Ռոն Պոլ․ «Վերջ տանք կայսրությանը»

15 Սեպտեմբերի 2015

Եվրոպան անցած շաբաթների ընթացքում վերապրեց վերջին տասնամյակի ամենասարսափելի ճգնաժամերից մեկը։ Տասնյակ հազարավոր փախստականներ Հունգարիայի տարածքով հատել էր Եվրամիության սահմանը, ձգտելով հասնել իրենց համար ցանկալի վայր՝ Գերմանիա։

Հիմա, երբ ԶԼՄ-երի ուշադրությունը կենտրոնացած է մարդկային ողբերգության վրա՝ թե մարդիկ ոնց են վռնդվում և ստիպված ճանապարհորդում են վտանգներով լի պայմաններում, շատ քիչ են ուշադրության արժանանում այն իրադարձությունները, որոնք պարտադրում են այդ դժբախտներին լքել հարազատ երկիրը։ Բոլորս, իհարկե, ցավում ենք այդ փախստականների վիճակի, հատկապես երեխաների համար, սակայն չենք կարող մոռանալ, որ այդ ճգնաժամը մարդկանց ձեռքի գործն է, իսկ նախաձեռնողները կառավարություններն են։   

Այն, որ շատ-շատերը լքում են Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը կամ Իրաքը, պատճառն այն է, որ ամերիկյան և եվրոպական զավթողական արտաքին քաղաքականությունը այդ երկրները հասցրեց անկայուն վիճակի և մարդիկ կորցրին հույսը, որ երբևէ կհաղթահարվի տնտեսական անկումը։ Մերձավոր Արևելքից և հարևան տարածքներից զանգվածային գաղթը արտաքին քաղաքականության անմիջական արդյունքն է, որի նպատակը ռեժիմը փոխելն է, զենքերի համազարկի նվագակցության ներքո ներխուժելն  ու «դեմոկրատիա» ներմուծելն է։

Նրանց եթե նույնիսկ հաջողվի փոխել ռեժիմը, ինչպես Իրաքում արեցին, ապա դրանից ի՞նչ կմնա՝ ընդամենը ապրելու համար ոչ պիտանի մի երկիր։

Ինձ այս ամենը հիշեցնում է Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի մայորին վերագրված մի արտահայտություն, որը խորհում էր Բեն Տրեի ռմբակոծության մասին․ «Այս քաղաքը փրկելու համար, պետք է ոչնչացնել»։

Եվրոպացիները նույնպես մեղքի մեծ բաժին ունեն։ Ֆրանսիան և Անգլիան մեծ ոգևորությամբ օժանդակեցին Լիբիայի վրա հարձակումը և հենց սկզբից աջակցեցին «Ասադը պետք է հեռանա» քաղաքականությանը։

Միգուցե Ասադն այնքան էլ լավ տղա չէ, սակայն այն ուժերը, որոնք օգտագործվում են նրան տապալելու համար, որպես կանոն, ավելի վատն են և մի քանի անգամ ավելի վտանգավոր։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ մարդիկ հուսահատված ուզում են լքել Սիրիան։

Մեզանից շատերը տեսել են թուրքական լողափին պառկած սիրիացի փոքրիկի խեղդամահ մարմնի սրտաճմլիկ պատկերը։ Զավթիչներն այդ փոքրիկին բաժին հասած ողբերգությունն օգտագործում են՝ ուղղակիորեն կոչ անելով Մ․Նահանգներին հարձակում գործել Սիրիայի իշխանության դեմ, իսկ իրականում այդ փոքրիկը քուրդ էր, քրդական ընտանիքի անդամ, որը փախուստի էր դիմել ԻՊ զինյալներից դեպի Այն էլ Արաբ։ Իսկ մենք գիտենք, որ ԻՊ հասկացողություն և նման երևույթ ընդհանրապես գոյություն չի ունեցել ոչ Իրաքում, ոչ Սիրիայում՝ նախքան 2003 թ․ ամերիկյան զորքերի Իրաք ներխուժումը։

Հաճախ է պատահում, որ բախվում ենք բումերանգի ազդեցությանը, ինչին հանգեցնում է արտաքին քաղաքականության վատ վարումը․ այդ ժամանակ այն մարդիկ, ովքեր ստեղծել են այս հիմնախնդիրը, համարում են, որ իրավունք ունեն մեզ ասելու, թե ինչպես պետք է առաջացած հիմնախնդիրն ուղղել, այն դեպքում, երբ նրանք երբևէ չեն ընդունում իրենց սխալները։ Օրինակ՝ անցած շաբաթ նորությունների ծրագրով տեսանք վարկաբեկված գեներալ Դավիթ Պետրեուսին՝ Սիրիայի հիմնախնդրի վերաբերյալ իր որոշումը ներկայացնելիս, այն է՝ ԻՊ դեմ պայքարում «Ալքաիդայի» հետ հաշտություն կնքել։ Պետրեուսը Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն էր այն ժամանակ, երբ Մ․Նահանգները սկսեցին Սիրիայում ռեժիմը փոխելու գաղտնի գործողությունը։ Նա ղեկավարում էր նաև Իրաքում «ուժերի հանկարծակի կուտակում» գործողությունը, ինչի արդյունքում ստեղծվեցին «Ալքաիդան» և ԻՊ-ն՝ Իրաքում և Սիրիայում։

Մտածել, որ Մ․Նահանգներն իր աղետալի քաղաքականությունը Սիրիայի հանդեպ կարող է փրկել «Ալքաիդայի» հետ հաշտություն կնքելու շնորհիվ, սարսափելի է նույնիսկ։

Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ սիրիացի փախստականների հիմնախնդիրն այնքան սրված չէր լինի, եթե այդ երկու ահաբեկչական խմբավորումներից մեկի՝ ԻՊ-ի կամ «Ալքաիդայի» զինյալները վերահսկողություն սահմանեին Սիրիայում։

 

Ռոն Պոլ, ԱՄՆ Կոնգրեսմեն

Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ