Համաշխարհային երրորդ պատերազմի նախօրեի՞ն ենք գտնվում

20 Սեպտեմբերի 2015

Ինչպես 1939-ին համատարած «տեղական» պատերազմներ ու հեղափոխություններ էին, այսօր էլ 21-րդ դարին «վայել» բռնատիրական վարչակարգեր, գվարդիական լրտեսական արբանյակներ, համատարած կոտորածներ ու բռնագաղթեր են։

Ամեն օր հայտարարվում է նոր, կործանիչ, միջուկային գլխիկներով հրթիռի և ձայնից երեք անգամ ավելի արագ թռչող ռմբահարող ինքնաթիռի չարաբաստիկ ստեղծման մասին։ Միլիոնավոր գաղթականներ, տապալելով պետական սահմանների արհեստական արգելքները, ներխուժում են Եվրոպա, այն դարձնելով եվրոպական մահմեդական երկրների միություն՝ շուտով։

Անբարոյականությանը, միասեռականությանը, ոճրագործությանը, հազարամյա պատմական հուշարձանների ոչնչացմանն անտարբեր, սառած աչքերով նայում են նավթի և փառքի մոլուցքով խելագարված երկրագնդի մերօրյա ղեկավարները՝ փաստորեն մարդկային քաղաքակրթությունը տանելով կործանման։

1939-ին, եթե Լեհաստանի վրա հարձակմամբ սկսված և Հիտլերի սանձազերծած Համաշխարհային երկրորդ պատերազմը 60 միլիոնից ավելի մարդու կյանք խլեց, ամբողջ քաղաքներ հիմնահատակ կործանելով, ապա այսօր Համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը միայն  կարողանում է միլիարդից ավելի բնակչություն մոխրի  վերածել և մեր երկրագունդն իր միլիարդավոր տարիների կանգուն վիճակից դուրս  հանել ու ոչնչացնել անծայրածիր տիեզերքում։ Այսօր  մերօրյա Հիտլերները՝ Սարկոզին և Բերլուսկոնին, իրենց ընտրարշավները ֆինանսավորած Լիբիայի բռնակալ Քադաֆիին սպանել տվեցին, պատճառ դառնալով միլիոնավոր գաղթականների փախուստին՝ դեպի Իտալիա, Մայորկա և Իսպանիա։

Ծայրահեղ աջ ազգայնական կուսակցությունները ոտքի են ելել և զինվում են՝ նախապատրաստվելով Համաշխարհային երրորդ պատերազմին նախորդող քաղաքացիական կռիվներին, որոնց նախանշանները տեսանք վերջերս եվրոպական որոշ մայրաքաղաքներ այցելության ընթացքում։

Դեռ չենք խոսում մարդկային քաղաքակրթության օրրաններ Իրաքի և Սիրիայի մասին, ուր 7000-ամյա պատմական անգին հուշարձանները քարուքանդ են լինում Դաեշ կոչված մերօրյա մոնղոլ-թաթարների, լենկթեմուրների, Թուրքիայից, Չեչնիայից և Աֆղանստանից ժամանած վարձու մարդասպանների ձեռքով, որոնք մինչև վերջերս վայելում էին Վաշինգտոնի, Թել Ավիվի, Փարիզի, Բեռլինի ու Անկարայի բացարձակ աջակցությունն ու հովանավորությունը։

Հազարավոր անմեղ բնակիչների արյունն այսօր ավելի էժան գին ունի, քան մի քանի տակառ նավթը և քաղաքական ամենից կեղտոտ խաղերի զոհասեղանին համաշխարհային մակարդակի գիտնականներ են գլխատվում ու մոխրի վերածվում։

Ո՞վ պիտի կանգնեցնի այս համատարած սպանդը, ալան-թալանը, մարդկային քաղաքակրթության 25 000-ամյա ոսկյա էջերի հրկիզումը։

Մեր երկրագնդի բախտախնդիր, մութ և «չար» ուժերի խամաճիկը դարձած ղեկավարները պիտի սթափվե՞ն արդյոք, թե իրենց գահերին կառչած մնալով՝ որպես ոսկեպատ ստրուկներ, 21-րդ դարը պիտի դարձնեն վերջինը երկրագնդի պատմության մեջ։

Համո Մոսկոֆյան  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ