Սեպտեմբերի 12-ին Բրիտանիայում լեյբորիստները կուսակցության առաջնորդ ընտրեցին Ջերեմի Կորբինին։ Բոլորն սպասում էին, որ ամերիկամետները ջենթլմենի պես կընդունեն Կորբինի հաղթանակը, հաշվի առնելով ժողովրդի կամքի արտահայտման հանդեպ հարգանքը։ Կորբինն ստացել էր ձայների 60%-ը, իսկ նրա մրցակիցը 20%-ից էլ քիչ ձայն էր հավաքել։ Սակայն և՛ Բրիտանիայում, և՛ Արևմուտքում բացասական վերաբերմունք արտահայտեցին, գրելով, որ «Լեյբորիստների կուսակցությունը պատվավոր մահվան է գնում» ընտրելով Կորբինին։
Ջ․ Կորբինի դեմ հանդես եկան երկրի բոլոր ԶԼՄ-երը, գործարարները, չինովնիկների խավը, Մեծ Բրիտանիայի ամերիկամետ հակումներ ունեցող բոլոր անձինք, վերջապես՝ Թոնի Բլերը, ում Անգլիայում անվանում են Բուշի «շնիկ»։
Պարզվում է, Կորբինին անգլո-ամերիկյան բարձրաշխարհիկները չեն հանդուրժում միայն այն բանի համար, որ նա Russia Today-ի հաճախեկ հյուրն է, ղեկավարում է Պաղեստինի հետ համերաշխության ընկերությունը, իսկ ամենակարևորն այն է, որ նա դեմ է Իրաքի դեմ պատերազմին։
Daily Telegraph-ը Կորբինին անվանել էր «Եվրոպայում Պուտինին օգտակար ապուշ»՝ Russia Today-ում արտասանած հռետորական հարցի համար․ «Ի՞նչ է անվտանգությունը՝ ռմբակոծելու, խեղելու, սպանելու, ոչնչացնելու ընդունակությունը, թե՞ մարդկանց հետ լավ հարաբերություններ ստեղծելն ու նրանց հետ յուրօրինակ հարգանքով գոյակցելը»։
Ջերեմի Կորբինի հաջողության պատճառները նրա հակառակորդները վերագրում են «Ռուսաստանի աջակցությանը», սակայն ինչ աջակցության մասին է խոսքը, ոչ ոք չի ասում։ Նրա հակառակորդները խոսքերը մեկ արած չեն ուզում տեսնել և ասել նրա հաղթնակի իրական պատճառը։ Իսկ պատճառն այն է, որ Կորբինը հետևողականորեն քննադատում է Բլերի բռնած ուղին, ինչը հասցնում է Վաշինգտոնի առաջ քծնանքի։
Լեյբորիստների նոր առաջնորդը կոչ է անում ականջալուր լինել միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանի կարծիքին, առաջարկում է չկատարել «ռեժիմը փոխելու» գործողություններ, ինչպես դա արեցին Իրաքում, Լիբիայում, հիմա էլ Սիրիայում են նույնն անում։
Չմոռանանք նաև, որ Կորբինի օգտին ձայն են տվել հարյուր հազարավոր փախստականներ, որոնց Բրիտանիա և Եվրոպա մայրցամաք է հասցրել նույն Թոնի Բլերը՝ Իրաքի ոչնչացման գործողություններին համագործակցելու իր քաղաքականությամբ, հետևաբար Իսլամական պետություն խմբավորման անխուսափելի ստեղծմանգործում իր մասնակցությամբ։
Կորբինի ներկայացրած ծրագիրը խոստանում է՝ նախկինում սեփականաշնորհված երկաթուղիների ազգայնացում, հարուստների համար բարձր հարկերի վերականգնում, պետական ծախսերի ավելացում, այդ թվում՝ սոցիալական կարիքների համար, ՆԱՏՕ-ի կազմից հնարավոր է նաև Եվրամիության կազմից դուրս գալ, Անգլիայի բանկի ենթակայությունը կառավարությանը և այլն։ «Կորբինի ամենակարևոր բաղկացուցիչը հակաամերիկյան կողմնորոշումն է», գրել է Բլումբերգ գործակալությունը։
Կորբինի խոսքերը գործնականում իրականություն կդառնան, արդյոք, եթե նա հաղթի Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում, ոչ ոք ասել չի կարող։ Սակայն այսօր Կորբինը Թոնի Բլերի ախոյանն է լեյբորիստների ճամբարում։
Նախկինում, մինչև Բլերը, լեյբորիստները հակառակորդ էին պահպանողականների ամերիկամետ ուղղությանը։ Ռեյգան-Թետչեր անտանելի կապը անգլիացիներին 1982 թ․հասցրին Արգենտինայի հետ պատերազմի, իսկ հաղթանակի հասան այդ պատերազմում շնորհիվ այն բանի, որ ամերիկյան արբանյակային նշանառության միջոցով ջրասույզ արվեց արգենտինական «Գեներալ Բելգրանո» հրամանատարական նավը։ Դրան հետևեց ոչ պակաս պատմական մի գործողություն՝ Թետչերի կազմակերպած Գորբաչովի «հարսնատեսությունը», որից հետո Երկաթե լեդին բավարարված կայացրեց իր վճիռը՝ այն հասցնելով Վաշինգտոնի իր գործընկերներին․ «Նրա հետ կարելի է աշխատել»։
Դրանից հետո լեյբորիստները հաղթանակ տարան ընտրություններում և վարչապետի պաշտոնում հայտնվեց Բլերը։ Նրա իրականացրած քաղաքական մեծ շրջադարձն այն էր, որ զրկեց Բրիտանիային քաղաքական այլընտրանքից։ Նրա կուսակցության ղեկավար դառնալու պահից բոլոր լեյբորիստները Մ․Նահանգների «շնիկների» են նմանվել։
Միգուցե Ջերեմի Կորբինը կարողանա շրջադարձ կատարել․․․ Բրիտանիայի քաղաքական պատմության ընթացքում տասնամյակներ են եղել, երբ լեյբորիստները ընդդիմացել են և՛ պահպանողականներին, և ամերիկյան իմպերիալիզմին։
Իգոր Շումեյկո
Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը