Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձև է ընդունել։
Բանաձևի օգտին քվեարկել են նիստի 365 մասնակիցներից 202-ը։ Բանաձևի մեջ նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին։
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներ (նաև վիզայի արգելք) մտցնելու հարցը։
Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարելու ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը և շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը։
Բանաձևի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են արել հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից։
«Ներկա պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է և կարող է ծառայել ընտրությունների օրինականացմանը, որոնք անցնում են լուրջ խախտումներով», ասվում է բանաձևում։
Այդ բանաձևը Եվրախորհրդարան ներկայացրել է Ազատական սոցիալիստական խմբակցությունը՝ ALDE group։ Վերջին պահին այն քննարկման է ներկայացրել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների անունից։