Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին՝ տվյալ տարածքում հայտարարված պարետային ժամի պայմաններում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ։
Հասըրլը կոչվող թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին շատ է տուժել ոստիկանների հարձակումից, որոնք գողացել են եկեղեցում գտնվող շատ պատմական իրեր։
Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Գարակյոզյանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել այդ փաստի առնչությամբ։ Նա նշել է, որ եկեղեցուն բարբարոս թուրքերը հասցրել են 300 հազար թրքական լիրա գումարի վնաս։
«Ոստիկանները եկեղեցի են մտել՝ կոտրելով հնադարյան պատմական դռները։ Ակնհայտ է, որ մեծ հարձակում են գործել եկեղեցու վրա։ Գողացել են հախճապակե պատմական վեց նկար, ինչպես նաև պահեստում գտնվող փորագրված հնադարյան քարեր», հայտնել է Գարակյոզյանը։
Մինչ այդ դեպքը, նույն Սուրի շրջանում ոստիկանների և Քրդական աշխատավորական կուսակցության անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր Սբ Կիրակոս եկեղեցին, գրում է «Հայրենիք» կայքը։