Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և իշխանությունը կիսելու կառուցողական ընդդիմության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի նախաշեմին։ Նա կոչ է արել նաև հիմնել գաղափարակիցների միջազգային մի մարմին, որը ծայրահեղականության դեմ հանդես կգա։ Պուտինն ասել է, որ այդ նախաձեռնության մասին խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Պուտինն ասել է նաև, որ դեռ վաղ է խոսել ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի ռազմական մասնակցության մասին, սակայն Սիրիային Ռուսաստանը լուրջ աջակցություն կցուցաբերի և՛ տեխնիկապես, և՛ զինվորների վերապատրաստման հարցում, և՛ զինամթերքով։ Ավելացրել է նաև, որ Մոսկվան համագործակցելու է Սիրիայում իր դաշնակիցների հետ և համամիտ է, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է քաղաքական գործընթացներին զուգահեռ ընթանա։
Նշենք, որ Սպիտակ տունը նախապես հայտարարել էր, որ ուսումնասիրելու է այն լուրերը, որոնց համաձայն, Մոսկվան Սիրիա է ուղարկում իր զինվորներին ու ռազմական օդուժ։ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեսթն ասել է, որ Բաշար Ասադի կառավարությանը ցուցաբերվող յուրաքանչյուր ռազմական օգնություն կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում։