Եվրոպական երկրները, որոնք չեն սթափվում գաղթականների ահագնացող ալիքից, այս հարցի լուծման շուրջ տարբեր մոտեցումներ ունեն։
Վիեննայում մոտ 20.000 մարդ մասնակցել է ցույցերի՝ ընդդեմ ԵՄ ժամանող ներգաղթողների հետ վատ վերաբերմունքի։ Ցուցարարները բարձրացրել էին «Բարի գալուստ, փախստականներ» գրությամբ պաստառներ, երգում էին սիրո և համերաշխության մասին երգեր։
Ոստիկանությունը նախօրոք հայտնել էր, որ մոտ 1000 փախստական գնացքներով Բուդապեշտից ժամանել է Վիեննա։ Կայարանում նրանց դիմավորել են մի խումբ կամավորներ, որոնք սնունդ և խմիչք են բաժանել։
Իսլանդիայում 10.000 բնակիչ պատրաստակամություն է հայտնել իրենց բնակարաններում սիրիացի փախստականներ ընդունելու։
Երկրի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ պետությունը կացարան կարող է տրամադրել միայն 50 սիրիացի փախստականի։ Այս հայտարարությունից հետո քաղաքացիական աշխույժ շարժում է սկսվել, որի արդյունքում 24 ժամվա ընթացքում 10.000 իսլանդացի օգնության ձեռք է մեկնել ծանր վիճակում գտնվող սիրիացիներին։