Նոր պահպանողականները «ռեժիմը փոխելու» իրենց գաղափարախոսությամբ Մերձավոր Արևելքում քաոս են տարածում, հիմա արդեն նույնն անում են Եվրոպայում, ընդ որում, նրանք առաջվա պես վերահսկում են ԱՄՆ տեղեկատվական դաշտը և լայն զանգվածների մոտ արմատավորում են «ռեժիմը փոխելու» անհրաժեշտության մասին գաղափարը։
Եվրոպայում օրեցօր սրվող գաղթականների առաջացրած քաոսն սկսվել է ամերիկացի նոր պահպանողականների անպարկեշտ ամբիցիաներից և նրանց օգնական-ազատականներից՝ զավթողականության կողմնակիցներից, ովքեր ծրագրում էին վերաձևել Մերձավոր Արևելքն ու աշխարհի այլ տարածքները՝ «ռեժիմը փոխելու» միջոցով։ Խոստացած «ժողովրդավարության առաջխաղացման» և «մարդու իրավունքների» փոխարեն նրանք ձեռք բերեցին ընդամենը մահ, կործանում և անկայունություն Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում, հիմա նաև Ուկրաինայում և Եվրոպայի սրտում։ Նրանց գաղափարախոսությունը դեռևս գերիշխող է լայն զանգվածների մոտ, ինչն էլ օգնում է, որ նրանք առաջնորդի դիրքեր գրավեն։
2014 թ․ սկզբին նոր պահպանողականներն ու ազատականները սաբոտաժի ենթարկեցին Ժնևում տեղի ունեցող Սիրիայի վերաբերյալ խաղաղ բանակցությունները՝ շրջափակելով և թույլ չտալով Իրանի մասնակցությունը, իսկ խաղաղ համաժողովը վերածելով միակողմանի խայտառակության, որի ընթացքում Washington Post-ի խմբագիրները դրդում էին Օբամային սկսել Սիրիայի ռմբակոծումը։ Ակնհայտ էր, որ հենց Օբաման սկսեր Ասադի ուժերի զանգվածային ռմբահարումը, ԻՊ-ն հնարավորություն էր ստանալու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը զավթելու։
Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նոր պահպանողականների համար կանաչ լույս էր վառել այն պահից, երբ ԱՄՆ կառավարության շարքերում տեղ տվեց այնպիսի «փայլուն» դեմքերի, ինչպիսիք են Էլիոթ Աբրամսը և Ռոբերտ Կագանը։ Սակայն Ռեյգանը հիմնականում նրանց թույլ չէր տալիս խառնվել այնպիսի լուրջ տարածաշրջանների հարցերին, ինչպիսիք են Մերձավոր Արևելքն ու Եվրոպան։ Նրանց բաժին էր հասնում բարդ իրավիճակներում գտնվող տարածաշրջանները, օրինակ՝ Կենտրոնական Ամերիկան, որը փորձելով ազատվել մյուսների ճնշումներից, բախվել էր սարսափելի գաղափարախոսությունների, որ սերմանում էին ցեղասպանություն ընդդեմ գյուղացիների, ուսանողների և աշխատավորների։ Դրա արդյունքում առաջացավ փախստականների մեծ հոսք, հատկապես Սալվադորից և Գվատեմալայից դեպի Մ․Նահանգների հյուսիս։ Նոր պահպանողականների «հաջողությունը» 1980-ականներին ճզմեց Կենտրոնական Ամերիկայի շատ երկրների՝ ճնշելով կոռումպացված ռեժիմներին և հանցագործ սինդիկատներին, պարբերաբար ավելացնելով այդպիսի հոսանքների թիվը։
Քաոսի իշխանությունը Մերձավոր Արևելքում
Նոր պահպանողականները, սակայն, չէին պատրաստվում քչով բավարարվել և սկսեցին ակտիվորեն Իրանին պարտադրել Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել, ընդ որում, այն ժամանակ Իսրայելը Իրանին դիտում էր որպես Իրաքի հակակշիռ։
1990-ականներին նոր պահպանողականները ստեղծեցին ԶԼՄ-երի և փորձագիտական-վերլուծական կենտրոնների ենթակառուցվածքներ, որոնց շռայլորեն ֆինանսավորում էին զինվորական կապալառուները և կառավարության հովանավորության տակ գտնվող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Ժողովրդավարության ազգային հիմնադրամն էր։
Նոր պահպանողականներին հաջողվեց պահպանել իրենց գործելաոճը 1990-91 թթ․ Պարսկական ծոցի պատերազմի ընթացքում։
1991 թ․ Խորհրդային Միության փլուզման լույսի ներքո այն ըմբռնումը, թե ԱՄՆ ռազմական գերազանցությունը հավասարը չունի, ծնեց «դիվանագիտությունը» ամերիկյան վերջնագրերը առաջ մղելու համար գործիքի վերածելու մասին տեսություններ։ Այդ ռազմավարությունը վերջնականապես ձևավորվեց 1996 թ․, երբ Ռիչարդ Պերլը և Դուգլաս Ֆեյթը կազմեցին «Խզում անցյալի հետ։ Թագավորության անվտանգության նկատմամբ նոր մոտեցում» վերնագրով ռազմավարական մի փաստաթուղթ (այդ երկու անձն էին Իսրայելում առաջ մղել Բենիամին Նաթանյահուի ընկերությունը)։ Իրաքը «ռեժիմի փոխման» ցանկում առաջինն էր, նրան հաջորդում էին Սիրիան և Իրանը։ 1998 թ․ Ռոբերտ Կագանի և Վիլյամ Քրիստոլի նոր պահպանողական գաղափարախոսության «Ամերիկյան նոր դարի նախագիծը» կոչ էր անում Մ․Նահանգներին ներխուժել Իրաք, ինչն էլ իրականացվեց միայն Ջորջ Բուշի նախագահության տարիներին։ Անսպասելիորեն նոր պահպանողականները դարձան գլխավոր հրամանատարական կազմ և որոշեց, որ անհրաժեշտ է Սադամ Հուսեյնին հեռացնել․ նույնիսկ ամերիկացիները շատ հեշտորեն հավատացին դրա անհրաժեշտությանը։
Մահ «ռեալիզմին»
2003 թ․ Իրաք ներխուժումը Վաշինգտոնում «ռեալիզմի» արտաքին քաղաքականության համար մահերթ էր։ Նոր պահպանողականները և նրանց համագործակից ազատական ճուռակները ամրապնդեցին իրենց վերահսկողությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա և հիմնական ԶԼՄ-երում, բոլոր հրատարակություններում և հրապարակումներում «ռեժիմի փոխման» գաղափարն իր դիրքերը պահում էր։
Այսպիսով, «ռեժիմը փոխելու» մշակույթը ոչ միայն կարողացավ վերապրել Իրաքի կործանումը, այլև սկսեց գերիշխել։ Արտաքին քաղաքականության բոլոր դժբախտություններին տրվում էր միայն մեկ պատասխան՝ ռեժիմը պետք է փոխվի, ինչն էլ ուղեկցվում էր գործող առաջնորդի հրեշացմամբ, «ժողովրդավարական ընդդիմությանը» աջակցելով և ռազմական միջամտության կոչերով։
2011 թ․, օրինակ՝պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ազգային անվտանգության խորհուրդը Օբամային համոզեցին սկսել «ռեժիմի փոխման» ծրագիրը Լիբիայում, որտեղ Մուամար Քադաֆին Լիբիայի արևելքում իսլամական ահաբեկչական խմբավորումների դեմ էր պայքարում։ Այդ գործողությունը փորձադաշտ դարձավ ԱՄՆ-ի, այսպես կոչված, «մարդասիրական ներխուժման» համար։
Լիբիայում «ռեժիմը փոխելուց» հետո նույնանման գործողություն իրականացվեց Սիրիայում 2011 թ․։ Սիրիայում հակամարտության լուծման յուրաքանչյուր առաջարկ, որն արվում էր Ասադին իր պաշտոնում թողնելու փոխհամաձայնությամբ, ով ի դեպ պաշտպանում էր սիրիացի քրիստոնյաներին, շիաներին և ալավիներին, մերժվում էր միայն մեկ լոզունգով՝ «Ասադը պետք է հեռանա»։
Հարձակում Պուտինի վրա
Մեկ այլ «չարագործ», որ ի հայտ եկավ 2013 թ․ սիրիական հակամարտության ընթացքում, Վլադիմիր Պուտինն է, ով բարկացրել էր նոր պահպանողականներին այն բանով, որ փորձում էր համագործակցել Օբամայի հետ՝ Սիրիայի քիմիական զենքի հանձնման և Իրանի հետ միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցություններում նրանց աջակցելու հարցերում։ Չնայած Իրաքում և Լիբիայոմ «ռեժիմը փոխելու» անհաջող փորձերին, նոր պահպանողականներն ուզում են նորից փորձել իրենց «հաջողության ռազմավարությունը» Սիրիայում և Իրանում։
Նրանք կարողացան «պատժել» Պուտինին, երբ 2014 թ․ փետրվարի 22-ին Ուկրաինայում հաջողությամբ «ռեժիմը փոխեցին» և հակառուսական ռեժիմ հաստատեցին Եվրոպայում։
Վայելելով Կիևում ձեռքբերած «հաղթանակը» և ամերիկյան ԶԼՄ-երով Պուտինին հրեշացնելով, նոր պահպանողականները մոտեցան միանգամայն կանխատեսելի հանգրվանի՝ քաղաքացիական պատերազմի, դաժան «հակահաբեկչական գործողության»՝ երկրի արևելյան հատվածում ապրող էթնիկ ռուսների դեմ, ովքեր ընդդիմանում էին Մ․Նահանգների հեղաշրջմանը։ Հազարավոր ուկրաինացիներ զոհվեցին և միլիոնավորները ստիպված հեռացան հայրենիքից, այսօր Ուկրաինայի ազգային տնտեսությունը գտնվում է անկման եզրին։ Այնուամենայնիվ, նոր պահպանողականները և ազատական ճուռակներն իրենց քարոզչության հմայքի միջոցով մեղքը կարողացան բարդել Պուտինի և ռուսական զավթողականության վրա։
Օբաման անակնկալ վրա հասավ Ուկրաինայում «ռեժիմի փոխմանը», նա շուտով միացավ Ռուսաստանը ևՊուտինին քննադատողներին։ Եվրամիությունը նույնպես աջակցեց ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս, հաշվի չառնելով այն մեծ վնասը, որ այդ միջոցառումները հասցնում էին եվրոպական տնտեսությանը։ Բացի այդ, Եվրոպայի կայունությանն այսօր սպառնում է Մերձավոր Արևելքից փախստականների մեծ հոսքը։
Քաոսի տասներկու տարի
Հիմա կարելի է քննարկել նոր պահպանողականների և ազատականների վերջին տասը տարվա ռազմավարության հետևանքները։ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում զոհերի քանակը գերազանցում է մեկ միլիոնը, բացի այդ, մի քանի միլիոն փախստականներով հեղեղված են մերձավորարևելան անկայուն երկրները։
Հարյուր հազարավոր փախստականներ ու գաղթականներ ուղևորվում են դեպի Եվրոպա, վտանգելով առանց այն էլ թույլ սոցիալական համակարգը։ Հեռվից դիտելով նոր պահպանողականների քաղաքականության հետևանքները, կարելի է զարմանալ, թե ինչքան լայնորեն են նրանք տարածել քաոսը ողջ երկրագնդում։ Ով կարող էր մտածել, որ նոր պահպանողականները կարող են անկայունացնել ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև Եվրոպան։
Այժմ մի կարևոր հարց է ծագում՝ երբևէ կդադարի նոր պահպանողականների/ազատականների ազդեցությունը Վաշինգտոնի վրա։ Պատասխանն է՝ ոչ, քանի դեռ The Washington Post-ը և դրա նման պարբերականներ կան։ Ճշմարտությունն այն է, որ The Washington Post-ը և նոր պահպանողականների հրապարակումները իշխում են ամերիկյան ԶԼՄ-երում, այնպես որ ավելի շատ ենք դեռ լսելու նոր պահպանողական քարոզչությունը, որն ստեղծված քաոսի համար մեղադրելու է ոչ թե իր վարած «ռեժիմի փոխման» քաղաքականությունը, այլ այդ քաղաքականությունն ավելի շատ երկրներում իրականացնելու անկարողությունը։
Միակ հույսն այն է, որ շատ ամերիկացիներ թույլ չեն տա իրենց մատների վրա խաղացնել և ռեալիզմը կրկին կվերականգնվի ԱՄՆ-ի միջազգային քաղաքականության մեջ, վերջապես ջանքեր կգործադրվեն հաշտեցման համար։ Սակայն իրականությունն այն է, որ զավթողական գաղափարները շատ խորը արմատներ ունեն Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ում, ԶԼՄ-երում, նույնիսկ շատ եվրոպական հիմնարկներում։ Դժվար է լինելու աշխարհը լուրջ վտանգներից ազատելու գործընթացը, այն վտանգներից, որ ստեղծել են նոր պահպանողականները։
Ռոբերտ Պեր, How Neocons Destabilized Europe-ի թղթակից
Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը