: Նրա կուսակից Թոմ Վաթսոնը շահեց 160854 ձայն և դարձավ Կորբինի տեղակալը: Վաթսոնը հայտարարել է, որ պաշտպանում է նոր ղեկավար Կորբինին և կուսակցության մյուս անդամներից պահանջել է, որ նրանք նույնպես պաշտպանեն Կորբինի թեկնածությունը:
Անցյալ տարի մայիս ամսին տեղի ունեցած ընտրություններում, երբ Անգլիայի Բանվորական կուսակցությունը չնչին տարբերությամբ պարտվեց Պահպանողական կուսակցությանը, կուսակցության ղեկավար Էդ Միլիբենդը հրաժարվեց Բանվորական կուսակցության ղեկավարությունից:
Ջերեմի Կորբինն իր առաջին ելույթում հայտնել էր, որ մասնակցելու է Լոնդոնում տեղի ունենալիք փախստականներին պաշտպանող միտինգին: Նա ասել էր, որ պատերազմական գոտիներից փախած մարդիկ նման են բոլորիս, և պետք է մարդկային վերաբերմունք ցույց տալ նրանց:
Կորբինը քննադատել է ռազմատենչ ու տնտեսական անհավասարության քաղաքականությունն աշխարհում: Նա հայտարարել է, որ անհավասարությունն ու աղքատությունն անխուսափելի դժվարություններ չեն և կարելի է իրավիճակը փոխել։
Անգլիայի Բանվորական կուսակցության առաջնորդի ընտրության ընթացքում Ջերեմի Կորբինը ցուցադրել է իր սոցիալիստական ու ձախակողմյան դիրքորոշումները, որը հետաքրքրել ու կողմնորոշել է շատերին դեպի Բանվորական կուսակցությունը:
Շատերն այն կարծիքին էին, որ նման դիրքորոշումներով Բանվորական կուսակցությունը հնարավոր է չկարողանա ձեռք բերել պահպանողականների և միջանկյալ քվե տվողների ձայները, սակայն սխալվեցին:
Կորբինն այն կարծիքին է, որ Անգլիայի երկաթուղային համակարգը պետք է ազգայնացվի, ֆինանսական ինստիտուտների և բանկերի վրա պետական հսկողությունը պետք է մեծանա և պետք է դադարեցվեն Բրիտանիայի միջուկային զենքերի փորձարկումները: Նա խոստացել է, որ ներողություն է խնդրելու Թոնի Բլերի ժամանակ Իրաքյան պատերազմին մասնակցելու համար: Հարկ է նշել, որ Թոնի Բլերը նախկինում Բանվորական կուսակցության ղեկավարն է եղել և կողմնակից է եղել Իրաքյան պատերազմում Անգլիայի մասնակցությանը:
Կուսակցության անդամները երկար ժամանակ վիճում էին նախկինում իրենց պարտության պատճառների շուրջ, ոմանք համարում էին, որ կուսակցության ղեկավար Միլիբենդը չափից ավելի ձախակողմյան քաղաքականություն է վարել, իսկ ոմանք գտնում էին, որ լիբերալների ու պահպանողականների հանդեպ հստակ դիրքորոշում չէին ցուցաբերում:
Վերջին տարիներին Ջերեմի Կորբինը բացահայտորեն Բանվորական կուսակցության դիրքորոշումների կողմ հանդես եկավ, հատկապես Թոնի Բլերի ժամանակահատվածում, և դա հավանության արժանացրին կուսակցության համակիրները: Տասնյակ հազարավոր մարդիկ այս կուսակցության անդամ դարձան, ենթադրվում է, որ նրանց մեծ մասը Կորբինի համակիրներն են:
Կորբինը խիստ քննադատության է ենթարկում Անգլիայի ճնշումների տնտեսական քաղաքականությունը1, արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ին ենթարկվելու դիրքորոշումը, նա դեմ էր նաև Իրաքի դեմ պատերազմին:
Բանվորական կուսակցությունը համարվում է իշխանության դեմ հանդես եկող ամենամեծ կուսակցությունը:
Կորբինը քննադատելով ուրիշ երկրների դեմ զավթողական քաղաքականությունը, իր հենց առաջին ելույթում հայտարարել էր․ «Եկեք լինենք աշխարհում խաղաղություն հաստատող և փոփոխություններ առաջացնող մի ուժ»: Նա ասում էր, որ անգլիացիները լավ Բրիտանիա են պահանջում, ավելի արդար Բրիտանիա: Անգլիացիները կարիք ունեն այնպիսի տնտեսական քաղաքականության, որը բարելավի կյանքի մակարդակը և վերջ տա անարդարություններին, վիճակը կարող է փոխվել ու կփոխվի:
Կորբինը հանդես է գալիս ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի և քննադատում է Իսրայելի հարձակումները պաղեստինցի ժողովրդի վրա, հատկապես վերջինը՝ Ղազա քաղաքի վրա:
Կորբինը դեմ էր նաև Իրանի դեմ պատժամիջոցներին՝ բոյկոտների կիրառմանը և պահանջում էր դրանք վերացել: Նա անցյալ տարի եղել էր Թեհրանում ու հանդիպել էր ԻԻՀ պաշտոնյաների ու արտգործ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Խոստացել էր, որ եթե կուսակցության ղեկավար դառնա, իրաքյան պատերազմի համար ներողություն կխնդրի Անգլիայի ժողովրդից, որ իրեն խաբել են, և Իրաքի ժողովրդից, որ նրանց տանջանքի պատճառ են դարձել:
2003 թվականին Անգլիայի խորհրդարանում Կորբինը և 84 պատգամավոր իրաքյան պատերազմի դեմ քվեարկեցին: Կորբինը դեմ էր Անգլիայի պատերազմական քաղաքականությանը և ռազմական միջամտությանը Աֆղանեստանում, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում:
Ընտրություններից երկու ամիս առաջ Անգլիայի բազմաթիվ լրատվամիջոցներ սկսեցին նրա դեմ աշխատել ու դատապարտել նրան՝ Իրանի դիրքորոշումները և պաղեստինցի ժողովրդին պաշտպանելու համար:
Կորբինը բազմիցս հայտարարել է, որ տնտեսական ճնշումները կամ դաժանությունները ժողովրդի հանդեպ պարտադիր կամ անհրաժեշտ տնտեսական համակարգ չէ, դա քաղաքական այլընտրանք է և ոչ թե տնտեսական, որը պարտադրվել է ժողովրդին: Նա բանվորական արհմիությունների նիստում քննադատելով երկրում պահպանողական իշխանության տնտեսական քաղաքականությունն ասել է, որ պահպանողականները հարուստների հարկերը քչացնում են, անտեսում են աղքատության գոյությունը Անգլիայում և չեն տեսնում բյուջեի բացը: Կարծես թե իշխանությունը ժողովրդի երկար հերթերը սննդի բանկերի դիմաց և բնակարանային ճգնաժամը չի տեսնում, բացի դա, ջանում է կրճատել քիչ եկամուտ ունեցող խավին հատկացվող գումարների չափը:
Նա դեմ է Անգլիայի վարչապետ Քեմերոնի տնտեսական ճնշման քաղաքականությանը և ընդհանուր ծախսերը 12 միլիարդի իջեցման, կենցաղային ծախսերի կրճատման մասին որոշումներին:
1.- Տնտեսական դաժանություն կամ ճնշումներ (Austerity).- Տնտեսագիտության մեջ սա մի ծրագիր է, որից իշխանություններն իրենց ծախսերը կրճատելու և բյուջեի բացը լրացնելու համար, կամ իշխանություններն իրենց պարտքատերերին նյութական օգնություն ցույց տալու նպատակով են օգտվում: Նրանք տնտեսական ճնշումների միջոցով կրճատում են ժողովրդի ընդհանուր ծառայություններն ու նպաստները: Երբեմն բյուջեի բացը լրացնելու նպատակով հարկերը բարձրացնում են ու վարկերն ավելացնում և արտաքին պարտքեր են վերցնում:
Պատրաստեց Արտաշես Մելիքյանը