Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանից Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին

27 Հուլիսի 2023

Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւի «ոչ բարեկամական» արտահայտություններին։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության՝ վերջինը պնդել է, թե իբր «Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում Հարավային Կովկասում եւ շահագրգռված է ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ արյունալի հակամարտության շարունակմամբ»։ Խորհրդարանականն անգամ իրեն թույլ է տվել մեր երկիրն անվանել «անհուսալի եւ արնատենչ» եւ պահանջել է դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից, գրել է EaDaily-ն։

«Հույս ունեմ, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կարեւոր կլիներ գնահատել դրանք նաեւ ադրբեջանական խորհրդարանում։

Հիշեցնեմ պատգամավորին, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հիմնականում Ռուսաստանի Դաշնության ջանքերով է հաջողվել կանգնեցնել մարտական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցություններրի սեղանի շուրջ եւ հասնել փոխզիջումների։

 

2020թ. աշնանը նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական միջնորդությամբ դադարեցվեց  արյունահեղությունը տարածաշրջանում։ Մոսկվայի մասնակցությամբ են մշակվել եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով, որոնք կազմում են հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը։

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայած ռուս խաղաղապահները խաղաղություն են բերել Ղարաբաղ, օգնում են լուծել առաջնահերթ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ նշեմ. 2020թ. նոյեմբերից զորակազմը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում մոտ 700 կիլոմետր ճանապարհ։ Մեր խաղաղապահները արցախահայերին եւ ադրբեջանցիներին խաղաղ օրակարգի շուրջ խոսելու շանս են տվել։ Ռուսական զորակազմը դուրս բերելու պահանջները գնահատում ենք որպես միանգամայն անպատասխանատու։

Իսկ ընդհանուր առմամբ Հ.Հասանղուլիեւի հայտարարությունը լիովին հակասում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2022թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ոգուն ու բովանդակությանը եւ չի համապատասխանում Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների բարձր մակարդակին, այդ թվում խորհրդարանական գծով։ Մենք Դաշնային խորհրդում պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունն ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են»,- ասել է Կարասինը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ