Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հավատում են, հույս ունեն, որ արցախահայությունը կարող է անվտանգ և պաշտպանված ապրել Ադրբեջանում: Ասել, որ դեսպանի այդ հավատն ու հույսը իրականությունից բավականին հեռու են, կնշանակի չասել ոչինչ: Չգիտե՞ դեսպան Քվինը այն քաղաքականության մասին, որ իրականացնում է Ադրբեջանը: Նա չի՞ լսել 44-օրյա պատերազմի, դրա ընթացքում քաղաքացիական անձանց հանդեպ կատարված վայրագությունների, ընդամենն օրեր առաջ Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ սադրանքի և չորս զոհերի մասին, չի՞ լսում Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի հայտարարությունները: Հազիվ թե նա լինի այդ ամենից անտեղյակ: Ուրեմն ո՞րն է հույսի կամ հավատի հիմքը, որ Արցախի հայությունը Ադրբեջանի կազմում կապրի պաշտպանված, անվտանգ: Հենց այս պահին Ադրբեջանը Արցախը ենթարկում է լիակատար շրջափակման, անջատել է գազը, էլեկտրաէներգիան: Այդպե՞ս է արցախցին լինելու պաշտպանված ու անվտանգ:
Հազար հայի տեռորի ենթարկող Ադրբեջանը
Պարզ չէ՞, որ Արցախ Ադրբեջանի կազմում հնարավոր չէ, դա նշանակում է հայաթափված Արցախ: Եվ, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայության հասցեին սպառնալիքներն ու շանտաժը՝ ամենաբարձր մակարդակով, ու շարունակում է Արցախը ենթարկել շրջափակման ու ագրեսիայի, պարզապես անթույլատրելի է հայտարարել Ադրբեջանի կազմում արցախահայության պաշտպանված և անվտանգ լինելու հեռանկարին հավատալու մասին, որովհետև դա գործնականում դառնում է խրախուսանք Ադրբեջանի քաղաքականությանը: Ստացվում է, որ՝ ոչ թե Բաքուն է պատասխանատու իր այդ քաղաքականության համար, այլ արցախցիներն են մեղավոր, որ չեն հավատում և վստահում Բաքվի հավաստիացումներին, ու այդ պատճառով էլ Ադրբեջանը դիմում է ագրեսիվ քաղաքականության:
Ինչ խոսք, դիվանագետը այդպես չի ասում, բայց, ներկայիս իրականության պայմաններում Ադրբեջանի կազմում Արցախի հայության պաշտպանվածության մասին հույս և հավատ արտահայտելը այլ բան չէ, քան հենց այն, ինչ նկարագրեցի: 120 հազար մարդ ենթարկվում է հոգեբանական, ռազմական, տնտեսական, քաղաքական ահաբեկության ու շանտաժի, ընդ որում բացահայտ, անթաքույց շանտաժի, արդեն ավելի քան կես տարի: Եթե Ադրբեջանի հանդեպ չկա հստակ ու հասցեական դատապարտում և պատժամիջոցների սպառնալիք, ապա գոնե պետք չէ, որ լինի տողատակային խրախուսանք, անկախ՝ կամա, թե ակամա խրախուսանքի մասին է խոսքը: