Ավստրալիան մասնակցելու է Դաեշի դեմ ուղղված հարվածներին

10 Սեպտեմբերի 2015

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հաստատել է, որ Ավստրալիան պատրաստ է լրացուցիչ 12.000 հազ․ ներգաղթյալ ընդունել, իսկ մինչ այդ 31 մլն դոլար պետք է վճարի՝ Լիբանանում, Թուրքիայում և Հորդանանում սիրիացի և իրաքցի 240 հազար փախստականներ ընդգրկող գաղթակայանները պահպանելու համար։

Էբոթը հայտարարել է նաև, որ բացի այդ որոշումներից իր ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները մասնակցելու են Սիրիայում Դաեշի դեմ իրականացվող օդային հարվածներին։ Նա ասել է, որ իր երկրի կառավարությունը դրականորեն է արձագանքել ռազմական գործողություններին մասնակցելու Մ․Նահանգների խնդրանքին։

Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Մինհատ ռազմաօդային կայանում տեղակայված է Ավստրալիայի 8 ռմբակոծիչ ինքնաթիռ և ռազմաօդային ուժերի ստորաբաժանում՝ 400 զինվորով։ Այդ ինքնաթիռները Դաեշի դիրքերի ուղղությամբ հարվածներ են իրականացնելու Իրաքում, միաժամանակ ավստրալիացի ևս 400 զինվորական մարզելու են Իրաքի բանակի զինվորներին։

Հիշեցնենք, որ Սիրիայում Դաեշի դեմ օդային հարվածներ են իրականացնում Մ․Նահանգները, հուլիսին նրան են միացել Մեծ Բրիտանիան, թեև խորհրդարանի ընդունած բանաձևը թույլ չէր տալիս, իսկ օգոստոսին նրանց է միացել նաև Թուրքիան։

Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան նույնպես նրանց պետք է միանա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ