Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորումները համարում է ահաբեկչական և արևմտյան ծայրահեղական ծրագիր։
«Այդ երկու խմբավորումները Արևմուտքի ստեղծած քաղաքական կազմակերպությունների երրորդ ալիքն է, որով տարածում են իրենց թունավոր գաղափարախոսությունը։ Նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում։ Առաջին ալիքով անցած դարի սկզբին ի հայտ եկան «Մահմեդական եղբայրները», երկրորդ ալիքով՝ «Ալքաիդան», որը կռվում էր Աֆղանստանում ԽՍՀՄ-ի դեմ։ Երրորդ ալիքը՝ «Իսլամական պետություն», «Ջեբհատ ան Նուսրան» և դրանց նման այլ կազմակերպություններն են։
Ինչ են իրենցից ներկայացնում ԻՊ-ն և մյուս խմբավորումները․ դրանք արևմտյան ծայրահեղական նախագիծ են», հայտարարել է Բաշար Ասադը։
Նա նաև նշել է, որ ԻՊ-ն որպես կազմավորում ոչ պետություն և ոչ էլ կիսապետություն համարել չի կարելի։
«ԻՊ ահաբեկչական խմբավորումը փորձում է պետության ձև ընդունել, որպեսզի իր շարքերում ավելի շատ կամավորների ներգրավի, այնպիսիներին, ովքեր անցյալի պատրանքներով են ապրում։ Նրանք երազում են հանուն կրոնի գոյություն ունեցող իսլամական պետություն ստեղծելու մասին։ Դա գաղափարաբանական մոտեցում է, որն իրականության հետ ընդհանրություն չունի։ Դա մոլորություն է», նշել է Սիրիայի նախագահը։
Նա բացատրել է, որ պետությունը հենց այնպես չեն փաթաթում հասարակության վզին, հակառակը՝ հասարակությունը պետք է ստեղծի պետություն։
«Նույնիսկ եթե նրանք փորձ արեցին փող, դրոշմանիշներ տպելու, անձնագրեր տվեցին կամ ձեռք բերեցին պետության այլ բնորոշիչներ, բոլորովին չի նշանակում, որ նրանք պետություն են ստեղծել։ Նախ՝ նրանք ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, երկրորդ՝ նրանց գրաված տարածքներում ապրող մարդիկ կամ փախչում են այլ պետություններ, կամ զենքը ձեռքին կռվում են նրանց դեմ։ Միայն աննշան փոքրամասնությունն է հավատում նրանց ստին», ասել է Ասադը։
Հիշեցնենք, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը երեք տարվա ընթացքում գրավել է Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը։ Այդ խմբավորումը փորձում է իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի, մասամբ նաև Լիբիայի երկրներում։
Տարբեր գնահատականների համաձայն, ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքները հասնում են մինչև 90 հազ․ք/կմ-ի, ահաբեկիչները հայտարարել են խալիֆաթի ստեղծման մասին, որն ունի իր օրենքներն ու իշխանության մարմինները։
ԻՊ ծայրահեղական ահաբեկչական խմբավորման թվաքանակը կազմում է 50 հազարից 200 հազար զինյալներ։
Կազմեց Ռուբինա Ռաֆայելյանը, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության տվյալների։