ՀՄՄ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԹՀԹ-Ի ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

21 Մայիսի 2024

Ստացանք Ձեր խորհրդի 2024 թ. մայիսի 8-ի 188-2024-546 համարակիր  նամակը , որը  ամբողջությամբ տեղադրել եք առաջնորդարանի կայքէջում ու տպագրել «Ալիք» օրաթերթում՝ 12/05/ 2024 թ., որը և վերածվել է բաց նամակի: Այս բաց նամակով Դուք Ձեր «բողոքն ու դժգոհանքն» եք հայտնել, Ձեր բնութագրմամբ, «անսպասելի երևոյթի» կապակցությամբ, որ տեղի է ունեցել միությանս հարկի տակ և որը «զայրացրել» է խորհրդիդ անդամներին և այն համարել եք «անթոյլատրելի»: Ընդգծենք, որ այդ զարմանքը բխում է Ձեր մենատիրական ձգտումներից ու Ձեզ խամախճիկների պես խաղացնող ՀՅԴ-ի կառքին լծվելու հանգամանքներից: Սակայն ինչ է տեղի ունեցել «Րաֆֆի» համալիրի սրահում Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին նվիրված ձեռնարկի ընթացքում, որտեղ որպես թեմակալ առաջնորդի պատվիրակ մասնակցում էր Տեր Առաքել աբեղա Գատեճյանը: Թեմակալ առաջնորդին հարգելու, աբեղայի ներկայությունը գնահատելու նպատակով միությանս վարչությունը և միջոցառման կազմակերպող հանձնախումբը պատվով ու հարգանքով բեմ են հրավիրում և ամբիոն տրամադրում նրան օրվա կապակցությամբ արտահայտվելու: Ամբիոնը զբաղեցնելով «հարգարժան» աբեղան նախ քաջալերանքի խոսք ասաց հաջող ձեռնարկ կազմակերպելու համար, ապա հոխորտանքով ու բարձրագոչ ձևով սկսեց վարկաբեկիչ խոսքեր ուղղել Հայաստանի Հանրապետության ազգընտիր կառավարության ու վարչապետի հասցեին՝ ստանձնելով ՀՀԴ-ի խոսնակի դերը, կրկնելով նրաց տեսակետները: Աբեղայի ելութը զայրացրեց ավելի քան 500 հոգի մասնակիցներին  և արժանացավ նրանց բողոքին ու ցասումին։ Աբեղան, որպես հոգևորական, միասնականություն ու համերաշխություն քարոզելու փոխարեն, սերմանում է թշնամություն ու պառակտում:   Հայոց առաքելական եկեղեցուն ծառայող բոլոր հոգևորականները պարտավոր են ձգտեն ու քարոզեն ազգի միասնականությունը և, եթե երբևէ լինեն անախորժություններ ու վեճեր, նրանք պարտավոր են մարել կրակը՝ բարձր պահելով հոգևորականի դիրքն ու հարգանքը։ Սակայն մեր եկեղեցուն ծառայող հոգևորականներից ոմանք, առաջնորդվելով ՀՀԴ-ի քաղաքականությամբ, չեն կարողանում ստեղծել անգամ միասնական հայ առաքելական եկեղեցի: Դուք, որպես Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդ, անտեսելով թեմի կանոնադրությամբ Ձեզ վերապահված իրավունքները, ազդված ՀՀԴ-ի վարած քաղաքականությունից քննարկում եք Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, տալիս գնահատականներ, ներկայացնում լուծումներ և ըստ այդմ քայլեր ձեռնարկում, որոնք չեն ընդառաջվում համայնքի մեծամասնության կողմից: Դրա վառ ապացույցը, համբարձման տոնը չարաշահելով, Ձեր ձեռնարկած հակահայաստանյան հավաքն էր Սուրբ Սարգիս եկեղեցում, որը ունեցավ սակավաթիվ մասնակիցներ: Դուք մոռանում եք, որ Ձեր հիմնական առաքելությունը համայնքի հարցերով զբաղվելն է, հատկապես, որ համայնքը և՛ նյութապես և՛ մշակութապես գտնվում է ճգնաժամային պայմաններում: խորհուրդ կտայինք, որ թողնել Վերոհիշյալ քաղաքական հարցերով  զբաղվի Թեհրանի ՀՀԴ-ն, ու Ձեր ետևում չթաքնվի իր խոսքը ասելու համար: Ձեր խորհրդի, թեմակալ առաջնորդի և Առաքել աբեղայի քաղաքական հայացքները և կուսակցական պատկանելիությունը և դրանցից բխած համոզմունքներն ու դիրքորոշումները հարգելի են Ձեր շրջանակներում, և Դուք իրավասու չեք դրանք հրամցնեք այլոց: Մենք էլ ունենք մեր մոտեցումներն ու գնահատականները, տեսնում ենք և՛ դրական և՛ բացասական կողմերը, և դրանց մոտենում ենք տրամաբանորեն: Մեզ համար անընդունելի է Ձեր վարած քաղաքականությունը, որն համայնքում առաջացնում է հիասթափություն մեր հայրենիքի նկատմամբ: Ըստ Ձեր բաց նամակի՝ Դուք աբեղային իրավունք եք վերապահում հակառակ արտահայտվելու մեր մոտեցումներին ու համոզմունքներին համալիրի մեր բեմից և, մենաշնորհական Ձեր բնույթից ելնելով, արգելում եք, որ մենք մեր մոտեցումների մասին խոսենք ու չդատապարտենք  հնչած հակառակ պրոպագանդան՝ ում կողմից էլ , որ հնչած լինի: Ժողովուրդը վրդովվեց աբեղայի մոտեցումներից ու մեր կողմից արված պարզաբանումներից հետո հնչած անդադար ծափահարությունները ցույց տվեցին, որ մեր համայնքի անդամների մեծ մասը Ձեր կուսակցական և Լիբանանից եկած հոգևորականների տեսակետները չի ընդունում: Ձեր կուսակցության օրաթերթ «Ալիք»-ում, նշվել է, թե իբր  մենք դուրս ենք հրավիրել Հայր Սուրբին։ Սա Ձեր կողմից արված հերթական սուտն է ու զրպարտանքը։ «Ալիք» օրաթերթի լրագրողը, ՊԺ-ի դիվանի նախագահը և ուրիշ շատ ազգային մարմինների ներկայացուցիչներ ներկա և ականատեսն են եղել, որ Հայր Սուրբը ուրիշ միություն գնալու նպատակով է ցանկացել է  թողնլ սրահը։ Հետաքրքիր է, որ Ձեր նամակի վերջում սպառնացել եք մեր համալիրին, ասելով թե՝ «Նմանօրինակ անախորժ երևոյթները չենք հանդուրժելու և կրկնվելու դեպքում կդադարեցվի միութեանդ հետ համագործակցութիւնը»: Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, որ հիմա էլ ցանկանում եք հրաժարվել դրանից: Համայնքին տեղյակ պահելու և Ձեզ կրկին հիշեցնելու համար ստորև ներկայացնում ենք որոշ կետեր մեր համալիրի հետ Թեմական Խորհրդի համագործակցության և մոտեցումների մասին․ 1-Ավելի քան 5 տարի է Թեհրանի հոգևոր առաջնորդը բոլոր մեր հրավերները մերժել է ու չի այցելել «Րաֆֆի» համալիր։ 2-Դավադրաբար՝ մեր վարչության փոխնախագահի թեկնածությունը 17-րդ շրջանի Պատգամավորական Ժողովի ընտրություններում, առանց իրավացի պատճառների ու հակառակ կանոնադրությանը մերժվել է ԹԽ-ի և Սրբազան հոր կողմից։ Դուք անգամ մերժել եք  ընդունել վարչությանս պարզաբանումներ ներկայացնելու առաջարկը: 3-2024 թ․ Ապրիլ 24-ի միջոցառումներին Սրբազան հայրը  ուղերձ է հղել բոլոր միություններին  բացի «Րաֆֆի»միությունից: 4-Երբ «Րաֆֆի» համալիրի տարածքի ու միության գոյության հարցը օրհասական էր, դիմեցինք ազգային իշխանությանը և ԹԽ-ին ու խնդրեցինք օգնություն, սակայն ապարդյուն՝ ձայն բարբառո հանապատի: 5-Կորոնայի համաճարակի ընթացքում համալիրը գտնվում էր նյութական ծանր վիճակում: Դիմեցինք Թեմական Խորհրդին խնդրելով որոշակի գումար որպես պարտք տրամադրի մեզ, սակայն մերժվեց, մինչդեռ « քույր միություններին» աջակցություններ  տրամադրվում էր: Թեմական Խորհրդի հարգելի այն անդամներին, որ դրոշակակիրն են ՀՀԴ-ի քաղաքականության, հիշեցնում ենք, որ Դուք, Ձեր մենատիրական բնույթից ելնելով, վաղուց եք ցանկանում և աշխատում, որ բոլոր միություններին ու համայնքի անդամներին ենթարկել Ձեզ, որը համայնքում շատ տեսանելի է: Դուք գրել եք, որ քաղաքակիրթ մոտեցումը պահանջում է ազատ խոսքի իրավունք և հանդուրժողականություն, ուստի, եթե հավատարիմ եք Ձեր գրածներին, խստիվ պահանջում ենք, որ մեր այս նամակը ևս տեղադրել առաջնորդարանի կայքէջում և տպագրել «Ալիք»-ում:  Հարգանքներով՝ ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի վարչություն Նախագահ՝ ՎԻգեն Մանդանի Քարտուղար՝ Արմինե Մովսիսյան 16/05/2024

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ