Երկար տարիների բացակայությունից հետո Թուրքիայի խորհրդարանում երեք հայ պատգամավորների ընտրությունը որոշ հետաքրքրություն է առաջացրել տարբեր շրջանակներում։ Ոմանք ոգևորված են այս նոր զարգացումից, իսկ ոմանք էլ որոշ վերապահությամբ հետևում են հայազգի պատգամավորների գործունեությանը։ Առայժմ նախագահի ընտրությամբ զբաղված խորհրդարանի օրակարգում հարցադրումներ է արել պատգամավոր Սելինա Տողանը։ Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ և խորհրդարանի ներքին կանոնադրության 96-րդ և 99-րդ հոդվածները, նա վարչապետին է դիմել հետևյալ հարցումներով․
- Քոբանիում ձերբակալված Տաեշի մեկ զինված անձի մոտ Աքչաքալեի քաղաքապետարանի պատրաստած անձնագիր է հայտնաբերվել։ Այդ անձը Թուրքիա ե՞րբ է մուտք գործել և ե՞րբ է լքել երկիրը։
- Հաստատո՞ւմ եք, արդյոք «Էոզկյուր Կյունտեմ» թերթի պնդումներն այդ մասին։
- Սիրիացի ապստամբների ճամբարներում լրատվական ծառայություն իրականացվո՞ւմ է։
- Ահաբեկչության դեմ պայքարող խմբերում Տաեշի համար հատուկ միավորումներ կա՞ն։
- Թուրքիայի տարածքում Տաեշի դեմ որևէ գործողություն իրականացվե՞լ է։
- Տաեշի հետ կապ ունենալու համար մինչ օրս քանի՞ մարդ է հարցաքննվել։
- Նույն մեղադրանքով քանի՞ մարդու դեմ է դատական գործ հարուցվել։
- Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում Տաեշին մասնակցելու համար Սիրիայի սահմանն անցնելու փորձ կատարելու պահին բռնվածների մասին։ Մինչ օրս քանի՞ մարդ է ձերբակալվել։
- Սահմանն անցնելու պահին բռնվածները ո՞ր երկրների քաղաքացիներ են։ Ի՞նչ գործողություններ են կատարվում Տաեշի օտարահպատակ զինյալների նկատմամբ։
- 2001 թ․-ից ի վեր Թուրքիայից քանի՞ մարդ է Տաեշին մասնակցել։